HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարիբջանյանի բյուջեն 1 հա ծաղկակաղամբից ստացված եկամտի չափ է

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքը մարզկենտրոն Գյումրիից 6 կմ հեռավորության վրա է գտնվում՝ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին: Գյուղն ունի 310 ծուխ, հետևաբար` նաև փոքր բյուջե: Սեփական եկամուտները շուրջ 5 մլն դրամ են, որը պետական դոտացիայի հետ կազմում է 17 մլն դրամ: «Էդ ի՞նչ է. մի բոստանչի որ 1 հա ծաղկակաղամբ դնի ու լավ բերք բռնի, 300 դրամով էլ վաճառի՝ էդ մեր համայնքի բյուջեն է»,- ասում է համայնքի ղեկավար Մանվել Պողոսյանը: Եղածը մի մեծ գումար չէ, բայց մեծ դժվարությամբ է հավաքագրվում: «Առաջին եռամսյակի պլանը մի կերպ կատարեցի, երկրորդը չգիտեմ ինչ պիտի անեմ: Որ թողնեին, մինչև բերք ստանալը նոր մարդուց հարկ վերցնեինք... չէ, եռամսյակ, եռամսյակ…: Ամեն տարի էլ բյուջեի պլանը 100 և ավել տոկոսով կատարում եմ, բայց էդ փոքր գումարով ի՞նչ էնես», - շարունակում է համայնքապետը:

Նրա ասելով` շատ հարցերում համայնքային բյուջեն ուղղակի չի բավարարում, խնդիրները շատ են: Երկար տարիներ անգամ համայնքի վարչական շենք չեն ունեցել, վարձակալել են խորհրդային տարիներից հուշ մնացած կենցաղի տունը, հետո՝ տեղավորվել մշակույթի տան շենքում: «Կամպյուտեր սաղ գյուղերն ունեին, 250 հազար դրամ փող չկար, որ մի հատ առնեինք, հաշիվը կալանքի տակ էր: Հեչ բան չունեինք», - ներկայացնում է համայնքի ղեկավարը: Հարկերն արդեն կանոնավոր հավաքագրում են, բայց միևնույն է, էլի խնայողություններ են անում՝ բյուջեի մեջ տեղավորվելու համար: «Հիմա հաշվապահությանն ու գործավարուհուն մեկ սենյակ ենք հատկացրել, ես և համակարգչի մասնագետը մի տեղում ենք նստում, որ էլեկտրաէներգիայի խնայում անենք»,- ասում է համայնքի ղեկավարը:

Ղարիբջանյանի մշակույթի տանն են գործում նաև համայնքի բուժկետը, գրադարանը, փոստային բաժանմունքը, տարածքի ոստիկանական ստորաբաժանումը: Այս տարի նախատեսում են ավարտել շենքի առաջին հարկում տեղավորված համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները:

«Ժողովուրդը վարկերի տակ կճռռա, էլ հնար չկա, 4-5 տեղից վարկերի տակ են: Ապրանքի իրացումն էլ լավ չի կատարվում: Սկսեցին վար ու ցանկ էնել, մի քիչ գարնանացան արեցին, էն էլ էս ցուրտն ահագին վնասեց. Մինչև 10-12 աստիճան հողը սառեցրել է: Ովքեր կաղամբի, ծաղկակաղամբի թանկ ու կրակ սերմեր էին առել՝ ջերմոցներով փակել էին, դրանք բոլորը սառել են. մոտ 1,2 հա ջերմոց, որից ստացված սածիլը լիովին կբավարարեր ամբողջ գյուղին: Գյուղացին հիմա ստիպված նոր սերմ պիտի առնի ցանի, նույն աշխատանքները նորից անի, բայց տարբերությամբ, որ երբ ժամանակին կցանե՝ ահագին թանկ գնով կվաճառե, հիմա որ ցանեց՝ ուշ կհասնի, այդ ժամանակ էլ էժան գնով կիրացնի: Գարնանացան գարին, ով ցանել է, կսպասե 1-2 օր տաքանա, գնա դաշտ, բահով փորի տեսնի՝ սառել է, թե չէ, որովհետեւ գարին շուտ է սառում: Այս տարի գյուղում 25-30 հա-ի ցանքս է կատարվել», - սրտնեղում է համայնքապետը:

Նրա գնահատմամբ, ժողովուրդն աշխատասեր է, միայն թե այսպիսի աղետները շատ են խանգարում: Գյուղը 2 հակակարկտային կայան ունի ու արդեն երկու տարի է ղարիբջանյանցիները զերծ են մնացել կարկտահարվելու վտանգից: Գյուղացու ձեռքին փող է լինում բերքի իրացումից հետո, բայց միշտ չէ, որ բերքը հաջող է լինում: Տարիներ են լինում, երբ բերքը դաշտերում փչանում է, կամ գյուղացին ստիպված, գյուղատնտեսական աշխատանքները թողած, անձամբ բերքը տանում է Երեւան՝ Մալաթիայի շուկա, վաճառելու:


Ղարբջանյանցիների ասելով` իրենց բերքը հիմնականում իրացվում է վրացիների շնորհիվ: «Վրացիք էլ օր չեղնին՝ Հայասստանում պարզ չէ՞, օր չի ծախվի: Բախտներս էնքան է բերել, որ մարդիկ գուկան դաշտերից կտանին, թե չէ Երեւան տանել, գազի փող տալ, հերթ պահել, տեղի գումար մուծել...»,- թվարկում են նրանք:

Ղարիբջանյանում, չնայած գյուղացու դժվար ապրելակերպին, արտագաղթողներ գրեթե չկան՝ 2-3 ընտանիք: Այստեղ քիչ են նաեւ արտագնա աշխատանքի մեկնողները՝ մոտ 15 մարդ սեզոնին: Համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն այս առումով ասում է. «Արտագնա աշխատանքն էլ որ չլինի, մեր հայ ազգն ահավոր վիճակի մեջ կլինի: Մերը, քանի որ բանջարանոցային կուլտուրա է, որից ի տարբերություն հացահատիկի, ստացած եկամուտը շատ է, բնակիչների մոտ 15%-ը դուրս կերթա, իսկ կողքի գյուղերը համարյա 95%-ով դուրսն են»:

Խնդիրները շատ են, սակայն համայնքի ղեկավարն ուրախությամբ է փաստում՝ անցյալ տարի գյուղում ծնվել է 20 երեխա: Մյուս ուրախալի լուրն էլ այն է, որ Ղարիբջանյանում հաջորդ տարի սկսվելու են խմելու ջրագծերի նորացման աշխատանքները` համայնքն ընդգրկված է KFW բանկի վարկային ծրագրով իրականացվող խմելաջրի բարելավման ծրագրում: «Մենք խմելու ջրի պրոբլեմ չունեինք՝ 24 ժամ ջուր ունինք: 5-6 կմ-ի չափ նոր խողովակներ եմ գցել, բայց համայնքն այնքան միջոցներ չունի, որ ամբողջությամբ մենք իրականացնենք», - ասում է համայնքապետը:

Խորհրդային տարիներից ի վեր գյուղը գազիֆիկացում չի ունեցել, հարակից 7 գյուղերի ղեկավարներով նամակ են գրել բոլոր ժամանակների կառավարություններին: «2000 թվից 7 գյուղով, 7 գյուղապետով, 7 կնիքով, 7 ստորագրությամբ դիմում ենք, արդեն մենք մեզանից հիասթափվեցինք: ԻՖԱԴ-ի ծրագիր կար, մտավ դրա մեջ, հետո մեր էս 7 գյուղերը ծրագրից հանեցին, տարան էն կողմի գյուղերը քաշեցին»,- նեղսրտում է Պողոսյանը:

Համայնքի զարգացման քառամյա ծրագրում առանձին անդրադարձ կա ամենաառաջնային խնդիրներից մեկին՝ խորքային հորերին, որոնք գյուղի հողերը ենթարկում են էրոզիայի, հողի խոնավությունը բարձրանում է: «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նամակ տվեցի, մի շաբաթ չանցած հողաշինարարներ ուղարկեց, չափումներ արեցին, պատասխան եկավ, որ վարչապետը հաստատել է, հետո ինքը մահացավ, էդ թղթերը մնացին սեղանին: Իմ հաշվարկով պետությունը եթե 30 մլն փող տա, ես այդ դրենաժները կկարգավորեմ, դիտահորերով, ամեն ինչով կսարքեմ, ժողովրդին օգուտ կլինի, բայց իրանք չափում՝ 200 մլն են գրում: Մեր քյասիբ երկրի մեջ մեզ 200 մլն տվողն ո՞վ է», - ասում է համայնքի ղեկավարը:

Համայնքի միջոցներն այստեղ շատ չնչին են, հազիվ կարողանում են գյուղամիջյան ճանապարհները գարնանը խճապատել, սակայն լուրջ նորոգման խնդիր ունի Ղարիբջանյան-Ազատան ճանապարհը: Դպրոցը նույնպես վերանորոգման կարիք ունի, որտեղ սովորում է 108 աշակերտ: Շատ ծախսեր կրճատելու համար այն միացվել է մանկապարտեզին` դառնալով դպրոց-մանկապարտեզ համալիր: Նախկին մարզպետի օրոք 12 մլն-ի չափով ներդրում է եղել, և վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը, հիմա համայնքապետարանը սպասում է նոր ծրագրերի:

Գյուղը նաև գյուղտեխնիկայի խիստ անհրաժեշտություն ունի, եղածները տասնամյակների մաշվածություն ունեն, արդեն ժանգոտած են, սակայն համայնքի սեփական եկամուտները բավարար չեն, որ կարողանան նոր տեխնիկա ձեռք բերել:

Մեկնաբանություններ (1)

barséghian
Miyaxempél kuré, miyaxempél horadér vor ardadroutian kanagi hasné, dzeragrél azad collectif mécanisasia (fransaï orinagov) hori achxadanknéroun, payts dendésagan modétsoumov GAREVOR xorél véramechagman process gidnalov vor kohoutioun ouni garambi hamar. Yévropagan fransagan belgia germania ... badrasdoutiounér g’ardadrén chougayn. Mér tsave vor Bédoutioun, garavoroutioun mindj hima (3 naxakah) dji hasgedzan vor hore, horadér azgayn kandzé ... « Aroustadznél horadére vor bédoutioun aroustanah». Aysor kuradendésagan oligarknér nestérén voské dzou havivera yèv ge péttén

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter