HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առափիում ամեն ինչ անում են, որ ընտանիքները չբռնեն օտարության ճամփան

Արսեն Վարդանյան

Առափի գյուղում 9-10 հա բնակելի տարածքի 40%-ը 1988 թվականի երկրաշարժից հետո սողանքային է դարձել: Ներկայում ընդհանուր թվով 120 ընտանիք է բնակվում սողանքային գոտում, նրանցից 11-ն ապրում է  4-րդ կարգի վթարային բնակարանում:

Կառավարության պատվերով՝ Հանքավանի գիտահետազոտական ինստիտուտը 2010 թվականին գյուղում ուսումնասիրություններ է իրականացրել, որի ժամանակ որոշվել է փոխհատուցել սողանքային գոտում բնակվող ընտանիքներին եւ այդ նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 44 մլն դրամ: Նշված 11 ընտանիքի բնակարանները ճանաչվել են 4-րդ կարգի վթարային, եւ նրանց 2.5 մլն-ից մինչեւ 4.5 մլն դրամի փոխատուցում է տրվել:

Սակայն տրված գումարով ոչ բոլորին է հաջողվել բնակարան գնել, ոմանք բնակարանի գումարը լրացրել են սեփական միջոցներից: Այդ կերպ նրանցից երեքը նոր գյուղում են բնակարան ձեռք բերել, երեքը՝ Գյումրիում, մյուսները դեռեւս չեն ավարտել բնակարան ձեռք բերելու գործընթացը:

20-25 տարի առաջ, խորհրդային միության ժամանակ գյուղի թաղամասերից մեկում  կառուցվել է մոտ 1 կմ երկարությամբ դրենաժային համակարգ, որը գործող է, սակայն ողջ հզորությամբ չի աշխատում: 5-օրյա ուսումնասիրություններ են կատարվել անցած տարի ճապոնացիների եւ ԱԻՆ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, սակայն կոնկրետ ինչ եզրակացության են հանգել կամ ինչ գործողություններ են նախատեսվում այս ուսումնասիրություններից հետո, գոնե Ալբերտ Այվազյանի համար անհայտ է:

Սողանքային խնդիրներն հաղթահարելու համար Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Ինժեներական աշխատանքներ չեն նախատեսվում համայնքում, նեղ մասնագիտական հաշվարկներ չեն իրականացվել որոշելու համար, թե որքան գումար է պետք սողանքային գոտում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում՝ հզոր արմատային համակարգ ունեցող բուսատեսակների տնկում եւ բազմացում, դրենաժային համակարգերի կառուցում եւ այլն»,- ասում է համայնքապետը:

Ալբերտ Այվազյան Արփիկ Վարդանյան

Նախորդ տարի սողանքային գոտում տնկել են 200 ծառ՝ հացենի եւ բարդի, որի համար համայնքը ծախսել է 200.000 դրամ: Այս տարի նախորդ տարվա ծառատունկի տարածքի  դիտարկումն իրականացնելուց հետո նախատեսում են ավելացնել ծառերի քանակը: Առափիի բյուջեն համայնքին ընձեռում է այդ հնարավորությունը՝ 2012 թ· համայնքն ունեցել է 29 մլն 910 հազար դրամի եկամուտ, իսկ 2013 թ· կարողացել են եկամուտի չափը հասցնել մինչեւ 34 մլն 706 հազար դրամի: Պետական բյուջեից 2014թ. համայնքին տրվել է 27 մլն 469.600 դրամ դոտացիա: 

Առափիի գերեզմանատունը եւս գտնվում է սողանքային գոտում: 2012թ.-ին գերեզմանոցի տարածքը ցանկապատելու համար համայնքի սեփական եկամուտներից ծախսվել է 4 մլն դրամ: Նախորդ տարի համայնքի բյուջեից 6 մլն դրամ հատկացվել է 3 կմ երկարություն ունեցող բաց դրենաժային համակարգը մաքրելու համար: 2012 թ.-ին գյուղն ունեցել է փողոցային լուսավորության 26 կետ, 2013 թվականին ավելացել է եւս 81 կետ:

Այս տարվա բյուջեով գիշերային լուսավորության ցանցում կավելանա եւս 20 կետ: Համայնքապետը հպարտությամբ հայտարարում է, որ այս հարցում գերազանցել են նույնիսկ խորհրդային միության տարիներին ունեցած ցուցանիշը, երբ գյուղում գործել է ընդամենը 45-50 կետ: Գիշերային լուսավորության էլեկտրականության ծախսը տարեկան մոտ 2 մլն դրամ է կազմում, մոտ 2 մլն դրամ գումար էլ հատկացվում է ներհամայնքային փողոցների խճապատման համար: Ընդհանուր 5 կմ երկարություն ունեցող ներհամայնքային ճանապարհն ասֆալտապատ չէ, եւ տարին երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը կատարվում են ճանապարհների հարթեցման եւ խճապատման աշխատանքներ: Ձյան մաքրման աշխատանքները համայնքն իրականացնում է իր միջոցներով: Առափին ունի առանձնացված աղբավայր, շաբաթական երկու անգամ մեքենան գյուղից դուրս է բերում կենցաղային աղբը:
Համայնքը մասնակի գազիֆիկացված է, որը բնակիչները կարողացել են անձնական ներդրումներով իրականություն դարձնել, քանի որ գյուղի նոր թաղամասը կառուցվել է քաղաքին շատ մոտ՝ գետի մյուս ափին: Հին գյուղի գազիֆիկացման համար մոտ 7 տարի առաջ եւս 6 համայնքներ են միավորվել, սակայն նախագիծը մնացել է թղթի վրա եւ ոչ մի համայնք մինչ օրս գազիֆիկացված  չէ:

Առափի գյուղի դպրոցի շենքը փլվել է երկրաշարժի ժամանակ: Ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար մանկապարտեզը վերածել են դպրոցի: Այն վերանորոգվել է 2007 թվականին, սակայն գտնվում է սողանքային գոտում ու արդեն ճաքեր են նկատվել պատերին: Մարզպետարանում ու Կառավարությունում տեղյակ են խնդրին եւ նոր դպրոց ունենալու համար պատասխանել են, թե առաջարկն ընդգրկված է 2014-2016 թվականների մարզի զարգացման ծրագրերում: Դպրոցում սովորում է  200 աշակերտ: Դպրոցի շենքում արդեն 3-րդ տարին  գործում է  նախակրթարան, որտեղ հաճախում է 20 երեխա: Համայնքապետարանում նշում են, որ շենքային պայմանների բարելավման դեպքում նախակրթարան հաճախողների թիվը կհասնի մինչեւ 60-ի:

Առափիում ժամանցի հարցը կազմակերպել են մշակույթի տան միայն մի փոքրիկ հատվածը վերանորոգելով: Փորձում են ուղիներ գտնել մշակույթի տունը փրկելու եւ գործարկելու համար:

Ավագանու միակ կին անդամ 65-ամյա Արփիկ Վարդանյանին մտահոգում են գյուղատնտեսական բերքի եւ մսի իրացման խնդիրները: Առափեցին ապրում է ցանած կարտոֆիլը, անասունից ստացած կաթն ու միսը վաճառելով: Շատ դեպքերում գյուղացին շուկա չի էլ հասնում: Ուրախացնող հանգամանքը գյուղում կառուցվելիք սպանդանոցն է՝ այլեւս գյուղացին չի նայի «ղասաբի» ձեռքին: «Ամեն ինչի հետ կարելի է համակերպվել, փորձել շտկել, սակայն բոլորս էլ մի կարեւոր ցանկություն ունենք, որ մարդիկ մնան տեղերում, աշխատանք ունենան, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնած որդուն ոչ մայրը կարոտի, ոչ զավակն իր հորը»,-ասում է Արփիկ Վարդանյանը:

Առափի գյուղն ունի 585 տնտեսություն, 2000 հիմնական եւ 160 ժամանակավոր  բնակիչ:  Համայնքից մեծ արտագաղթի հոսք է նկատվել ՌԴ-ում զինծառայողներին վերաբերող օրենքների փոփոխությունից հետո, երբ 5 տարի մի վայրում ծառայություն իրականացնելուց հետո պետք է տեղափոխվել մեկ այլ վայր: Ռուսական զորամասերում ծառայող գյուղի բնակիչներն ստիպված իրենց ընտանիքներով տեղափոխվել են ՌԴ: Գործընթացն սկսվել է 1995 թ·-ից եւ 70 ընտանիք տեղափոխվել է զինվորական ծառայությունը մեկ այլ վայրում շարունակելու համար, իսկ 40-50 ընտանիք գյուղից հեռացել է տարբեր նպատակներով:

Այդուհանդերձ, գյուղում ծնունդների աճ է նկատվում, անցյալ տարի ծնվել է 22 երեխա, իսկ վերջին 4 տարիներին ծնունդների թիվը գերազանցել է մահերը: Նոր ծնված երեխայի համար համայնքի բյուջեից հատկացվում է 20.000 դրամ, 3-րդ երեխայի դեպքում՝ 50.000 դրամ, 4-րդի դեպքում՝ 100.000 դրամ: Առափիի համայնքապետն անչափ կարեւորում է այս տեսակ խրախուսումը: Իհարկե, գովելի կլինի նաեւ, որ բարձր ծնելիության պայմաններում ընտանիքներն ամրանան իրենց ծննդավայրում ու չբռնեն օտարության ճամփան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter