HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ. «Առաջիկա օրերին կհստակեցվեն ցրտահարությունից տուժաներին աջակցության մեխանիզմները»

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար  Արմեն Գեւորգյանը ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ տարածված հաղորդագրության`գյուղացիները ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին:

Փոխվարչապետն ու նախարարը տեղեկացրեցին, որ նշված բոլոր հարցերը քննարկվում են, եւ առաջիկա օրերին արդեն կհստակեցվեն աջակցության մեխանիզմները: Գյուղացիներին տեղեկացրին, որ հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Այնուհետեւ Եղվարդի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին իրավիճակը: Քննարկվեցին ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարեւորվեցին այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ  հրատապ  ծրագրի շրջանակում մարզում նախատեսվում է հակակարկտային յոթ նոր կայանք տեղադրել:

 Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների եւ ծավալների, ինչպես նաեւ պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները  համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter