HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի ուսումնարանը կարիք ունի հիմնանորոգման եւ նոր մոտեցումների

Արմինե Ղուկասյան

Սեւանի արհեստագործական պետական ուսումնարանը 46-ամյա կենսագրություն ունի: Իր գործունեության կես դարին մոտեցող ուսումնական հաստատությունը տարիների ընթացքում ունեցել է եւ անվան, եւ բովանդակային փոփոխություններ, սակայն շնորհիվ որդեգրած քաղաքականության եւ մանկավարժական տարբեր տարիների կոլեկտիվների աշխատանքի, կարողացել է պահպանել լավագույն ավանդույթներն ու ձեռքբերածը:

Արհեստների ուսուցման այս դարբնոց ոտք դնողներին դիմավորում է հիմնանորոգման կարիք ունեցող շենքի նախասրահի, միջանցքների, կաբինետների կոկիկությունը, մաքրությունը, ակնհայտ է խնամատար ձեռքի առկայությունը:

Ուսումնարանի տնօրեն Գեղամ Խաչատրյանի հետ շրջում ենք միջանցքներում, եւ նա ներկայացնում է. «Ներկայումս ուսումնարանում գործում է 5 բաժին` տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում, էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, մեքենաների եւ մեխանիզմների էլեկտրասարքավորումներ տեխնիկական շահագործում, սարքավորումների տեխնիկական շահագործում (փականագործ-գործիքագործ): Ի դեպ, վերջին 2 մասնագիտությունների գծով 2013-2014 ուստարում դիմորդ չի եղել: Ուսումնական այս հաստատությունը նախատեսված է 250-300 սովորողի համար: Այժմ սովորողների թիվը 121 է, որն ինքնին խոսում է թերբեռնվածության մասին: Մեզ մոտ գալիս են սովորելու հիմնական եւ միջնակարգ դպրոցների շրջանավարտները: Մանավանդ վերջին տարիներին պատանիներն ունեն ուսումը շարունակելու մեծ հնարավորություն, սակայն պիտանի եւ պահանջված արհեստ ստանալու այս հնարավորությունը պետք չի ձեռքից բաց թողնել»:

Տնօրենն ասում է, որ մասնագիտություն ձեռք բերելուն զուգահեռ հիմնական դպրոցի շրջանավարտներն ստանում են նաեւ եռամյա կրթություն, միջնակարգ դպրոցից եկածները` մեկամյա մասնագիտական որակավորում: Բոլոր սովորողներին տրվում է 4650 դրամ կրթաթոշակ: Վերջինիս ասելով՝ այն, որ այստեղ պետք է գան սովորելու միայն նրանք, որոնք ուսման հետ սեր չունեն, արդարացված չէ: Միշտ էլ եղել են եւ այժմ էլ ունեն միջինից բարձր առաջադիմություն ցուցաբերողներ, որոնց շնորհիվ է նաեւ, որ ուսումնարանի նկատմամբ կարծրացած վերաբերմունքը փորձում են փոխել:

Գեղարքունիքի մարզում գործող ուսումնարանների թվում Սեւանի ուսումնարանն իր ուղղվածությամբ միակն է եւ պատրաստում է այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը կա գործող կազմակերպություններում, ընկերություններում եւ մեր կենցաղում: Տնօրենը համոզված է, որ ուսումնարանի սաներն անգործ չեն մնա, քանի որ նման մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է: Սակայն, ի հակակշիռ սրան, դեռահասներին եւ նրանց ծնողներին հաճախ դժվար է լինում համոզել, որ պետք չէ զուր ժամանակ վատնել մանավանդ այն դեպքում, երբ երեխաները մասնագիտական ընտրության հարցում որեւէ կողմնորոշում չունեն, բուհ չեն դիմելու:

«Ուսումնարանի հանդեպ եղած կարծրատիպերը կոտրելու լուրջ խնդիր ունենք: Շատերի մոտ այն մտայնությունը կա, որ սա «ֆեզե» է, այստեղ ի՞նչ պետք է սովորեն: Հենց սա էլ խանգարում է ուսումնարանի դերը ճիշտ գնահատելուն: Մինչեռ չմոռանանք, որ ուսումնարաններն աշխատաշուկա մասնագիտական որակավորմամբ կադրեր թողարկելու առաքելություն ունեն, ինչի կարիքն այսօր այդքան զգացվում է, ինչի մասին արդեն մի քանի տարի շարունակ բարձրաձայնում են նաեւ կառավարական մակարդակով` տարբեր ծրագրերի ներդրման տեսքով»,- ասում է Խաչատրյանը:

Հաստատության նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորման ճանապարհին արդեն իսկ արվում են որոշակի քայլեր: Տնօրենի համոզմամբ՝ ուսումնարանը պետք է ներկայանա ոչ միայն տղա սովորողների դեմքով. միջավայրի, ընդհանուր մթնոլորտի եւ հոգեբանության վրա դրական ազդեցություն կունենա աղջիկների առկայությունը: Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները եւ առկա զարգացումները, տնօրենն արդեն դիմել է ԿԳ նախարարություն` խոհարարական բաժին բացելու համար, եւ այժմ սպասում են հավաստագիր ստանալուն:

Այս գործընթացին, եթե դեռեւս սպասում են, ապա էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում բաժնում արդեն 3 տարի իրականացվում է ծրագիր, որի նպատակն է վերականգնվող էներգիաների մասով տեխնիկական կենտրոնի հիմնումը` համապատասխան սարքավորումների եւ գործիքների վերազինմամբ, գործնական կիրառությունների ապահովմամբ:

Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Ռհոն-Ալպ շրջանային խորհրդի կողմից եւ ընթանում է մի քանի փուլով: Ծրագրի 1-ին փուլը մեկնարկել է դեռեւս 2011թ. ուսումնարանի եւ քոլեջի 5 դասատուներ տեսական եւ գործնական մանկավարժական աջակցություն են ստացել Սեն-Մարտեն-Դ'էր քաղաքի լիցեյում, ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ վերականգնվող էներգիայի ոլորտում: Վերապատրաստում անցած դասավանդողներն ուսումնարանում արդեն տեղադրել են ֆրանսիացի հովանավորների տրամադրած սարքավորումները, զուգահեռաբար սկսվել է անհրաժեշտ հմտությունների փոխանցումը սովորողներին, նրանք մասնագիտական գիտելիքներին զուգահեռ սովորում են նաեւ ֆրանսերեն լեզուն:

Ուսումնարանի տնօրեն Խաչատրյանի փոխանցմամբ` բավականին աշխատանք է իրականացվել այս ուղղությամբ, մասնավորապես` 2013թ· ամռանը հիմնվել է միկրոէլեկտրակայան` արեւային վահանակներով եւ էլեկտրատեխնիկական լաբորատորիա: Անցած տարվա նոյեմբերին ֆրանսիացի մասնագետների այցի ընթացքում ավարտվել է կենտրոնի վերազինումը, թեստերի եւ փորձարկումների իրականացումը, անցկացվել է նաեւ դասախոսական կազմի վերապատրաստում:

Ուսուցման գործընթացը ներառում է մի քանի բաղադրիչ. այն պետք է բաց եւ մատչելի լինի այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են նոր ուսուցում անցնել, վերապատրաստողներն ու սովորողները պետք է ֆրանսերեն լեզվի տարրական գիտելիքներ ձեռք բերեն: Այս հեռանկարային ծրագիրը տնտեսական զարգացման տեսանկյունից ունի մի շարք առավելություններ, այն է` զարգացնել արհեստագործական պոտենցիալը նոր էներգիաների շուրջ, որոնք դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա: Ուսումնարանի համար սա առաջընթացի, նոր մոտեցումների որդեգրման, ժամանակակից տեխնոլոգիաներին մոտենալու եւս մեկ քայլ է:

«Անցած տարիների ընթացքում իրականացված աշխատանքները թույլ են տալիս խոսել առաջիկա ծրագրերի մասին, իսկ որ ամենակարեւորն է` մեր ուսումնարանի աշակերտները մասնագիտանում են, ձեռք են բերում ոլորտային նոր գիտելիքներ, նաեւ լեզվական: Այս գիտելիքները կիրառվելու են գործնականում: Միկրոէլեկտրակայանի միջոցով Սեւանում կստեղծվի քաղաքային ազզդանշանային համակարգ, ինչպես նաեւ ուսումնարանի հարակից Ռուսական փողոցում կշահագործվի փողոցային լուսավորության ցանցը:  Արեւային էներգիայի կիրառմամբ նախատեսված են մի շարք պիլոտային ծրագրեր»,- ասում է Խաչատրյանը:

Ուսուցման ողջ գործընթացն ուղղորդում է Լիոնի Մարտինիեր-Մոմպլեզիղ լիցեյի տեխնոլոգիաների մասնագետը, որը վերջերս կրկին Սեւանում էր եւ անցկացրեց վերապատրաստողների վերապատրաստում ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է գործընկերների շնորհիվ, արդեն կնքվել է պայմանագիր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ, որը թույլ է տալիս ուսուցման ողջ գործընթացը դարձնել առավել դինամիկ: Ծրագիրն իր ամբողջության մեջ երկբեւեռային տեխնիկայի կենտրոնի հիմնում է նախատեսում, այն է` արհեստագործական ուսումնարանում կիրականացվի տեխնիկական ուսուցում, պետական քոլեջում` հեռավար ուսուցում եւ ինֆորմատիզացիա:

Շփումների եւ մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ ուսումնարանում փորձում են աշխատել ժամանակակից պահանջներին համապատասխան: Վարպետների եւ դասատուների առումով, եթե խնդիրներ չկան, համալրումն ամբողջական է, աշխատում են փորձառու եւ կայացած մասնագետներ, ապա նույնը չես ասի տեխնիկական հնարավորությունների, նյութատեխնիկական բազայի վերաբերյալ: Ուսուցանվող մասնագիտությունների ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է գործնական պարապմունքներով: Պարապմունքների անցկացման համար էլ անհրաժեշտ մեխանիզմները հին են, ժամանակակից չափորոշիչներին չեն համապատասխանում:

Տնօրեն Խաչատրյանը նշում է այն հարցրեը, որոնք օրախնդիր են, որոնց լուծման ուղղությամբ փորձում են քայլեր ձեռնարկել: «1968թ· հիմնադրված ուսումնարանն ունի տիպային մասնաշենք, սակայն այն հիմնանորոգման կարիք ունի: 2005թ· իրականացվել է տանիքի եւ ճաշարանի վերանորոգում, 2007թ· շենքը գազաֆիկացվել է: Եվ շենքը, եւ շենքին կից օժանդակ կառույցները, ենթակառուցվածքները այլեւս չեն համապատասխան ներկա պահանջներին: Շենքի հիմնանորոգման համար դիմել ենք նախարարություն, սպասում ենք դրական պատասխանի: Միաժամանակ նյութատեխնիկական բազան թարմացնելու խնդիր ունենք: Եթե ուզում ենք գրանցել հաջողություններ, ուսումնարանում սովորելը դարձնել առավել գրավիչ, սա անհրաժեշտություն է»,- ասում է տնօրենը:

Ուսումնարանում եղածը խնամքով պահպանելու, թարմացնելուն զուգահեռ մշակում են նաեւ զարգացման ծրագրեր: Որքան էլ այդ ծրագրերը լինեն կենսունակ, շատ կարեւոր է, որպեսզի սովորողները կարողանան ուսումնառության տարիները դարձնել նպատակային, եւ նոր սովորողների համալրումը լինի շարունակական:

«Ուսումնարան գալիս են սովորելու ոչ միայն Սեւան քաղաքից, այլեւ ողջ տարածաշրջանից: Մեզ համար լուրջ խնդիր է համալրման գործընթացը: Այս ուղղությամբ իրականացվում են մի շարք աշխատանքներ. հենց իրենց՝ սովորողների միջոցով էլ ապահովվում է տեղեկատվությունը, իրականացնում ենք այցեր դպրոցներ, բարձր դասարանում սովորողների համար ճանաչողական շրջայցեր ենք կազմակերպում ուսումնարանում, հանդիպումներ ծնողների հետ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կկարողանանք եւ ուսումնարանի, եւ մեզ մոտ ուսուցանվող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել, ինչպես նաեւ այդ մասնագիտությունների` աշխատաշուկայում ունեցած պահանջարկը կնպաստի սովորողների թվի աճին: Այս մասնագիտություններով աշխատանք գտնելու  հնարավորությունները գնալով մեծանում են հատկապես մասնավոր սեկտորում, եւ լավ որակավորում ունեցող մասնագետն անպայման աշխատանք կգտնի»,- ավելացնում է ուսումնարանի տնօրեն Գեղամ Խաչատրյանը:

 

 

Մեկնաբանություններ (1)

Ալինա Բաբայան
Բարև Ձեզ հարգելի Պարոն Խաչատրյան։Հուսով եմ լավ եք։ Ձեր սան Էրիկ Այվազյանի մայն է գրում Ձեզ։ Պարոն Խաչատրյան ես Ձեզանից խնդրանք ունեմ, ինձ( եմանլով) ուղարկեք Էրիկ Այվազյանը որ թվականից ,որ թվականն է ընդունվելը Ձեր ուսումնարան և ուսում կիսատ թողել ինչ ,ինչ պատճառներով։ Դա շատ կարևոր է Ձեր սանի պայծառ ապագայի համար,Մենք ուրախ կլինենք որպիսի դուք մեզ օգնեք։ Իմ և Էրիկի կոմից մեր հեռավոր ջերմ ողջույնները ամբողջ անձնակազմին ,եղեք առողջ։ Հարգանքներով տիկին Ալինա Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter