HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նախագահի փայլուն պարտիան. վարչապետական շախ` ձիու քայլով

Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո երեք քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն, ինչպես նաև իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն, ոչ մի կերպ չէին ցանկանում մեկնաբանել տեղի ուենցածը: Միայն հաջորդ օրը համատեղ փակ նիստ անցկացնելուց հետո նրանք սկսեցին հայտարարել, թե վարչապետի հրաժարականը իրենց համատեղ վերջին նախաձեռնությունների ազդեցության հետևանքն էր, այսինքն` իրենք ստիպեցին, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Մնում է հասկանալ, թե ինչու էր պետք այդ պարզ թվացող «ճշմարտությունն» ասելու համար... փակ նիստ անցկացնել:

Ոչ ոք այս պահին չի կարող ասել, թե իրականում հատկապես ինչ գործոնների ազդեցությամբ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Արդյոք դա իսկապես նրա անձնական նախաձեռնությունն էր, որովհետև հոգնել էր կամ զգում էր, որ այլևս չի կարող փոխել երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Արդյոք այդ հրաժարականը պարտադրվել էր Մոսկվայից` հաշվի առնելով Սարգսյանի գրեթե բացահայտ արևմտամետ հայացքներն ու կողմնորոշումը, որոնց մասին, ի վերջո, խոսեց ՀՀԿ տնտեսական վերջին համաժողովին: Թե, այնուամենայնիվ, հենց ոչ իշխանական քառյակի կողմից Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նույն նպատակով ապրիլի 28-ից 30-ը եռօրյա հանրահավաք անցկացնելուց իշխանության վախենալու հետևանք էր: Չի բացառվում, որ այս երեք գործոններն էլ դեր են կատարել: Բայց ողջ հարցն այն է, թե հատկապես քառյակին և հասարակությանը ինչ է տվել կամ տալու այս հրաժարականը, արդյոք սա իսկապես նրանց հաղթանակն էր` թեկուզ ժամանակավոր կամ միջանկյալ, ինչի մասին հիմա խոսում են:

Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը կատարեց քառյակի հիմնական, գործնականում միակ օրակարգային պահանջը` հեռացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մի պահանջ, որ ընկած էր ընդդիմության և ԲՀԿ-ի քաղաքական ռազմավարության հիմքում և հունավորում էր առաջիկա քաղաքական պրոցեսները:  Չի բացառվում, որ նա գնաց այդ քայլին` զգալով այդ պահանջի շուրջ հասարակական-քաղաքական մոբիլիզացման լուրջ պոտենցիալ, որը կարող էր սպառնալ իշխանության ամբողջականությանը և քաղաքական կայունությանը: Այս պարագայում օր առաջ որոշում կայացնելն անհրաժեշտ էր, որովհետև որքան մոտենար շուրջօրյա հանրահավաքների օրը, այնքան վարչապետին հեռացնելու որոշումն ընկալվելու էր որպես իշխանության թուլության և վախենալու հետևանք: Դա Սերժ Սարգսյանի համար անթույլատրելի էր ոչ այնքան երկյուղածությունը քառյակից կամ քաղաքացիական հասարակությունից, որքան իր իսկ սեփական թիմից, իշխանական հիերարխիայից թաքցնելու համար` մի շատ պարզ պատճառով. տեսնելով նախագահի խուճապային տրամադրությունները` կարող էր սկսվել իսկական առնետավազք դեպի հակառակ, ավելի ուժեղ թվացող ճամբար, որը տվյալ դեպքում մարմնավորում էր ԲՀԿ-ն: Արդյունքում կարող էր արագորեն փոխվել քաղաքական ուժերի հարաբերակցությունը, և պառլամենտում նա կկորցներ իր հենման կետը` մեծամասնությունը, որը պարզապես կվերածվեր քաղաքական փոքրամասնության:  

Եվ ահա, կատարելով սույն պահանջը, Սերժ Սարգսյանն, ըստ էության, չեզոքացրեց իրեն պարտադրվող միակ օրակարգը և քառյակին կանգնեցրեց կատարված փաստի առջև: Դա չէր կարող հեշտ որոշում լինել: Սակայն նախագահն առաջնորդվեց համեմատաբար փոքր թվացող զոհ մատուցելու միջոցով գլխավորը` իշխանությունը պահելու հրամայականով: Առավելևս, որ դա նրան տալիս էր դիրքային հսկայական առավելություն:

Խնդիրն այն է, որ եթե վարչապետի հրաժարականն ընդուներ ընդդիմության հանրահավաքի և Կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական նախաձեռնության ուղղակի ազդեցությամբ, ապա իրավիճակի տերը և պայմաններ թելադրողը լինելու էր քառյակը: Մինչդեռ այս դեպքում նախագահը մնում է ձիու թամբին և իր ձեռքում է պահում քաղաքական որոշումները կայացնելու ամբողջական լիազորությունը, այսինքն` վարչապետին ինքնուրույն նշանակելու հնարավորությունը: Որպեսզի այդ առավելությունը նախագահին չտրվի, քառյակը պետք է նոր քաղաքական այնպիսի պահանջ կամ պահանջներ առաջադրի նրան, որն առնվազն իր նշանակությամբ ու մասշտաբայնությամբ չի զիջի վարչապետի հրաժարականը պահանջելուն: Մինչդեռ նոր վարչապետի նշանակման համար Սահմանդրությամբ 10-օրյա ժամկետ է սահմանված: Ընդդիմությունն այդ ընթացքում պարզապես չի կարող նոր պահանջներ ձևակերպել` նախ որովհետև պահանջները կտրուկ փոփոխելը չափազանց անլուրջ կդիտվի, և երկրորդ` անհրաժեշտ կլինի նոր երկարատև բանակցությունների ու քննարկումերի շարք  սկսել` ձևակերպումների և գործողությունների շուրջ կոնսենսուսային որոշումներ կայացնելու համար: Այս իմաստով նախագահը փաստացի շախմատի ձիու քայլ կատարեց` քառյակին դնելով պատային վիճակի մեջ:

Սա, ի դեպ, նրա կողմից արդեն իսկ մեկ անգամ փորձված և տակտիկական տեսանկյունից իր արդյունավետությունն ապացուցած հնարք է: Առաջին անգամ այն կիրառվեց 2011թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց ցույցեր էր կազմակերպում Ազատության հրապարակում և Սերժ Սարգսյանի հետ խոսում վերջնագրերի լեզվով: Երբ նա հրապարակից հստակ ձևակերպեց իր երեք հայտնի պահանջները երկխոսություն սկսելու, մարտի 1-ի գործով դատապարտված ակտիվիստներին ազատ արձակելու, Ազատության հրապարակը հանրահավաքներ անցկացնեու համար ազատելու հետ վերաբերյալ, Սերժ Սարգսյանը սկսեց հերթով դրանք կատարել, որից, մեծ հաշվով, օգտվեցին միայն քաղաքական բանտարկյալները: ՀԱԿ-ը, թաղվելով երկխոսության ցեխի մեջ, գրեթե հայտնվեց մարգինալացման եզրագծին, իսկ հասարակությունը պարզապես ցրվեց տներով: Ըստ ամենայնի, նույնը տեղի է ունենում հիմա:

Այդ տեխնոլոգիայի ողջ գաղտնիքն այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես իր հակառակորդների դեմ օգտագործում է նրանց իսկ տակտիկական սխալները: Թե 2011թ. և թե հիմա այդ սխալներն են՝ քաղաքական պահանջները ծայրաստիճան նեղացնելը, հասարակական իրական պահանջներից հեռացնելը: Որքան էլ հիմնավորված լինի վարչապետի անձի ազդեցությունը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, անձի վրա շեշտադրում կատարելը միշտ մանիպուլյացիայի դիմելու հնարավորություն է տալիս: Նախագահը փաստացի իր ընդդիմախոսներին և քաղաքական հակառակորդներին ասում է հետևյալը. եթե ողջ խնդիրները Տիգրան Սարգսյանի անձի մեջ եք տեսնում, ես լուծում կամ չեզոքացնում եմ այդ խնդիրը: Մնացածը իմ որոշելիքն է, իմ իրավունքը, այդ թվում նաև այն, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, ես հարկ կհամարեմ նրա թեկնածությունը համաձայնեցնել ձեզ հետ, թե ոչ: Նախագահի բացառիկ իրավունքն է դառնում որոշելու` կոալիցիոն կամ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է իրեն քաղաքականապես և տակտիկապես ձեռնտու, թե ՀՀԿ-ական միանձնյա պատասխանատվությամբ նոր կաբինետ ձևավորելը: Ընդդիմությունն այս պարագայում պետք է սպասի, թե ինչպիսին է լինելու նոր վարչապետը, իսկ այդ ընթացքում, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` «կամ էշը կսատկի, կամ՝ իշատերը»:

Պատային այս դրությունը հաղթահարելու համար քառյակը և հասարակությունը գործնականում միայն մեկ ճանապարհ ունեն. նախագահին ներկայացնել Կառավարության այլընտրանքային ծրագիր և պահանջել, որպեսզի վարչապետը, ով էլ նա լինի, իր նոր կաբինետով հենց այդ ծրագրի կենսագործմանը ձեռնամուխ լինի: Նման ծրագիր կազմելու, ինչպես նաև պահանջը չբավարարելու դեպքում գործողությունների կոնկրետ պլան կազմելու համար ընդդիմությունը մոտ մեկուկես ամիս ժամանակ ունի` հաշվի առնելով, որ նոր Կառավարության վերջնական ձևավորման համար ուղիղ մեկ ամիս ժամանակ է տրված, իսկ դրանից հետո ևս 20 օր` գործունեության ծրագիրը պառլամենտին ներկայացնելու համար:

Նման պահանջ առաջադրելը, ապա և այլընտրանքային ծրագրի կատարման նկատմամբ քաղաքական վերահսկողություն իրականացնելը միակ երաշխիքն է, որ նախագահը պարզապես անձի փոփոխության մեխանիկական խնդիր չի լուծի, իսկ նոր կառավարությունը համակարգային փոփոխություններին և բարեփոխումներին ձեռնամուխ կլինի: Բայց ողջ խնդիրն այն է, որ բոլորն արդեն վաղուց գիտեն, թե Հայաստանում սովորաբար ինչպես են նման բաները տեղի ունենում:

 

 

 

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Հարգելի` Արմեն Առաքելյան, Ձեր հոդվածները հետաքրքրությամբ եմ կարդում, սակայն Ձեր հարցը` ,,Ոչ ոք այս պահին չի կարող ասել, թե իրականում հատկապես ինչ գործոնների ազդեցությամբ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց,, արդյոք չպետք է հնչեր այլ կերպ: -Իսկ ինչու՞ Տիգրան Սարգսյանի դեմ քրեական գործ չհարուցվեց ...:
Գեորգ
,, նախագահը մնում է ձիու թամբին,, - իսկ ուրիշ էլ ինչի թամբ է լինում ? Էշի, ուղտի վրա փալան է դրվում, իսկ վագրի վրա թագավորները պատահաբար են նստում, - առանց որեւե ծացկոցի!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter