
Գյուղը թողած` գյուղապետը ներկայացուցչություն է ապահովում դատարանում
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Վանաձորի մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) վերաբերյալ երեք քաղաքացիական գործ է քննվում, որոնցից երկուսը` «ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի» եւ «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ-ի 17 աշխատակիցների», պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով է, իսկ երրորդը` «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ»` աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու հայցով:
Նշված հայցերից երկուսով` «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ» եւ «ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի», դատարանում ինստիտուտի շահերը ներկայացնում է Լեռնապատի համայնքապետ Վանո Եղիազարյանը: Առաջին գործով նա երեք ներկայացուցիչների թվում ինստիտուտի շահերն է պաշտպանում (մյուս երկու ներկայացուցիչներն են բուհի պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը եւ իրավախորհրդատու Լեւոն Գոգինյանը), իսկ մյուս գործով` «ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի», համայնքապետը հանդես է գալիս ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ:
Գյուղապետի մասնակցությամբ նշված գործերով մեկական նիստ է կայացել սեպտեմբերի 15-ին եւ հոկտեմբերի 3-ին` սկսած ժամը 15.30-ից:
«Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի» գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին: Այդ օրը նույնպես ռեկտորին Լեռնապատի համայնքապետն է ներկայացնելու դատարանում: Այս կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից` նրանից հարցազրույց խնդրելով Վանո Եղիազարյանի` որպես համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ: Մարզպետը խորհուրդ տվեց գրավոր ներկայացնել հարցերը: Մարզպետին ուղված գրավոր հարցերով փորձել ենք պարզել, թե օրենքով սահմանվա՞ծ է համայնքի ղեկավարի աշխատաժամանակը եւ աշխատանքային օրվա տեւողությունը, եւ համայնքի ղեկավարը լիազորություն ունի՞ աշխատանքային ժամին համայնքապետարանից բացակայելով` ներկայացուցչություն ապահովել դատարանում, այն էլ ոչ թե իր գործով, այլ որպես երրորդի անձի ներկայացուցիչ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը հստակ պատասխանել է առաջին հարցին՝ նշելով. «Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության 24.11.2005 թվականի «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը եւ ավարտը սահմանելու մասին» թիվ 2138-Ն որոշման, ինչպես նաեւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների ղեկավարների կողմից հաստատված աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի համապատասխան, համայնքների ղեկավարների աշխատակազմերում սահմանվել է 5-օրյա աշխատանքային շաբաթ` օրական 8 աշխատանքային ժամ տեւողությամբ, աշխատաժամանակի սկիզբը` ժամը 9.00-ը, ավարտը` 18.00-ը, ընդմիջման ժամը` 13.00-ից 14.00-ը»:
Մեր մյուս հարցին` կապված համայնքի ղեկավարի՝ դատարանում ներկայացուցչություն ապահովելու լիազորության հետ, մարզպետ Ա. Նալբանդյանը պատասխանել է. «Եթե Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանը բացակայել է համայնքից եւ որպես այլ անձի ներկայացուցիչ հանդես է եկել` կատարելով վճարովի աշխատանք, ապա նա խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը, ըստ որի` համայնքի ղեկավարը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական եւ մանկավարժական աշխատանքից: Իսկ եթե Վ. Եղիազարյանը բացակայել է համայնքից եւ դատարանում այլ անձի ներկայացուցիչ է հանդես եկել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու եւ լիազորությունները իրականացնելու, ինչպես նաեւ իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտությունից ելնելով, ապա նա գործող օրենսդրության խախտում թույլ չի տվել»:
Եթե մարզպետին հասցեագրված գրության մեջ նրան անհասկանալի է «ոչ իր գործով, այլ որպես երրորդ անձի ներկայացուցիչ» արտահայտությունը, ապա ոչ այնքան հասկանալի է նաեւ նրա գրավոր պատասխանի հետեւյալ հատվածը` «եթե դատարանում այլ անձի ներկայացուցիչ է հանդես եկել իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտությունից ելնելով... »:
Անհասկանալի հատվածները հստակեցնելու եւ բարձրացված հարցին կոնկրետ պատասխան ստանալու նպատակով «Հետքը» պատրաստել է մարզպետին ուղղված հաջորդ գրությունը` հետեւյալ հարցադրմամբ. «Սեպտեմբերի 15-ին եւ հոկտեմբերի 3-ին օրենքով սահմանված աշխատանքային ժամերին Լեռնապատի համայնքապետ Վանո Եղիազարյանը գտնվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` ներկայացուցչություն ապահովելով մի դեպքում` ՎՊՄԻ-ի ռեկտորի, մյուս դեպքում` ինստիտուտի անունից: Համայնքի ղեկավարն իրավունք ունի՞ աշխատանքային ժամին նման գործառույթով հանդես գալու դատարանում, եթե նույնիսկ նա այդ պարտավորությունը ստանձնել է ոչ վճարովի հիմունքով»:
Աշխատանքային ժամին դատարանում համայնքապետի կողմից այլ անձի շահեր ներկայացնելը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը օրենքի խախտում է համարում: «Հասկանալի կլիներ, եթե ներկայացուցչություն ապահովեր իր բնակիչների համար. դա բխում է համայնքի շահերից: Ինչ վերաբերում է նրան, որ Լեռնապատի համայնքապետը դատարանում զբաղվի Վանաձոր քաղաքի բնակչի շահերով, դա աբսուրդ է»,- ընդգծում է իրավաբանը: Նրա խոսքով` համայնքի ղեկավարը պետք է կատարի օրենքով սահմանված իր լիազորությունները: Իսկ ՏԻՄ օրենքում չկա այնպիսի կետ, որով համայնքի ղեկավարը լիազորված է դատարանում ներկայացնելու ինչ-որ անձի շահ:
«Դա ներկայացուցչություն է, որը Հայաստանում իրականացնում են փաստաբանները՝ վճարի դիմաց: Համայնքի ղեկավարը իրավունք ունի՞ զբաղվելու այնպիսի գործունեությամբ, որը վճարովի չէ: Չեմ կարող ասել` նրա մատուցած ծառայությունը վճարովի՞ է, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում, դա փաստաբանական գործունեություն է, համայնքի ղեկավարի գործունեություն չէ»,- ասում է Ա. Զալյանը:
Վերջինս նկատում է նաեւ, որ համայնքապետը, լինելով ընտրովի պաշտոն, կոչված է ներկայացնելու համայնքի շահերը եւ զբաղվելու համայնքի խնդիրներով: Գյուղապետը դրա համար աշխատավարձ է ստանում, որը գոյանում է համայնքի բնակիչների վճարած հարկերից: Եվ բնակիչը, նրա ասելով, հարկ է տալիս ոչ թե նրա համար, որ համայնքի ղեկավարը դատական գործընթացներում այլ անձանց շահերը ներկայացնի, այլ գյուղի խնդիրներով զբաղվի:
«Գյուղապետը գալիս է դատարան ինչ-որ անձի շահերը ներկայացնելու, իսկ համայնքի բնակիչը գնում է համայնքապետարան, տեսնում է այնտեղ նստած հաշվապահին, ով բնակչի հարցերի պատասխանը չի կարող տալ»,- ասում է իրավաբանը եւ բերում իր օրինակը: Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-16.00-ի սահմաններում, երբ Լեռնապատի համայնքապետը «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ» գործով դատական նիստի է եղել Վանաձորի դատարանում, իրավաբանը Լեռնապատ է գնացել` տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումն անձամբ համայնքապետարան հանձնելու նպատակով: Այդ օրը նշված ժամին համայնքապետը, բնականաբար, տեղում չի եղել: Աշխատանքային ժամին փակ է եղել նաեւ համայնքապետարանի քարտուղարության բաժինը: Ընդունարանում նույնպես մարդ չի եղել: Ամբողջ շենքում իրավաբանը 2-3 մարդու է հանդիպել: Նրա գրավոր դիմումը նշված ամսաթվով մուտքագրել է համայնքապետարանի հաշվապահը, ով հայտնել է, թե համայնքապետը դատարանում է, բայց դժվարացել է ասել, թե ինչ գործով:
«Լեռնապատի համայնքապետը վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ մոտ 15 դատական գործ ունի առաջին եւ վերաքննիչ ատյաններում` իր համայնքի բնակիչների, լրագրողների, իրավապաշտպանի դեմ: Ամեն գործով ամսական 1-2 դատական նիստի է մասնակցում: Երբ համայնքի ղեկավարը դատարանում է գտնվում, ո՞վ է զբաղվում բնակիչների շահերով: Բնակիչը ի՞նչ կարգով է տեղեկանք ստանում համայնքապետարանից. սպասում է մինչեւ համայնքապետը վերադառնա՞ դատական նիստից, թե՞ գիշերներն է աշխատում»,- համայնքի ղեկավարի պարտականություններից է խոսում Ա. Զալյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել