HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին

Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանն այսօր դիմում է գրել ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին: Դիմումը վերաբերում է  Սահմանադրական  դատարանի հայտնի որոշմանը:

«Պարոն Սարգսյան,

ՀՀ Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. (ՍԴՈ-1142) հայտնի որոշման հրապարակումից անմիջապես հետո մի քանի պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Թոխյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Թովմասյանը (ներկայումս՝ պաշտոնակատար) պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա յուրովի մեկնաբանելու պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման առանձին մասեր` այն կտրելով որոշման ընդհանուր բովանդակությունից:

Նշյալ պաշտոնյաների տարաբնույթ մեկնաբանությունները ոչ միայն մեծ դժգոհություն առաջացրեցին հասարակության մոտ, այլ նաև խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին հանրապետությունում: Ստեղծված այս խառնաշփոթ իրավիճակի համար, որը հղի է սոցիալական և հասարակական ցնցումներով, պատասխանատվությունն ընկնում է անմիջապես ոչ միայն նրանց, այլ նաև ՀՀ կառավարության վրա՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության: Ի դեպ, ՀՀ վարչապետի հրաժարականը բացարձակ կապ չունի նրա հետ, որպեսզի գործադիր իշխանությունն իրեն մատնի անգործության:

Խնդիրն այնքան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չէ, որքան այդ պաշտոնյաների տարաբնույթ մեկնաբանությունների: Ակնհայտ է, որ այդ որոշումը մեկնաբանել են հօգուտ ոչ թե մարդու և քաղաքացու, այլ իշխող կուսակցության կոորպորատիվ շահերի, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ անձինք շատ լավ կարողանում են սահմանագիծ քաշել մարդու իրավունքի և իշխող կուսակցության կոորպորատիվ շահերի միջև:

Եթե դժվար չէ, մեկ անգամ ևս ընթերցեք ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: ՀՀ Սահմանադրական դատարանն իր այս և այլ որոշմամբ նշել է, որ «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն: «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում և՛ պետական, և՛ հանրային խնդիրների լուծմանը կոչված որեւէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել, որ մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների, այլ այդ հարցերում իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի սահմանադրական նորմերի անմիջական գործողության և, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներով:

Բայց, այդուհանդերձ, ինձ որպես իրավապաշտպանի և գործատուի հետաքրքրում է հետևյալը.

1)     Հնարավոր է արդյո՞ք բավականաչափ ձևավորված պետությունում,  կասեցվեն նրա բարձրագույն իրավական ակտի որոշ դրույթների գործողությունները, այն էլ՝ ոչ արտակարգ իրավիճակներում, որոշ պաշտոնյանների մեկնաբանությունների հիման վրա:

2)     Հնարավոր է արդյո՞ք ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում, թեկուզև կարճ ժամանակով, Սահմանադրությամբ երաշխավորված և պաշտպանվող մարդու և քաղաքացու սեփականության իրավունքը սահմանափակել կամ զրկել նրան այն տնօրինելու իրավունքից, ոչ թե օրենքով կամ դատական ակտով, այլ ինչ որ պաշտոնյայի հրահանգով (սրանք չընդունել որպես հռետորական հարցեր):

Հետաքրքիր է իմանալ նաև, թե ինչու՞ է ՀՀ գործադիր իշխանությունը, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, շահագրգռված գործատուներին պարտավորեցնելու կանխամտածված կիրառել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմերը, այն դեպքում, երբ, այնուամենայնիվ, ս. թ. հոկտեմբերի 1-ից հետո պարտավորված են լինելու փոխանցված գումարները վերադարձնել իրենց սեփականատերերին (աշխատողներին):

Ստացվում է, որ անձինք, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո, մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը պարտավոր են ՀՀ կառավարության կողմից ընտրված ֆոնդերի հետ կնքել «աշխատավարձի տնօրինման սահմանափակման վերաբերյալ» պայմանագիր, ապա ինչո՞ւ այդ պայմանգրով այդ ֆոնդերը և ՀՀ կառավարությունը պարտավորություն չեն վերցնում իրենց վրա փոխհատուցելու այդ անձանց՝ ինն ամիս նրանց սեփական գումարներն օգտագործելու համար, քանի որ այդ անձինք կարող էին իրենց այդ գումարները ներդնել իրենց նախընտրած բանկերում՝ ավանդի տեսքով, և այդ նույն ժամանակահատվածում ստանալ եկամուտ:

Արդյո՞ք որևէ իմաստ և տրամաբանական կապ տեսնում եք այս հարցերի և որոշ պաշտոնյաների մեկնաբանությունների, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության գործողությունների միջև: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը գերակա խնդիրներ չունի լուծելու. միայն գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության ոլորտները պետք է բավարար լինեն, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, վերանայեն և փոխեն իրենց մոտեցումներն ու վարած քաղաքականությունը:

Փաստորեն, եթե առաջնորդվենք Թովմասյանի, Թոխյանի և Հարությունյանի կարծիքներով և հարկադրված ենթարկվենք էլեկտրոնային հաշվետվության ձևի պահանջներով, ապա որպես գործատուներ գիտակցաբար, կանխամտածված խախտելու ենք ՀՀ  Սահմանադրության 3-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի պահանջները՝ մեր աշխատողներին, առանց նրանց կամքը հաշվի առնելու, զրկելու ենք իրենց սեփական աշխատավարձերն ինքնուրույն տնօրինելու իրավունքից: Թեև համոզված եմ, որ աշխատողներն անպայման կօգտվեն դատական պաշտպանության իրենց իրավունքից, քանի որ ունեն դրա բավարար հիմքերը:

Սակայն, հարց է ծագում, արդյո՞ք ՀՀ ֆինանսների նախարարությունը հաշվի չի առել, որ դատական ատյանների կողմից կայացված որոշումները կարող են ճակատագրական լինել գործարար համայնքի համար, նրանք կրելու են ֆինանսական մեծ կորուստներ, պարտավորված են լինելու կատարել դատական ակտերի պահանջները՝ իրենց աշխատողներին փոխհատուցելու են նրանց հասցված վնասները՝ ինն ամիս նրանց սեփականություն հանդիսացող աշխատավարձից պարտադիր գանձումներ կատարելու համար: ՀՀ ֆինանսների նախարարությունն ի վիճակի է արդյո±ք կանխել մարդու և քաղաքացու իրավունքը (նաև ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդված[1]) խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները:

Եթե այո, ապա այդ կապակցությամբ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկեք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված էլեկտրոնային հաշվետվության «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական» ձևում (թիվ 86 ամփոփ հաշվարկ) կատարվի փոփոխություն՝ ապաակտիվացվի պարտադիր կուտակային վճարի հաշվարկման ինքնաշխատ ձևով լրացնելու դաշտը (տողը)՝ գործատուներիս (այդ թվում նաև անհատ ձեռներեց, նոտար) տրամադրելով հայեցողական լրացման հնարավորություն: 

Այս իրավիճակում բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավոր է առաջնորդվել միայն ՀՀ Սահմանադրությամբ (hh. 3, 6) և ՀՀ Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ, մասնավորապես նրա 6-րդ կետով արտահայտված իրավական դիրքորոշմամբ:

Ակնկալում եմ ստանալ հիմնավորված և պատճառաբանված պատասխան»:


[1] Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter