Արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը
Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ: Այս մասին այսօր հայտարարել է կառավարությունը` նշելով, որ դա պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել նախկին որոշումներից մեկում, խստացնել հսկողությունը, ինչն էլ «կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը»:
Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը: Որոշմամբ` նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Հաստատված կարգի համաձայն` տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների:
Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:
Այս համատեքստում գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում:Կառավարությունը տեղեկացնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել