HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագնա խորհրդարանական լսումներ՝ Գյումրիում

Մարիամ Խալաթյան  

Առաջին անգամ Գյումրիում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ`ՀՀ-ում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

 «Գյումրի» բժշկական կենտրոնում ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի նպատակն էր տեղեկացնել Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողներին ՀՀ-ում բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին, լսել նրանց կարծիքները և առաջարկությունները նոր համակարգի ներդրման վերաբերյալ:

Լսումներին հրավիրված էին Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողներ, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ նախարարությունների, մարզպետարանների, ուսումնական հաստատությունների, մարզային և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ,  բժշկական մասնագիտական ասոցիացիաների նախագահներ և անդամներ:

Այս համակարգը Հայաստանում ներդնելու համար հարկավոր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել, նշեցին բանախոսները: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտեց, որ նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է ոչ միայն բուժսարքավորումների եւ շենքային պայմանների բարելավման, այլ նաեւ մասնագիտական զարգացման միջոցով:

«Որպեսզի կարողանանք ունենալ որակյալ բժշկական ծառայություններ, մենք պետք է մեր բուժաշխատողներին մշտական զարգացման ծրագրերի մեջ ընդգրկենք, որպեսզի նրանք չշարունակեն սրանից 30 տարի առաջվա գիտելիքները կիրառել առանց նոր մոտեցումների կիրառմամբ», - ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այս մոտեցումը` մասնագիտացման շարունակական զարգացումը, տալիս է հնարավորություն, որպեսզի մարդիկ չթողնեն իրենց աշխատատեղը` երկար ժամանակով բացակայեն, այլ մնալով տեղում` մարզային կառույցների միջոցով և հասարակական մասնագիտական կազմակերպությունների միջոցով կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և նմանատիպ միջոցառումների ժամանակ հավաքեն որոշակի կրեդիտներ` հինգ տարվա ընթացքում կարող են հավաքագրել, և ուղղակիորեն ներկայացնելով այն համապատասխան կառույցին, օնլայն ստանալ իրենց հավաստագիրը, որով իրենք կարող են հինգ տարի հանգիստ աշխատել», - նախագիծը մանրամասնեց Արա Բաբլոյանը:

Այս լսումներից հետո հանձնաժողովն օրենքի նախագիծը կներկայացնի ԱԺ և օրենքի ուժով խնդիրը կկարգավորվի: «Վերջապես, կհասնենք նրան, որ ինստիտուտ ավարտելուց, դիպլոմ ստանալուց հետո յուրաքանչյուր ոք կմտածի նեղ մասնագիտություն ձեռք բերելու մասին», - նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter