Արցախի վարչապետը հանդիպել է ապագա դիվանագետներին
ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ: Նրանք դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ Արցախում են` ծանոթանալու ԼՂՀ ներկայի և զարգացման հեռանկարների հետ:
Ա. Հարությունյանը ողջունել է դպրոցի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ապագա դիվանագետների տեղեկատվական այս հավաքչությունը նրանց կօգնի հետագայում շահագրգռորեն ու արդյունավետորեն զբաղվելու արցախյան եւ, ընդհանրապես, հայ դատի խնդիրների լուծմամբ:
Վարչապետը հանգամանալի տեղեկատվություն է հաղորդել ԼՂՀ կառավարության կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, ապա պատասխանել է հյուրերի բազմաբնույթ հարցերին:
Ի մասնավորի՝ Ա. Հարությունյանը անդրադարձել է կրթության, տրանսպորտի, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտների ընթացիկ խնդիրներին՝ առանձնակի նշելով, որ համակարգված և նպատակային աշխատանքը թույլ կտա այս տարվա վերջին ԼՂՀ-ում ապահովել տնտեսական մեծ աճ:
«Սպասվում է ավելի քան 130 մլրդ դրամ ՀՆԱ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով` առկա հնարավորությունները կենտրոնացվում են` գերազանցապես լուծելու հանրապետության սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել