HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպիսի՞ վարչապետ են տեսնում գլենդելահայերը Հայաստանի համար

Կարինե Դանիելյան

IQ թեսթի անհրաժեշտության, եռացող կաթսայի գոլորշին բաց թողնելու եւ շախմատային ֆիգուրների տեղափոխության մասին

Քաղաքականությունը ամերիկահայերի կյանքի անբաժանելի մաս չէ, ինչպես է Հայաստանում ապրող հայերի համար: Կալիֆոռնիայում նրանք կարող են տասնամյակներ ապրել եւ չիմանալ, թե ով է ասենք Լոս Անջելեսի քաղաքապետը: Սակայն ԱՄՆ գաղթած հայերի համար այն, ինչ կատարվում է Հայաստանում, շարունակում է մնալ գերագույն հետաքրքրության առարկա, որովհետեւ ճակատագրի կամ հանգամանքների բերումով այստեղ հայտնվելով, նրանք երբեք էլ հայացքը չեն կտրում Հայաստանից: Այս օրերին, երբ Հայաստանում նոր վարչապետացուի անընդմեջ քննարկումներ են ընթանում, գլենդելաբնակ հայերը եւս դիտարկումներ ու գուշակություններ են անում իրերի հավանական ընթացքի վերաբերյալ: Ինչպիսի՞ նոր վարչապետ կուզեին նրանք տեսնել Հայաստանում, որը կարող է փոփոխել իրավիճակը եւ իրական բարեփոխումներ իրականացնել: «Հետքը» պատահական ընտրությամբ դիմեց մի քանի գլենդելաբնակ հայերի` փորձելով  արտացոլել նրանց տրամադրություններն այս հարցում:

Նադյա Պետրոսյան (ուսուցչուհի)- Վարչապետը պիտի անկախ գործի, ինքը կայացնի իր որոշումները, գիտակից, ազգասեր, հայրենասեր եւ երկրի շահերն իր անձնական շահերից բարձր պահող մեկը լինի: Եթե հանրապետականները նորից իրենց թեկնածուին բերեն, ոչ մի փոփոխություն չի լինի, ուղղակի կլինի շախմատային տեղափոխություն` ընդդիմության աչքին թոզ փչելու եւ նրան մի քիչ հանդարտեցնելու համար: Բայց ընդհանրապես, միայն վարչապետի աշխատանքը ոչինչ չի նշանակի, եթե պառլամենտական մեծամասնությունը միայն կոճակ սեղմելով զբաղվի: Եվ երեւում է, որ հանրապետականները կառավարությունն ուրիշին հանձնելու մտադրություն չունեն, քանի որ գլխավոր նպատակը նյութական շահեր ապահովելն է, եւ ամենայն հավանականությամբ վարչապետ կնշանակվի իշխանական կոհորտայից որեւէ մեկը:

Հայաստանում այսօր խունտայական սկզբունքներով գործող իշխանություն է գործում, իսկ մենք կարիք ունենք ազգային սկզբունքների նվիրյալ իշխանության: Այնպես որ, սա փոփոխության հույս չէ, այլ ընդամենը շախմատային տեղափոխության սպասում:

Ալեքս Փիրումյան (ծրագրավորող)- Իմ կարծիքով, որպեսզի որեւէ փոփոխություն լինի, նախագահը պիտի փոխվի եւ իշխող կուսակցությունը: Վարչապետը կապ չունի, վարչապետը մարիոնետային ֆիգուր է, հիմա պարզապես նոր եւ աշխատող քաղաքական ֆանտազիաների հորինման ժամանակն է. նախկին վարչապետի մտքերը սպառվել են, նոր հեքիաթների կարիք կա, որ ժողովրդին կերակրեն:

86-ամյա Ամալյա տատիկ- Խիստ մարդ է պետք, որ չթողնի գողություն անեն, էդ փողերը որ գալիս են երկիր, չցրեն, մեկ-մեկ իմանա, որը որտեղ է գնում, ինքն էլ գռփող-չռփող չլինի: Ով էլ խոսի` Ամերիկան, թե Ռուսաստանը, չլսի, բերանները փակի, որ զգան երկիր կա դեմները:

Երվանդ Գրիգորյան (հոգեբան)- Ոչ մի վարչապետ այսօրվա Հայաստանում որեւէ դրական փոփոխություն չի կարող իրականացնել, որովհետեւ վարչապետ ընտրվելու նպատակը բարեփոխումներ իրականացնելը չէ, այլ հարստանալը, անձնական ու կոնյուկտուրային հարցեր լուծելը: Հայաստանեում վաչապետ ընտրվելու դժվարությունները կապված են մեր հոգեկերտվածքի (մենթալիտետ) հետ: Այսօրվա մեր զարգացման մակարդակը թույլ չի տալիս, որ մենք պետականորեն մտածենք եւ անձնական շահից մի փոքր հեռուն տեսնենք:

Մի հին անեկդոտ կա. երբ որ Սովետում ասում էին, փոփոխություններ են լինելու, նոր ղեկավարներ են նշանակվելու, այսինչին բերելու են այն մեկի տեղը, մարդիկ ասում էին` տրամվայի վարորդին պետք չէ փոխել, երկաթգծերն է պետք է փոխել: Այսինքն, տրամվայը նույն գծերի վրայով է ընթանալու, ով է վարում այն, նշանակություն չունի:

Եվ մի բան էլ` ռուսներն ասում են` կաթսան եռում է, գոլորշին մի փոքր բաց թողնենք, որ ժողովուրդը հանգստանա եւ փողոցներից տուն գնա: Վարչապետին փոխելը կաթսայի գոլորշին բաց թողնելու նման բան է: 

Մայքլ Թորոսյան (ապահովագրական ընկերության աշխատող)- Թող խելացի մեկը լինի, բարձր IQ (intelligence quotient) ունենա (IQ հանրահայտ թեսթերն ինտելիգենտության մակարդակը որոշող հատուկ թեսթեր են, որոնց արդյունքները  սովորական մարդկանց համար տատանվում են 90-100-միավորի սահմաններում: Էյնշտեյնի IQ-ն, օրինակ, եղել է 170 - Կ.Դ.): 

Բարձր IQ ունենալը շատ կարեւոր է, քանի որ տրամաբանության, կրթվածության, զարգացածության, եւ ընդհանրապես մտավոր ցածր կարողություններով մարդը չի կարող խելացի կառավարել եւ հեշտությամբ ազդեցությունների տակ կարող է ընկնել: Առաջարկում եմ ճշտել նաեւ թեկնածուների ինտելիգենտության որակը:

Եվ բացի այդ, նաեւ հոգեբանական նկարագիրը ճշտող թեսթեր պիտի անցկացվեն, քանի որ Հիտլերի օրինակը ցույց տվեց, թե ինչպիսի վտանգ կարող են ներկայացնել պաթոլոգիկ հատկություններ ունեցող մարդիկ: ԱՄՆ-ում, Եվրոպայում, մեծ ընկերությունները նոր աշխատող ընդունելիս նաեւ այսպիսի թեսթեր են անցկացնում, մենք կույր աչքերով վարչապետ ենք ընտրում կամ նախագահ, որոնցից երկար ընթացք կախված է ժողովրդի վիճակը: Պետք է մոտեցումները փոխվեն,:

Դիանա Մկրտչյան (մանկապարտեզի դաստիարակչուհի)- Ամուր կաղին պիտի լինի, ինքնուրույն մարդ, որի համար նույնիսկ նախագահի կարծիքը որոշիչ չի կարող լինել: Մարդ, որ մենեջերական կարողություններից բացի նաեւ դրսի աշխարհի հետ հաղորդակցվելու սուր միտք ունենա, կարողանա ճկուն լինել Արեւելքի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում: Երբեմն հենց անձնական հատկանիշները օգնում են մեծ խնդիրների լուծմանը: Նաեւ հավասարակշիռ եւ կանխատեսելի լինի, բարոյական բարձր արժեքներ ունենա, ոչ թե միլիոններով կաշառք վերցնի:

Զոհրապ Շահնակյան (բժիշկ)- Նոր վարչապետի տեղում ես կուզեի տեսնել նվիրյալ, ազնիվ, աշխատասեր եւ պրոֆեսիոնալ անձնավորության, որ կարողանա կազմակերպել երկրի տնտեսությունը եւ այն բարձրացնել պատշաճ մակարդակի: Երկրի բարեկեցությունը կապված է երկրի տնտեսության հետ,   ամեն ինչի` ծերերի ու երեխաների,  բանակի ու կրթության ապագան կախված է տնտեսության զարգացման մակարդակից: Եթե գրպանում 5000 դոլար ունես, շատ բան չես կարող անել, բայց եթե 50մլն ունենաս, շատ ավելին կանես` եւ կարող ես ծերերին կերակրել, եւ դպրոցին ուշադրություն հատկացնել, եւ զինվորին զենք տալ, եւ ճանապարհներ կառուցել:

Եթե ամբողջացնենք տարբեր կարծիքների հանրագումարը, ապա այս փոքր հարցախույզի մասնակիցների կարծիքով, նոր վարչապետը պրոֆեսիոնալ, հայրենասեր ու նվիրյալ, անձնական շահից վեր կանգնած, բարձր IQ –ով եւ մտավոր կարողություններով կանխատեսելի անձնավորություն պիտի լինի, որ ի լրումն ամենայնի, միջազգային ատյաններում ներկայանալու ճկունություն ունենա: Ցանկալի, սակայն խիստ բարձր ակնկալիքներ են, եւ դժվար է ասել, թե դրանց ո՞ր չափաբաժինը կհամընկնի նոր վարչապետի նկարագրին: Իսկ թե լավատես չլինենք ու մի փոքր էլ սնահավատորեն մոտենանք հարցին /ի վերջո կառավարության նոր ղեկավարը  լինելու է անկախ Հայաստանի 13-րդ վարչապետը/ եւ համընկնումը նվազագույն լինի, ապա այս իրարանցումը իսկապես կմնա քաղաքական շախմատի հասարակ կոմբինացիայի մակարդակում, իբրեւ տրամվայի վարորդին փոխելու կամ եռացող կաթսայի գոլորշին բաց թողնելու պարզագույն գործողություն:

Մեկնաբանություններ (6)

Arsen
Togh dzenner@ ktren, ver @ngnen teghner@, iranc kartsiq@ voch mekin chi hetaqrqrum.
Ani
Isg ko gartsigi voch meki khelki mod chi untunum.
Mike
Arsen jan qez erevi pox uxarkox chka ha? Spyurq@ menak ognutyun hamara?
Ed
Arsen, yand taratsa ara?
Ani
We are not dictating anything, just wishing the best for our country. By the way we have problems, too. Life is not easy for us,but if we live in another country, doesn't mean that we don't care about our country. Here, almost everybody that I know is trying to help by doing different kind of charitable activity. I am not mentioning the big donors who are the builders of our country. We need to open our eyes and brain and see the good things done by the Diaspora Armenians.
Ch-Arsen
Arsen is no doubt a self-righteous idiot who thinks that place of residence defines 'hayrenaser'. Mike's comment is so to the point, bravo.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter