HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներ խմելաջրի մատակարարումը կվստահեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին

Արփինե Մինասյան

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են մարզի խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման, ջրամատակարարման սպասարկման բարելավման հետ կապված խնդիրներ: 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վարդան Մելքոնյանը ներկայացրել է այն համայնքների ցանկը, որոնցում 2013թ. իրենց պատվիրատվությամբ կատարվել են խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման և ջրամատակարարման բարելավման աշխատանքներ: Վերջինս հրապարակել է նաև այն համայնքների ցանկը, որոնցում 2014թ. ընթացքում սկսվել կամ նախատեսվում է սկսել ջրամատակարարման համակարգի նորացման աշխատանքները:

Գեղարքունիքի մարզի շատ համայնքներ այսօր զրկված են խմելու ջրից, այն դեպքում, երբ քիչ չեն ջրի բնական պաշարներ ունեցող բնակավայրերը: Մեր նախորդ նյութում անդրադարձել էինք խնդրին: Մարզպետի պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը գրությամբ տեղեկացրել էր, որ ներկա դրությամբ մարզի խմելու ջրի մատակարարման համակարգը բավարար վիճակում է: Մարզի 92 համայնքներից 20-ի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Իսկ մնացած համայնքներն իրականացնում են ինքնուրույն ջրամատակարարում: Հակոբյանի տեղեկացմամբ` ջրամատակարարման արտաքին ցանցի քայքայվածության (առանձին հատվածներում բացակայության) պատճառով մարզի Փոքր Մասրիկ համայնքը զրկված է խմելու ջրից:

«2014թ. գարնանը «Վորլդ Վիժն» հիմնադրամի տրամադրած 30 հազար դոլար եւ համայնքի բյուջեից համաֆինանսավորվող 524.4 հազար դրամ (նախագծի պատվիրման համար) միջոցներով կկառուցվի եւս 1,1կմ ջրագիծ: Աշխատանքներ են տարվում ջրագծի մնացած հատվածը` մինչեւ ՕԿՋ (մոտ 2,5 կմ) կառուցելու համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Նշված աշխատանքներն իրականացնելու պարագայում համայնքը կստանա շուրջօրյա ջրամատակարարում»,- հավաստիացրել է մարզպետի պաշտոնակատարը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի» եւ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» միջոցներով խոշոր ներդրումներ են իրականացվելու Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Գավառ քաղաքներում եւ Լճաշեն, Սարուխան, Գանձակ, Նորատուս, Կարմիրգյուղ, Չկալովկա, Ծովազարդ, Ներքին Գետաշեն համայնքներում:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ մարզի մի շարք գյուղական համայնքներ իրենց բանակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու ցանկություն են հայտնել: Մարզպետի հանձնարարականով մեկ շաբաթյա ժամկետում Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը պետք է ավարտեն համապատասխան համայնքների եւ փաստաթղթավորման ու ջրամատակարարման համակարգերի հանձնում-ընդունումը: Նախնական տվյալներով` մոտակա ժամանակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարմանը կհանձնվեն Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղամավան, Դդմաշեն, Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքները, իսկ Գեղհովիտի ընդգրկման հարցը կքննարկվի տեղում, առաջիկա շաբաթվա ընթացքում:

Խորհրդակցության ավարտին մարզպետը համոզմունք է հայտնել, որ առաջիկա երկու տարիների ընթացքում մարզի բոլոր համայնքներում լուծված կլինեն խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրները:

Լուսանկարը` gegharkunik.gov.am

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter