ՍԴ-ն պետական մարմիններին կոչ է անում անվերապահորեն ենթարկվել անձանց հիմնական իրավունքներին
2014 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց թիվ 1142 hայտնի որոշումը, որը վերաբերվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությանը: ՍԴ-ի որոշումը խառնաշփոթ առաջացրեց հասարակության մեջ· մարդկանց մի մասը կարծում է, որ կուտակային վճարներ չպետք է գանձվեն, մյուս մասի կարծիքով՝ պետք է գանձվեն: Ընդ որում գանձվելու օգտին է խոսում պետական հատվածը, տարբեր տրամաչափի պաշտոնյաների «պարզաբանումներով»:
Ես կանդրադառնամ այն հարցերին, որոնք ավելի շատ են հուզում անձանց, մասնավորապես, պե՞տք է կատարեն պարտադիր կուտակային վճարներ, թե՝ ոչ, հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված նորմերը գործո՞ւմ են, թե՝ ոչ, արդյոք անձինք պե՞տք է վճարեն նախկին ամիսների (հունվար-մարտ) համար պարտադիր կուտակային վճարներ, թե՝ ոչ:
Պարտադիր կուտակային վճարներ կատարե՞լ, թե՝ ոչ
Նախ պետք է փաստել, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը լի է ներքին հակասություններով, որոնք բավականին դժվարացնում են անձանց կանխատեսելու իրենց վարքագիծը, քանի որ վերջիններս չեն կարողանում այն համապատասխանեցնել ՍԴ որոշմանը: Եվ այսպես· վճարե՞լ, թե՞ չվճարել:
ՍԴ-ն իր որոշումով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը եւ հանգեցնում են մարդու կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման: Այս հոդվածները ճանաչվել են Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ եւ 43-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:
Վերը նշված հոդվածները հիմնականում վերաբերում են պարտադիր կուտակային բաղադրիչին, մասնավորապես, որ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցում են 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը (5-րդ հոդ. 1-ին մաս), դրույքաչափերին եւ վճարման պարբերականությանն ու պայմանին (7-րդ հոդ. 1-ին եւ 11-րդ մասեր), կենսաթոշակային ֆոնդի փայերի սահմանափակմանը, մասնավորապես, որ դեպքերում անձը կարող է ստանալ գումար (կենսաթոշակի տարիքը լրանալը, 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչվելը, ծայրահեղ ծանր վիճակը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը):
Ակնհայտ է, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող հոդվածների մեծ մասում առաջ է քաշում կարեւոր վավերապայման, այն է՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձանցից կուտակային կենսաթոշակ կարող է պահվել միմիայն տվյալ անձանց հայեցողությամբ (պարտադիր կուտակային դրույքաչափերի մասին հիմնականում խոսվում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում), նշելով՝ «այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը եւ հանգեցնում են մարդու կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման»: Այսինքն, ՍԴ-ն կուտակային կենսաթոշակի պահումը կախվածության մեջ է դրել անձի հայեցողությունից: Ավելին, որոշման 6-րդ կետից ակնհայտ է դառնում, որ ՍԴ-ն կրկին Օրենքի վիճարկվող հոդվածների կիրառումը կախվածության մեջ է դրել մարդու հայեցողությունից: Մասնավորապես, ՍԴ-ն որոշման 6-րդ կետում նշում է· ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի[1], 8[2], 37[3], 38[4], 45-րդ[5] հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ[6] մասի եւ 86-րդ[7] հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում ...»:
Ասվածի լույսի ներքո ավելորդ եմ համարում անդրադառնալ որոշման պատճառաբանական մասում շեշտված՝ աշխատավարձը եւ այլ եկամուտները, որպես սեփականության իրավունք հանդիսանալուն: Միակ, ըստ իս, խնդրահարույց հարցն այն է, որ ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված նորմերի ուժը կորցնելու ժամկետ է սահմանել 2014թ.-ի սեպտեմբեր ամիսը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի երկրորդ պարբերությունը սահմանում է՝ «...Այդ դեպքում[8] մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող»: Ես այստեղ չեմ խոսի ՍԴ-ի այն ակնհայտ թերացման մասին, որ վերջինս ոչ միայն հակասահմանադրական է ճանաչել Օրենքի նորմերը, այլեւ՝ անվավեր, ինչը, ինչպես շատ արդարացիորեն նշում է սահմանադրագետ՝ Գոռ Հովհաննիսյանը[9], անիմաստ է դարձնում հակասահմանադրական ճանաչված նորմերի ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելը, քանի որ անհնար է արդեն իսկ անվավեր ճանաչված նորմի ուժը կորցնելու ժամկետ սահմանել, մանավանդ, որ ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ պարբերություն): Միաժամանակ, ենթադրում եմ, որ ՍԴ-ն այդպես է վարվել հիմքում ունենալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը, ըստ որի՝ «վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին», որտեղ «հակասողը» եւ «անվավերը» կապված են «եւ» շաղկապով: Ամեն դեպքում, եթե անգամ այդպես է, ապա այն որեւէ կերպ չի արդարացնում ՍԴ-ին:
Հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված նորմերը գործո՞ւմ են, թե՝ ոչ.
Եթե շրջանցում ենք վերը նշված «անվավերության» պահը, ապա ստացվում է, որ Օրենքը գործում է այնպես, ինչպես այն ընդունվել է, հետեւաբար գործում են Օրենքի առնվազն 5-րդ, 7-րդ եւ այլ հոդվածները՝ մինչեւ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը: Բայց, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի ուժով, հակասահմանադրական ճանաչված ակտերը համարվում են սահմանադրությանը համապատասխանող[10], մինչեւ դրանց ուժը կորցնելը, ապա կարելի է նշել, որ Օրենքի նորմերն ամբողջությամբ գործում են: Խնդիրն այստեղ կայանում է մեկ այլ բանում: Մասնավորապես, ՍԴ-ն որոշման մեջ բացահայտել է վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը: Թե՛ անվավեր եւ հակասահմանադրական ճանաչված նորմերի դեպքում եւ թե՛ սահմանադրությանը համապատասխանող նորմերի դեպքում ՍԴ-ն նշել է ԱՆՁԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆԻՑ ԳՈՒՄԱՐ ՊԱՀԵԼՈՒՆ, ուստի բոլորը պետք է նկատի առնեն այդ աքսիոմը, քանի որ հակառակ պարագայում կխախտվի անձի սեփականության իրավունքը, այնպես, ինչպես դրան մանրակրկիտ անդրադարձել է ՍԴ-ն իր որոշման մեջ:
Ասվածը, որպեսզի ավելի հստակ լինի, պետք է մեջ բերել ՍԴ որոշումից մի քանի դրույթ: «ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ եւ ունի որոշակի իրավական բովանդակություն: «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որեւէ այլ արժեք, այդ թվում ե՛ւ պետական, ե՛ւ հանրային խնդիրների լուծմանը կոչված որեւէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել: Սրանից էլ բխում է Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված նորմը: «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»[11]: Մեկ այլ տեղ՝ ՍԴ-ն էլ ավելի առաջ գնալով նշում է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների, այլ այդ հարցերում իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի սահմանադրական նորմերի անմիջական գործողության եւ, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներով»[12]:
Մեկ ուրիշ տեղ ՍԴ-ն նշում է. «Առկա իրավիճակից ելնելով եւ գործընթացները սույն որոշման պահանջներին եւ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը եւ ՀՀ ԱԺ-ն՝ իրենց իրավասության շրջանակներում, համապատասխան իրավակարգավորումներ իրականացնեն՝ պաշտպանելու համար մարդկանց սեփականության իրավունքը, այն կախվածության մեջ չդնելով տարաբնույթ տեխնիկական պայմաններից, թույլ չտալով գործող օրենքի հետադարձ ուժով կիրառում, իրականացվող քայլերի հիմքում ունենալով իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ պահպանումն ու վերջինիս վերաբերյալ ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները»:
Վկայակոչված իրավական դիրքորոշումներից ակնհայտ է, որ ՍԴ-ն պետական մարմիններին կոչ է անում անվերապահորեն ենթարկվել անձանց հիմնական իրավունքներին եւ այն չենթադասել տարբեր տեսակի տեխնիկական պայմանների, ավելին, թույլ չտալ գործող օրենքի հետադարձ ուժով կիրառում: Գործող օրենքի հետադարձ ուժով կիրառումը, կարծում եմ, տալիս է այն բանալին, ըստ որի Օրենքը չի կարող կիրառվել այնպես, որ այն հակասության մեջ մտնի ՍԴ իրավական դիրքորոշումներին: Ինչ վերաբերվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ կամավորության սկզբունքով միացել են կուտակային կենսաթոշակի համակարգին, որի մասին նշում կա նաեւ որոշման մեջ[13], ապա այս մասով ՍԴ-ն նշում է. «Միաժամանակ, հաշվի առնելով նաեւ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով», անհրաժեշտ է, որպեսզի սույն որոշման պահանջներից ու սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից բխող նոր իրավակարգավորումները սահմանադրական հիշյալ դրույթի շրջանակներում տարածվեն քննության առարկա օրենքին առնչվող իրավահարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների վրա՝ առանց ժամկետային սահմանափակման»[14]:
Արդյոք անձինք պե՞տք է վճարեն նախկին ամիսների (հունվար-մարտ) համար պարտադիր կուտակային վճարներ, թե՝ ոչ
Կարծում եմ, վերը նշված երկու կետերի վերլուծությունը ինձ թույլ է տալիս ասելու, որ իրավակիրառական պրակտիկան պետք է անվերապահորեն ելնի անձանց սեփականության իրավունքի գերակայությունից, ուստի նման պայմաններում չի կարելի անձի եկամուտներից պահել որոշակի գումար՝ առանց նրա համաձայնության: Այստեղ լավագույն լուծումը կարող էր լինել այն, որ անձը գրավոր դիմում ներկայացներ գործատուին՝ նշելով ՍԴ որոշման համապատասխան կետերը եւ պահանջեր, որ իր եկամուտից, որպես կուտակային կենսաթոշակ, գումարներ չպահվի: Այդուհանդերձ, եթե գործատուն կպահի այն, ապա հորդորում եմ տվյալ անձին դիմել դատարան՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջով:
Ամփոփելով վերը նշվածը պետք է նշեմ հետեւյալը. իրականում ՍԴ որոշումն ունի բացեր, որոնց մասին սույն կարծիքի մեջ չեմ խոսել: Այդուհանդերձ, այդ բացերով հանդերձ ՍԴ որոշումն ամրագրում է հստակ դիրքորոշում, որ չի կարելի անձից պահել կուտակային վճար առանց նրա համաձայնության: Եզրակացության մեջ չեմ խոսել ՍԴ Որոշման մեջ տեղ գտած օրենքի այն հակասահմանադրական նորմերի մասին, որոնք հակասում են Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաեւ չեմ խոսել օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության մասին: Հարկ եմ համարում մեկ անգամ եւս նշել.
-անձանցից կուտակային վճարներ կարող են կատարվել միայն վերջիններիս հայեցողությամբ՝ նրանց հստակ արտահայտված համաձայնության պայմաններում,
-օրենքի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված նորմերը գործում են մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը (թեեւ ՍԴ Որոշման մեջ առկա է ակնհայտ սխալ), սակայն այդ նորմերը կիրառելի են կուտակային կենսաթոշակի այն մասնակիցների համար, ովքեր միացել են այդ համակարգին: Միաժամանակ, եթե տվյալ անձինք գրավոր դիմում են, որ այլեւս կուտակային կենսաթոշակներ չպահվի, ապա իրավակիրառական պրակտիկան անվերապահորեն պետք է ելնի անձի հայեցողությունից.
-Անձը, եթե ընդհանրապես դեմ է իրենից կուտակային կենսաթոշակի գումարներ պահելուն, ապա ցանկալի է, որ նա այդ մասին գրավոր հայտնի գործատուին, իսկ եթե գործատուն այդուհանդերձ գումարները կպահի եւ կփոխանցի որպես կուտակային կենսաթոշակ, ապա անձը կարող է դիմել դատարան՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու եւ վնասը փոխհատուցելու պահանջով: Այն դեպքում, երբ անձը կամավոր հիմունքներով միացել է համակարգին, ապա այդ դեպքում հունվար-մարտ ամիսների համար կուտակային կենսաթոշակը ենթակա է վճարման:
Փաստաբան Գեւորգ Գյոզալյան
[1]Վերաբերվում է կամավոր սկզբունքով վճարներին (մասեր՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ)
[2]Վերաբերվում է ինչպես է պարտադիր կուտակային վճարը կատարվում:
[3]Վերաբերվում է մասնակցի կողմից ֆոնդ ընտրելու պարտականությանը:
[4]Վերաբերվում է մասնակցի կողմից ֆոնդ ընտրելու պարտականությանը:
[5] Վերաբերվում է ֆոնդի ակտիվներից գանձվող վճարներին:
[6]Վերաբերվում է կուտակային վճարների վերադարձնելիության երաշխավորմանը:
[7] Վերաբերվում է եզրափակիչ դրույթներին:
[8]Օրենքը հակասահմանադրական ճանաչելը և այդ ակտի իրավաբանական ուժը ավելի ուշ կորցնելը:
[10]Տվյալ օրենքի անհաջող և հակասահմանադրականությանը այստեղ չեմ անդրադառնում:
[11]Որոշման էջ 27:
[12]Որոշման էջ 59:
[13]Որոշման 59-60 էջեր
[14]Որոշման էջ 61:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել