HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի մարզում բացվել են նախակրթարաններ և քոլեջ

ՀՀ  կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է  Վայոց Ձորի մարզ: Ելփին և Չիվա գյուղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են  Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում:

Նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Դրանք նորոգվել են, կահավորվել՝ անհարաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ   պարագաներով: Նախկինում երբևէ մանկապարտեզներ չունեցած  Ելփին և  Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում:

Նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով և շեշտել, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա:

Նախարարը շրջել է նաև դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, կրթական ծրագրերին, դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավմանը և կրթական ոլորտին առնչվող այլ հարցերի: Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն  աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:    

Նույն օրը Եղեգնաձորում նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Շնորհավորելով ուսանողներին և մարզի բնակիչներին՝ նախարարն ընդգծել է.

«Վայոց ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատություն, որտեղ հնարավոր է ստանալ ժամանակակից և որակյալ կրթություն, որի շնորհիվ այսօրվա ուսանողը կկարողանա աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթության ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդության զբաղվածությունն ապահովելու իրատեսական և առաջնային ճանապարհ»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ համագործակցության և միջին մասնագիտական կրթության  համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Քոլեջի բացմանը  ներկա է եղել նաև  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:

Դեսպանը ՀՀ  կրթության և գիտության  նախարարության հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են  արդյունավետ: 

Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմումը ուսանողների համար տոնի է վերածվել, նրանք խանդավառությամբ շուրջպար են բռնել, որին միացել է նաև կրթության և գիտության  նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter