
Քեսաբի հարցում Ռուսաստանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է դարձել
Թուրքիայից ներթափանցած ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի հայկական Քեսաբի գրավմանը և հայերի մասաայական տեղահանմանն անդրադարձան է թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն և թե Ռուսաստանը:
Սակայն որքան էլ ողբերգական են զարգացումները Քեսաբի շուրջ, դրանք ոչ մի կերպ միջազգային քաղաքական օրակարգի մաս չեն դառնում: Վաշինգտոնը, որն իրեն հռչակել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջահակիր, Քեսաբում ահաբեկիչների գործողությունների կապակցությամբ մտահոգություն արտահայտելուց զատ ոչինչ չի արել և ակնհայտորեն չի էլ պատրաստվում անել: Ցանկացած միջոց, որն ուղղված է Բաշար Ալ Ասադի ռեժիմի դեմ, ընդունելի է Արևմուտքի համար:
Նրանց ֆոնին տարօրինակ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանը: Պետական հեռուստաընկերության РТР-ի «Վեստի» լրատվական թողարկումը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հատուկ ռեպորտաժ է պատրաստել հայկական գյուղաքաղաքում ծավալված իրադարձությունների վերաբերյալ` զուգահեռներ անցկացնելով 20-րդ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված Ցեղասպանության հետ, մանրամասնորեն ներկայացնելով Քեսաբի հայության` ստիպողաբար մի քանի անգամ տեղահանության ենթարկվելու պատմությունը: Ռուսաստանի արտգործնախարարությունը երկու անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որոնցից առաջինով դատապարտել է ահաբեկիչների գործողությունները, երկրորդով բարձրացրել Քեսաբի խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկելու անհրաժեշտության հարցը:
Տպավորություն է, թե Ռուսաստանը ոչ միայն անկեղծորեն մտահոգված է Քեսաբի շուրջ ստեղծված իրադրությամբ, այլև կոնկրետ քայլեր է ձեռնարկում խնդիրը միջազգայնացնելու ուղղությամբ:
Սակայն եթե Մոսկվան իսկապես այդքան ցավում է հայերի ողբերգության համար և տեսնում է միջազգային ահաբեկչության խնդիր, ինչի մասին խոսվում է ԱԳՆ հայտարարության տեքստում, ինչո՞ւ ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը քննարկելու անհրաժեշտության մասին հայտարարություն անելու փոխարեն ուղղակի չի նախաձեռնում այդ քննարկումը` լինելով նույն Անվտանգության Խորհրդի անդամ և ունենալով նման նախաձեռնություն իրականացնելու իրավունք: Երկրորդ` ռուսական պետական հեռուստաալիքը Քեսաբի մասին ռեպորտաժում օգտագործում է ահաբեկիչների կողմից ինչ-որ մարդկանց գնդակահարելու սահմռկեցուցիչ կադրեր` դրանք ներկայացնելով այնպես, իբր կատարվել են Քեսաբում:
Վերջին ռեպորտաժում արդեն խոսվում էր այն մասին, թե իբր վերջին օրերին Քեսաբում ահաբեկիչների կողմից մոտ 80 հայ է սպանվել: Պարզ է, որ այս մանիպուլյատիվ ապատեղեկատվությունը չէր կարող պատահականություն լինել: Նույն սուտ երկու անգամ կրկնելը ոչ թե պատահականություն է, այլ հստակ օրինաչափություն: Ռուսական հեռուստաընկերության կողմից արհեստականորեն գույները խտացնելու, փաստերը նենգափոխելու իրողությունը մատնում է նման ուշադրության բացահայտ քարոզչական նպատակներ հետապնդելու հանգամանքը:
Կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն նման քարոզչական մեթոդներ կիրառելն ինքնին խոսում է այն մասին, որ իրականում Ռուսաստանը ցանկանում է սրել խնդիրը` ոչ թե ելնելով մարդու իրավունքների, համամարդկային արժեքների պաշտպանության, և հումանիզմի սկզբունքներից, այլ ունենալով քեսաբյան կրակից բացառապես իր համար դիվանագիտական շագանակներ հանելու կոնկրետ նպատակներ:
- Ահաբեկել աշխարհասփյուռ հայերին և հատկապես իրադարձությունների ընթացքին գերլարված սպասող Հայաստանի բնակչությանը նրանով, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի հովանավորությունը: Այստեղ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի` միջազգային ահաբեկչության թիրախ դառնալու հնարավորության մասին, այլ Թուրքիայի հայատյաց քաղաքականության հնարավոր հետևանքների: Ռուսաստանը զուգահեռաբար փորձում է ցույց տալ, որ երբեք ճակատագրի քմահաճույքին չի թողնում իր դաշնակիցներին, բարեկամներին և պատրաստ է, օգտագործելով միջազգային արենայում իր կշիռը և իրավական լծակները, անվտանգության հավելյալ երաշխիքներ ապահովել նրանց համար:
Բայց Մոսկվայի հիմնական նպատակները, իհարկե, այսքան նեղ չեն կարող լինել:
- Ռուսաստանը ձգտում է նաև թուլացնել միջազգային էսկալացիան ուկրաինական ճգնաժամում` օգտագործելով դիվանագիտական երկրորդ ճակատ բացելու տակտիկան: Տրամաբանությունը շատ պարզ է. եթե Արևմուտքը ուկրաինական օրակարգի մասով Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձում է խաղարկել միջազգային իրավունքի տառը պահպանելու սկզբունքը, ապա Ռուսաստանը կարող է հիշեցնել միջազգային տեռորիզմի դեմ պայքարում ստանձնած համատեղ պարտավորությունները, որը տվյալ դեպքում ենթադրում է գնահատական տալ Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին, միջոցներ ձեռնարկել ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ` անկախ Ասադի ռեժիմի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, բայց ամենակարևորը` Ռուսաստանն ուզում է հասկացնել, որ կարող է Արևմուտքին մեղադրել հենց միջազգային ահաբեկչությունը և Ալ Ղաիդային հովանավորելու մեջ այնքանով, որքանով նրանք աչք են փակում Քեսաբի գրավման և ահաբեկիչներին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից աջակցելու ակնհայտ փաստի նկատմամբ:
- Ռուսաստանը Քեսաբի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա դարձնելու հարցը բարձրացնում է այն պահին, երբ ԵՄ-ի նախաձեռնությամբ ԱԽ-ն Ղրիմի հարցով ոչ պաշտոնական նիստ է անցկացնում և դրան մասնակցելու համար հրավիրում ոչ ավել ոչ պակաս` Ղրիմի` ինքնորոշման մտադրություն հայտնած թաթարների ներկայացուցիչներին` այլախոհ Մուստաֆա Ջամիլևի գլխավորությամբ: Ակնարկն ավելի քան հասկանալի է. եթե Արևմուտքը պատրաստ է նման եղանակով ոչ միայն հովանավորել թաթարների ինքնորոշման ձգտումները, այլև նրանց միջոցով Ղրիմում ապակայունացման նոր օջախ հրահրել, ապա պետք է պատրաստ լինի նրան, որ Ռուսաստանը ի պատասխան, ԱԽ-ի քննարկման առարկա կարող է դարձնել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանը Թուրքիայի ձեռքով Արևմքուտքի կողմից արհեստականորեն խոչընդոտելու և սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը վիժեցնելու հարցը կամ այդ պատրվակով հրաժարվել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման` իր ստանձնած պատասխանատվությունից: Պատահական չէ, որ Քեսաբի մասին ՌԴ ԱԳՆ առաջին հայտարարության մեջ շատ ուղղակի խոսվում է այն մասին, որ ահաբեկիչների գործողություններն ողղված են հենց սիրիական քիմիական զենքի ոչնչացման ջանքերի դեմ:
- Պարզորոշ երևում է, որ չնայած թաքնված ձևով, սակայն Մոսկվան փորձում է խաղարկել ահաբեկիչներին Թուրքիայի կողմից օժանդակելու իրողությունը: Որքանով սա ուղղված է Արևմուտքի դեմ, նույնքանով էլ Անկարայի` երկու հիմնական նպատակով: Առաջին` թույլ չտալ, որպեսզի Թուրքիան ավելորդ շահագրգռություն դրսևորի Ղրիմի թաթարների անջատողականությունը պաշտպանելու հարցում: Առանց Թուրքիայի աջակցության` թաթարների բոլոր նախաձեռնությունները դառնում են անհնարին և անիրագործելի, քանի որ դրանք դառնում են Ռուսաստանի ներքին խնդիրը` գտնվելով ռուս-թուրքական հարաբերություններից դուրս: Երկրորդ` հնարավորության դեպքում զերծ պահել Անկարային Դարդանելի նեղուցը Սև Ծով ռուսական նավատորմի մուտքուելքի համար փակելու գայթակղությունից, ինչի հնարավորության մասին արդեն իսկ ակնարկ-սպառնալիքներ են հնչում Արևմուտքից, քանի որ Ռուաստանն անմիջապես կարող է Թուրքիային մեղադրել միջազգային ահաբեչության բույն լինելու և հովանավորելու մեջ` դրանից բխող հետևանքներով:
Այս ամենի ֆոնին արդեն պարզ է դառնում, թե ինչու է Ռուսաստանը մի կողմից նման ուշադրության արժանացնում Քեսաբի խնդիրը, իսկ մյուս կողմից առայժմ ոչ մի կոնկրետ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկում` դրանով իսկ ոչնչով չտարբերվելով թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի և թե առհասարակ միջազգային հանրության կրավորական վերաբերմունքից: Սակայն Ռուաստանի այս քարոզչական մանիպուլյացիաներն ավելորդ անգամ ցույց են տալիս, թե ինչպես է հայկական հարցը դառնում շահարկումների և խոշոր խաղացողների համար դիվիդենտներ ձեռք բերելու առարկայի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել