«Ճաշարանից օգտվելու համար ամոթ չեմ զգում»
Մանուշակ Հովակիմյան
Բյուրեղավան քաղաքում Ամերիկայի արեւելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի (FAR) ֆինանսավորումով բարեգործական ճաշարան է բացվել: Այն նախատեսված է մինչեւ 150 տարեց շահառուների համար: Այս պահին ճաշարանից օգտվողների թիվը հասնում է 96-ի՝ միայնակներ, տարեցներ, հաշմանդամներ: Բյուրեղավանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավոր օգտվում են նաեւ մեկ բազմազավակ եւ սոցիալապես ծայրահեղ անապահով երկու ընտանիքներ:
«Նմանատիպ ճաշարան 19 տարի գործել է Նոր Հաճըն քաղաքում, իսկ Բյուրեղավանը մենք ենք ընտրել` հարցումների արդյունքում»,- ասաց Հայ օգնության ֆոնդի բարեգործական ճաշարանի համակարգող Ռաֆիկ Մարտիրոսյանը: Ճաշարանի տնօրեն Բաբիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանը սիրով է ընդունել իրենց առաջարկը, իսկ կարիքավորների ցուցակը քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցներն են հավաքագրել ու ներկայացրել ճաշարանի տնօրինությանը: Ավելին՝ տրամադրել են տարածք, անհրաժեշտ սպասք եւ այլն: Բաբիկ Հակոբյանը նշեց, որ ճաշարանը հետագայում տեղափոխվելու է այլ տարածք:
60-ամյա Սոլմազ Գյուլումյանը ճաշարան է հաճախում ընտանիքի անդամների հետ միասին` երկու որդիները, հարսը եւ ինքը: «Երբ իմացա, որ այսպիսի ճաշարան է բացվել, որից կարող եմ օգտվել իմ ամբողջ ընտանիքով, շատ ուրախացա: Ես սոցիալապես ծանր պայմաններում եմ ապրում, հաճախ սոված եմ լուսացնում: Նույնիսկ նորմալ բնակարան չունեմ, մեր 4 շնչին հատկացվել է 12 քմ տարածք, որը նախկինում խոհանոց է եղել: Ճիշտ է, ավագ որդիս ամաչում է օգտվել ճաշարանից, բայց կրտսեր որդիս եւ հարսս մեծ սիրով են ներկայանում»,- ասաց ճաշարանում հաշվառված Ս. Գյուլումյանը: Տիկնոջ կրստեր որդին` Արսեն Գյուլումյանը հավելեց. «Ճաշարանից օգտվելու համար ամոթ չեմ զգում, սոցիալապես անապահով վիճակում եմ գտնվում եւ օգտվում եմ ինձ համար նախատեսված օգնությունից»:
Բարեգործական ճաշարանը սնունդը տրամադրում է օրական մեկ անգամ՝ տաք ճաշ, փլավ, աղցան, հյութ: Սննդակարգը կփոփոխվի ըստ սեզոնի: Այն գործում է ամեն օր՝ բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել