
Սահմանադրական դատարանի հակասահմանադրական որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը ու դրանից հետո ստեղծված խառնաշփոթը միանգամից վեր հանեց Հայաստանում սահմանադրական ինստիտուտի բոլոր խոցելի կողմերը: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ՝ կապված հիմնականում սեփականության իրավունքի հետ, սակայն իր իսկ որոշման մեջ «խցկեց» նաև հակասահմանադրական նորմեր: Մի կողմ թողնելով ՍԴ որոշման իրավական ու քաղաքական շարժառիթները, ներկայացնենք ՍԴ որոշման վիճարկելի կողմերը:
Հակասահմանադրականությունը
Եթե օրենքը հակասում է Սահմանադրությանը՝ պետք է անմիջապես դրանք ճանաչել ուժը կորցրած: Իրավական նոնսենս է, երբ հակասահմանադրական ճանաչված նորմին ևս 5 ամսվա կյանք է տրվում: Պատահական չէ, որ ՍԴ անդամներն իրենք չեն կարողանում մարդկանց պատշաճ բացատրել, թե հակասահմանադրական ճանաչված նորմերը մինչ սեպտեմբերի 30-ը ինչպես պետք է գործեն: Միջազգային պրակտիկայում սա աննախադեմ երևույթ է, երբ իրավական նորմը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող, բայց ուժը չի կորցնում: ՍԴ-ն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ Սահմանադրությանը հակասող նորմին ևս 5 ամսվա «կյանք շնորհելով»:
Սա հակասում է ՀՀ Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածների, բայց հիմնականն այստեղ Սահմանադրության 6-րդ հոդվածն է. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին»:
Ստացվում է, որ ՍԴ-ն իրեն լիազորություն է շնորհել՝ թույլ տալ գործելու այն օրենքներին, որոնք սահմանադրությանը չեն համապատասխանում:
ՍԴ ապրիլի 2-ի որոշման հաջորդ հակասահմանադրական դրույթը կապված է օրենքները վերանայելու պահանջի հետ: ՍԴ որոշման 7-րդ կետում նշվել է, որ պարտադիր կուտակային համակարգի հետ կապված 50-ից ավելի օրենքների շատ դրույթներ ենթակա են վերանայման; Հարց է առաջանում՝ այդ ո՞ր իրավունքով է ՍԴ-ն որոշել, որ այդ օրենքները պետք է վերանայվեն: Իսկ գուցե կառավարությունն ընդհանրապես է հրաժարվում պարտադիր կուտակային համակարգից, կամ որոշում է հետաձգել այն:
ՍԴ որոշումը պարզապես հրահանգում է կառավարությանը՝ չհրաժարվել պարտադիր կուտակային համակարգից, այլ վերանայել այն: Այսինքն՝ ՍԴ-ն իրեն գործադիր իշխանության լիազորություն է վերապահել, կառավարությանը հուշում է, թե ինչպիսի սոցիալական քաղաքականություն իրականացնել:
Այսպիսով՝ ՍԴ-ն պետք է միայն մատնացույց աներ օրենքի սահմանադրականությունը կամ հակասահմանադրականությունը ու դրանով սահմանափակեր իր գործառույթը: Իրականում ՍԴ-ն այնպիսի որոշում է ընդունել, որով կառավարությանը ցուցել է շարունակել պարտադիր կուտակային համակարգը, սակայն մի քանի վերանայումով; Նման ցուցումները, ու ընդհանրապես՝ նման շարժառիթով որոշում ընդունելն ակնհայտ հակասահմանադրական է:
Սահմանադրական իրավունքի մեկնաբանումը
ՍԴ որոշումից հետո իրարամերժ հայտարարությունները վեր հանեցին ՀՀ-ում սահմանադրական իրավունքի մի կարևոր բաց՝ ո՞վ և ի՞նչ դեպքերում պետք է մեկնաբանի ՍԴ որոշումները: Ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքն այդ հարցը չեն կարգավորում: Ստացվում է՝ ՍԴ որոշումներն ընդհանրապես ենթակա չեն մեկնաբանման, այդ թվում՝ ՍԴ անդամների կողմից:
Այլ երկրներում այս հարցը հստակ կարգավորվում է: Ի վերջո՝ ցանկացած իրավական ակտ ունի շարադրանքի ու իրավական տեխնիկայի յուրահատկություններ, հետևաբար՝ մեկնաբանման կարիք: Միջազգային փորձը հետևյալն է՝ մեծամասամբ ՍԴ որոշումները մեկնաբանելու իրաավունք ունի հենց ՍԴ-ն, սակայն որոշակի սահմանափակումներով: Սահմանափակումների բնույթը հետևյալն է՝ ՍԴ որոշումը մեկնաբանելու համար որևէ մեկը պաշտոնապես պետք է դիմի ՍԴ-ին: Դա կարող է լինել նախագահը, կառավարությունը, խորհրդարանը, դատարանը և այլն: Ամենալոյալ օրենսդրությունը գործում է Բուլղարիայում՝ ով իրավունք ունի դիմելու ՍԴ-ին, նա էլ իրավունք ունելու մեկնաբանություն ստանալու: Որոշ երկրներում դատական բարձրագույն մարմինները ևս փորձ ունեն ՍԴ որոշումները մեկնաբանելու:
Կարծում ենք՝ այս բացը Հայաստանում ևս պետք է լրացնել, թեկուզ այն պատճառով, որ մենք հիմքեր չունենք ՍԴ-ն դիտարկելու որպես վերին ատյանի ճշմարտություն:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել