
Արցախյան հակամարտության կարգավորման համար միջոցառումներ Բեռլինում
Արցախի խորհրդարանի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը աշխատանքային այցով մարտի 31-ից գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նրան ուղեկցում է Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Ապրիլի 1-ին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում բացվել է «Իմ Արցախ» խորագրով արցախցի 12 նկարիչների 33 աշխատանքների ցուցահանդեսը, որը համակարգել է նկարիչ Արչի Գալենցը: «Իմ Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսը Բեռլինում կմնա մինչև մայիսի 11-ը: Ցուցարդության բացումից հետո հանդիսատեսը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման մեջ» թեմայով քննարկմանը: Ելույթով հանդես է եկել Ա. Ղուլյանը` ներկայացնելով այսօրվա Արցախը, հակամարտության ներկա փուլը, նաև ներկայացրել բնակչության սպասելիքները, երկյուղը և երկրի հեռանկարները:
Արցախյան հակամարտության կարգավորման, նրա վտանգների, Եվրամիության և միջազգային հանրության անելիքների մասին իրենց ելույթներով հանդես են եկել նաև Համբուրգի համալսարանի պրոֆեսոր պարոն Օտտո Լուխտերհանդտը, Բեռլինի «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ, դոկտոր Ուվե Հալբախը և Բունդեստագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզեն:
Այցի շրջանակներում պատվիրակությունը ապրիլի 2-ին Բեռլինի Պաուլ-Գերհարդի անվան Ավետարանչական եկեղեցու սրահում կհանդիպի բեռլինաբնակ հայերի հետ: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը և Գերմանիայում Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Նրանք պատրաստվում են քննարկել Հայաստան-Արցախ-սփյուռք թեմայի վերաբերյալ գերմանահայերին հուզուղ խնդիրները և ներկայացնելու նորություններ Արցախից: Ելույթներով հանդես կգան ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը, Բեռլինի հայկական համայնքների ատենապետները: Երեկոն երգով և ասմունքով կամփոփեն Բեռլինի հայկական դպրոցի աշակերտները:
Մեկնաբանել