«Դեպուտատներն մենք դրա՞ համար ենք ընտրել»
Յուլիա Գրիգորյան
Թուրքիային սահմանամերձ Ախուրիկ գյուղում խնդիրները շատ են ու բազմաբնույթ, սակայն ամենալուրջ խնդիրը, ինչպես նշեցին համայնքի բնակիչները, ապրելու խնդիրն է: «Կառավարությունն ի՞նչ է անում ժողովրդի համար, էդ 130 հոգին, որ մեր ընտրած դեպուտատներն են, հավաքվել են էնտեղ ի՞նչ են անում, թալանում են մեր երկիրը, իրար ինչ անպատիվ խոսքեր ասես ասում են, մենք դրա՞ համար ենք նրանց ընտրել: Ամեն տեղ կաշառք ու փողի կռիվ, էլ որտեղից պիտի մենք լավ լինենք»,- իր վրդովմունքն է հայտնում Ախուրիկի բնակիչ Վազրիկ Բաղդասարյանը:
Շիրակի մարզի սահմանամերձ գյուղում հողը դժվարությամբ են մշակում, քանի որ գյուղտեխնիկա գրեթե չունեն, եղածն այնքան հին է, որ արդեն պիտանի չէ: Համայնքն ունի 650 հեկտար վարելահող, որտեղ, հիմնականում, գարի եւ ցորեն են ցանում: Ծախսերը մեծ են, իսկ ստացած եկամուտը գոհացնող չէ: Մարդիկ ստիպված վարկեր են վերցնում եւ շարունակ տոկոսներ վճարում:
Տարեցները դժգոհեցին, որ գյուղում ջահել չի մնացել, բոլորն արտագնա աշխատանքի են մեկնել: «Էս մի քանի թոշակառուներս ենք մնացել, գոնե նորմալ թոշակ տան` մենք ապրենք, 26 հազար դրամով ես ինչպե՞ս ապրեմ: Առանց ամոթի էլ սպառողական զամբյուղի մասին են խոսում: Երկրի իշխանությունն անցել է հատուկ բիզնեսի` բանկ-ռեստորան: Գյումրի քաղաքի որ կողմը նայես բանկ է, ամեն քյոշեն (անկյուն) էլ՝ ռեստորան: Մի գործարան չի բացվում, մի թեթեւ ֆաբրիկա չեն հիմնում, որ մարդիկ գնան-աշխատեն: Եվրոպական երկրները, որ այդքան հարուստ են, այնտեղ բանկերը 2-3 տոկոս են վերցնում, իսկ մեր աղքատ երկրում մեզ փող են տալիս 20 տոկոսով: Դրա համար մարդիկ պարտքերի տակ են մնացել: Բանկերի միջոցով մեր արյունը ծծել են. վերջը խեղճ գյուղացին իր անասունն է մորթում, որ տանի պարտքը փակի` նոր պարտք վերցնի»,- ասում է Լեռնիկ Գեւորգյանը:
2009թ·-ից համայնքը ղեկավարող Վարդուհի Գասպարյանը, իր պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել գյուղը բարեկարգելու եւ համագյուղացիների կենցաղը բարելավելու համար Համայնքի ղեկավարի գնահատմամբ` գյուղի խնդիրները քիչ-քիչ լուծվում են, եւ գյուղը տարեց-տարի զարգանում է: Մինչեւ 2014թ·-ը Ախուրիկ գյուղը վարչական շենք չի ունեցել: Երկար տարիներ գործել է խարխուլ տնակում, վերջին 5 տարիներինª համայնքի բնակիչներից մեկի սեփական տանը: Սակայն, երբ Կառավարությունը համայնքում երկհարկանի, 150 տեղանոց դպրոց կառուցեց, համայնքապետարանը տեղավորվեց նախկին դպրոցի երկրորդ կարգի վթարային շենքում: Սակայն, պարզվել է համայնքի հաշվեկշռում եղած շենքը 2011թ· ապրիլի 4-ին հանձնվել է պետական գույքի կառավարման վարչությանը եւ համարվում է պետական սեփականություն· թե ինչու՞ է նման որոշում կայացվել եւ երբ, համայնքի ղեկավարը տեղյակ չէ:
«Երբ դիմեցի տեղափոխվելու համար՝ ինձ ասացին, որ չեմ կարող, քանի որ այդ շենքն այլեւս համայնքի սեփականությունը չէ: Ես բողոքեցի, դիմեցի մարզպետին, տարածքային կառավարման նախարարին եւ նրա աջակցությամբ շենքն անհատույց եւ անժամկետ օգտագործման հանձնվեց մեզ: Սակայն պիտի պայքարեմ, որ այն նորից դառնա համայնքի սեփականությունը, չէ՞ որ գյուղինն է եւ պետքի ծառայի համայնքի կարիքների համար»,- ասում է Վարդուհի Գասպարյանը:
Համայնքապետարանի շենքի մի սենյակը հատկացվել է ծերերին` որպես ժամանցի վայր: Այժմ այս շենքում է գործում երկար տարիներ շենքային բավարար պայմաններ չունեցող գրադարանը: Համայնքի ղեկավարը նպատակ ունի մասնաշենքերից մեկը հիմնանորոգել եւ մանկապարտեզ բացել: Չնայած Ախուրիկից վերջին տարիներին արտագաղթողներ գրեթե չկան, սակայն ծնելիության ցուցանիշը բավական ցածր է, անցած տարի ծնվել է ընդամենը 7 երեխա: Գյուղից 20-28 երեխա ամեն օր միկրոավտոբուսով տեղափոխվում են Գյումրիում գործող մանկապարտեզ: Ծնողները 12 հազար են ծախսում, ինչը մեծ դժվարություն է նրանց համար:
«Մանկապարտեզն անհրաժեշտ է, առաջիկայում կփորձեմ համագործակցել որեւէ դոնորի հետ եւ համաֆինանսավորմամբ հիմնանորոգել մանկապարտեզի շենքը: Կարիք կա վերանորոգել նաեւ նախկին դպրոցի մարզասրահը եւ այն վերածել հատուկ մարզադպրոցի»,- ասում է Վարդուհի Գասպարյանը:
2009թ·-ից համանքի ղեկավարի ակտիվ գործունեության արդյունքում` սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրվում են, ինչը հնարավորություն է տալիս լուծել տեղական խնդիրները: 2013թ·-ին Ախուրիկի բյուջեն կազմել է 18 մլն 671 հազար դրամ, որից 15 մլն-ը դոտացիան է: Ամեն տարի բյուջեից 200-300 հազար դրամ ծախսվում է առաջին դասարանցիներին նվերներ գնելու համար, 1 մլն դրամ հատկացվում է 20-25 սոցիալապես անապահով ընտանիքներին, 200 հազար դրամ՝ կարկտային կայանների սպասարկման համար, 400 հազար գիշերային լուսավորության ապահովման համար: Այս տարի նախատեսվում է 2 մլն 800 հազար դրամ հատկացնել գյուղգործիքներ գնելու համար, տարեկան 1 մլն 200 հազար դրամ էլ ծախսվում է աղբահանության համար:
Ախուրիկում անցած տարվա կեսերից աղբահանություն է իրականացվում: Գյումրիից ամեն շաբաթ գյուղ մտնող աղբատար մեքենայի սուլիչի ձայնը լսելով համայնքի բնակիչներն աղբը ձեռքներին շրջապատում են աղբահավաք մեքենան:
«Սա գյուղի համար լուրջ առաջխաղացում է, քանի որ աղբը շաղ էր տրվում ամենուր, Արփաչայ գետը բավական աղտոտվել էր, տգեղ է, երբ ամեն ակյունում աղբ է կուտակվում: Հիմա այդ խնդիրը վերացել է, մարդիկ արդեն գիտակցում են աղբահանության կարեւորությունը, երբ պատահում է աղբատարը մի շաբաթ չի գալիս, գյուղացիները բողոքում են, սակայն դեռեւս նրանցից աղբի վարձ չենք գանձում»,- ասում է Վ. Գասպարյանը: Համայնքապետի ասելով՝ կգանձեն այն ժամանակ, երբ նրանք կգիտակցեն, որ աղբահանության համար պետք է վճարել, հիմա պիտի սովորեցնեն, հետո պահանջեն: Հիմա, եթե աղբի վարձ պահանջեն, նորից աղբը փողոց կնետեն: Այս տարի համայնքում 20 աղբաման պետք է տեղադրեն:
![]() |
![]() |
Ներկայումս Ախուրիկ համայնքի գերխնդիրը խմելու ջրագծի վերանորոգումը եւ ոռոգման համակարգի վերականգնումն է: KFW բանկի ֆինանսավորմամբ 2015թ·-ին կիրականացվի ջրագծերի հիմնանորոգում: «Ոռոգման համակարգ, եթե չունենանք, Ախուրիկն անապատի կվերածվի: Ճիշտ է` ոռոգվում են ցանքատարածությունների ընդամենը 30%-ը, բայց եթե եղած 3 պոմպակայանն էլ չգործեն, շատ վատ կլինի մեր վիճակը: Երկրաշարժից հետո ոռոգման ցանցը քանդվել եւ թալանվել է, այժմ անհրաժեշտություն կա նոր ոռոգման համակարգ անցկացնելու»:
323 տնտեսություն եւ 1243 բնակիչ ունեցող համայնքը գազիֆիկացված չէ: Վ. Գասպարյանի խոսքով` հարակից 7 համայնքների հետ ծախսելով 7 մլն դրամ կազմել են նախագիծ-նախահաշիվ, սակայն արդեն մի քանի տարի չի գազիֆիկացվում, պատճառը նրա ասելով այն է, որ այդ համայնքները, բնակչության փոքր թվաքանակի պատճառով, շահեկան չեն «ՀայՌուսգազարդի» համար: Չնայած գազը թանկ է, բայց բնակիչները գազիֆիկացման պահանջից չեն հրաժարվում: Տկն Գասպարյանը դա բացատրում է նրանով, որ համայնքում անասնապահության համար պայմանները նպաստավոր չեն, քչերն են պահում, ուստի ջեռուցման համար աթարը չի բավարարում: Բացի այդ, վառարանները ձեռնտու չեն, քանի որ մեծ մասը վերանորոգել են տները:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել