HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայկական մրգի «ճակատագիրն» անորոշ է. վերահսկիչ պալատը անարդյունավետ ծախս է հայտնաբերել

Աղքատ և փոքր սեփականատերերին հայկական մրգի և ընկուզեղենի արտադրության մեջ ներգրավելու և նրանց եկամուտները մեծացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է պտղի և ընկուզենու արտադրությանն աջակցող ծրագիր:  Ծրագիրը մեկնարկել է դեռևս 2011թ., որն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն:

ՀՀ վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության համաձայն՝ ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն դոլար: Ծրագրով ակնկալվել էր հիմնել շուրջ  700 հա ծիրանի, դեղձի և ընկուզեղենի այգիներ, որին պետք է մասնակցեին 400-500 աղքատ և փոքր գյուղացիական տնտեսություններ:

Վերահսկիչ պալատի ստուգումներով պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են և այս ընթացքում պարբերաբար կրճատվել են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները, և փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է ծրագրավորված ցուցանիշներից:

Ըստ վերահկիչ պալատի՝ 2011թ. հունիսին ծրագրի ղեկավար խորհուրդը որոշել է նախատեսված 700 հա այգիների փոխարեն ստեղծել 306 հա այգի, սակայն նշված ցուցանիշները ևս մեկ անգամ կրճատվել են:

28.11.2012թ. նոյեմբերի 28-ին ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատված 2013թ. պլան-բյուջեով` 2013թ. համար նախատեսված 148 հա-ը կրճատվել է և նախատեսվել 43.6հա, 2014թ. համար նախատեսված 158 հա-ը դարձյալ կրճատվել և նախատեսվել 45-50հա, իսկ մնացած շուրջ 212 հա այգիների ճակատագիրը մնում է անհայտ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից այն դեպքում, երբ բիզնես-պլանով տնտեսագիտական հաշվարկներում մեծ տեղ էր զբաղեցնում ծիրանի արտադրությունից ստացվող եկամուտը:

2013թ. համար նախատեսված 43.6 հեկտարի փոխարեն փաստացի այգի հիմնվել է միայն Տավուշի մարզի Արճիս համայնքում` 4.28հա տարածքում, այն էլ` առանց ծրագրով նախատեսված ոռոգման համակարգի և հակակարկտային ցանցի, ինչը պարտադիր պայման է ինչպես տարեկան պլան-բյուջեով, այնպես էլ` բիզնես-պլանով:  Բացի այդ, ծրագրով աշխատանքներն իրականացվում են բիզնես-պլանով նախատեսվածից բարձր գներով:

 Վերահսկիչ պալատը բերում է օրինակներ: Այսպես. 2012թ. բիզնես-պլանի համաձայն, ստեղծվելիք դեղձի այգու 1հա-ի հաշվարկով պետք է ծախսվեր 10.0 մլն դրամ: Արճիս համայնքում ստեղծված դեղձ/նեկտարինի այգու մասով, համաձայն ՎՊ ուսումնասիրության, 1հա-ի հաշվարկով ծախսերը կազմում է 13.3 մլն դրամ, իսկ եթե դրան գումարենք նաև այգու համար պարտադիր պայման հանդիսացող հակակարկտային ցանցի համար նախատեսված գումարը՝ 1հա-ի հաշվարկով` շուրջ 9.6 մլն դրամ, ապա 1հա-ի հաշվարկով` ծախսը կկազմի 22.9 մլն դրամ:

Արճիս համայնքի ղեկավար Սեյրան Միկիչյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ հակակարկտային կայան տեղադրված չէ, և մոտակայքում էլ չունեն բերքը կարկուտից պաշտպանող կայան: Համայնքապետի խոսքով՝ ծրագրի պատասխանատուները խոստացել էին, որ տեղադրելու են հակակարկտային կայան, իսկ ոռոգման համակարգը լինելու է կաթիլային եղանակով, մինչդեռ ոչ հակակարկտային կայանն է տեղադրվել, ոչ էլ կաթիլային համակարգը:

Ընկերությունը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու`16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռք բերված 10000 հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով:

Ստուգումներից պարզ է դարձել, որ Իտալիայից ձեռք բերված 10000 հատ ընկուզենու պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում: Նույն պատվաստման արդյունքում փչացել է նաեւ «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից ձեռք բերված 10000 հատ պատվաստակալներից 3640 հատը` 1.7 մլն դրամ արժեքով, իսկ մնացած 6360 հատ պատվաստակալների հետագա օգտագործումը հարցականի տակ է: Ընդ որում` այդ պատվաստակալների պահպանման և խնամքի համար լրացուցիչ ծախսվել է 2.1 մլն դրամ:

Նշված պատվաստումների մեթոդի և սցենարների մշակման, ինչպես նաև այդ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ: Արդյունքում ստացվել է այն, որ չհաջողված պատվաստման մասով կատարված 24.6 մլն դրամ ծախսը եղել է անարդյունավետ:

«Հայկական միրգ» ԲԲԸ-ն Հայաստանում ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ հիմնելու եւ ծրագրին աջակցելու նպատակով պայմանագիրը կնքել է Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ` 462.7 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումների պահին աֆրիկյան ընկերությանն արդեն վճարվել էր 292.5 հազ. ԱՄՆ դոլար:

«Թե ինչ ծառայության դիմաց է վճարվել այս գումարը, հնարավոր կլինի պարզել միայն հանդիպակաց ստուգմամբ: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: 2014 և հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում»,-նշված է հաշվետվության մեջ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter