
«Շեկո»-ի սպանության գործով դատաքննությանը համառորեն չեն ներկայանում «քավոր Հարութն» ու սպանվածի կինը
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատաքննության 5-րդ նիստն էլ անցավ գրեթե նույն սցենարով, ինչ նախորդները: Տուժող Հարություն Խաչատրյանն այսօր էլ ներկա չէր դատական նիստին, չէր ներկայացել նաեւ սպանված Արտյոմ Կարապետյանի կինը, ով համարվում է տուժողի իրավահաջորդ: Այս նիստին դատակոչված վկաներն եւս, ինչպես եւ նախորդները կամ ոչինչ չէին տեսել, կամ էլ հիշել էին այնպիսի մանրամասներ, որոնք տեղ չէին գտել նախաքննական ցուցմունքներում:
Վկա Անահիտ Մկրտչյանն, ով աշխատում է «Ցածր գներ» վաճառատանը, դեպքի օր եղել էր աշխատավայրում եւ կեսօրից հետո օգնել էր գործընկերուհուն դասավորել նոր ստացած ապրանքը: Անահիտ Մկրտչյանը պատմեց, որ երբ հերթական արկղը ձեռքին մտել է տնօրենի կաբինետ՝ լսել է կրակոցի նմանվող ձայներ, սկզբում հատ-հատ, հետո կրակահերթի նմանվող: Հայտնվելով ընդհանուր սրահում եւ դռնից դուրս նայելով նկատել է դիմացի մայթի մոտ կանգնած սեւ մեքենա, որից «շեկ» մազերով մի տղա է իջել: Վկան դժվարացավ նկարագրել տեսած տղամարդու արտաքինը՝ նշելով, որ միայն գլուխն է տեսել, այն էլ ակնթարթային, քանի որ այդ պահին լսել է, թե ինչպես է ընկերուհին՝Ասյա Խաչատրյանը գոռում.«պառկե՛ք, խանութի վրա են կրակում»:
«Հետո լսեցի, որ ինչ որ մեկն ասաց, թե փոքր երեխա կվազե: Ես անհանգստացա, որովհետեւ 10 տարեկան եղբայր ունեմ ու էդ ժամին պիտի դպրոցից տուն գար: Երբ աղմուկը դադարեց, բոլորս ելանք մեր պառկած տեղերից, ես անմիջապես զանգել եմ տուն: Ես ուրիշ բան չեմ տեսել, հետո մեզ տարել են ոստիկանություն»,-պատմեց վկան:
Մեղադրող Արմեն Շիրոյանին հետաքրքրում էր, թե Անահիտ Մկրտչյանի տեսած սեւ գույնի մեքենան ի՞նչ մակնիշի էր եւ արդյո՞ք եղել է զենք մեքենայից իջած տղամարդու ձեռքին: Վկան մեկ անգամ եւս կրկնեց, որ դա մի ակնթարթ է տեւել եւ ինքն էլ տղամարդու ձեռքին զենք չի տեսել, անգամ չի կարող ասել, թե նա կապ ունե՞ր դրսում կատարվածի հետ, թե ոչ: Արմեն Շիրոյանը միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ կային էական հակասություններ դատարանում տված ցուցմունքի հետ:
Միջնորդության դեմ չառարկեց, սակայն հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Հայկ Ալումյանը: Վերջինս առաջարկեց մեղադրողին ընթերցել հենց բնագրից, այսինքն փաստաբանի կատարած գրառումից:
«Ես զարմանում եմ, թե ինչպես կարող էր վկան այս անընթեռնելի ձեռագրով գրված ցուցմունքի վերջում նշել, որ ինքը կարդացել է, ամեն ինչ ճիշտ է ու հետո էլ ստորագրել»,-նկատեց Հ. Ալումյանը: Մեղադրող կողմն էլ հակադարձեց, թե պատրաստ է կատարել փաստաբանի ցանկությունը եւ իր համար անընթերցելի ձեռագրեր չկան, պարզապես ժամանակ խնայելու նպատակով կկարդա արդեն իսկ պատրաստված եւ մեքենագրված տեքստը:
Նախաքննական ցուցմունքում վկան չէր հիշատակել ոչ սեւ մեքենան, ոչ էլ «շեկ գլխով» տղային: Մեղադրողի հարցին, թե ինչու՞ է վկան քննիչից թաքցրել, եթե իրոք տեսել է ինչ որ մեկին կամ ինչու՞ է հիմա կարեւորվել այդ դրվագը, Անահիտ Մկրտչյանը նշեց, որ դեպքից հետո ինքը վախեցած է եղել ու ճնշված: «Իսկ կապ ունե՞ր ձեր վախեցած լինելու հանգամանքը դիմացի մայթին կանգնած սեւ մեքենայի հետ»,-հարցրեց մեղադրողը: «Դե ես ասացի, որ մեզ տարան ոստիկանություն, բավական երկար ժամանակ այնտեղ պահեցին, իսկ ես ուզում էի տուն գնալ, դրա համար էլ ինչ հիշել եմ, պատմել եմ, որ շուտ տուն գնամ»,-բացատրեց վկան:
Անդրադառնալով նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներում եղած հակասությանը, դատավոր Աշոտ Մանուկյանը նկատեց, թե վախն այստեղ հավանաբար ամենաքիչ դերակատարությունն ունի, քանի որ վկային քննիչը հարցաքննել է ոչ թե հենց դեպքի օրը, այլ 8 ամիս անց՝ 2013 թ-ի դեկտեմբերի 3-ին: «Ինչի՞ց էիք վախեցել դուք այդքան ամիսներ անց եւ ինչու՞ եք հիմա հիշել, որ սեւ մեքենա եք տեսել»,-հարցրեց դատավորը: Վկան չկարողացավ որեւէ տրամաբանական բացատրություն տալ հարցին, միայն նկատեց, թե դեպքի օրն իրեն բանավոր քննել են ոստիկանությունում ու ինքը հոգեպես ճնշված է եղել:
Հաջորդ վկան եւս «Ցածր գներ» վաճառատան աշխատակցուհիներից էր: Նարինե Բարսեղյանը դեպքի օրը աշխատել է սովորական ռիթմով: Դրսից աղմուկ է լսել, սակայն մտածել, թե հավանաբար երեխաներն են պայթուցիկներով զվարճանում: Վկան այդ պահին հաճախորդի է սպասարկել, երբ լսել է գործընկերուհու ձայնը, որ պառկեն հատակին, քանի որ դիմացի մայթից կրակում են խանութի ուղղությամբ: Վկան շատ բան չի տեսել: Բաժինը, որտեղ աշխատում է, գտնվում է սրահի խորքում:
Դատակոչված երրորդ վկան ամբաստանյալի եղբայրն էր: Հովհաննես Ղուկասյանը հայտարարեց, որ օգտվում է դատավարական իր իրավունքից եւ հրաժարվում է եղբոր դեմ ցուցմունք տալուց: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Ապրիլի 23-ին վկան արթնացել է ժամը 11-ին: Եղբայրը տանը չի եղել եւ ինքը չի իմացել, թե Վահիկն ուր է գնացել: Կեսօրից հետո վկան մեկնել է Հառիճ գյուղ՝ պապին տեսության ու Գյումրի վերադարձել միայն հաջորդ օրը: Հովհաննես Ղուկասյանն իր ցուցմունքում նշել է, որ եղբոր հետ հեռախոսով չի շփվել եւ դեպքի մանրամասներին տեղեկացել է միայն լրատվամիջոցներից: Վկան պնդել է, որ երբեք եղբոր մոտ զենք չի տեսել, հայրն եւս երբեք զենք չի պահել:
Հովհաննես Ղուկասյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ իրենց պատկանող «Վազ 2107» մակնիշի մեքենան գրանցված է «55 QQ 558» պետհամարանիշով եւ ինքը տեղյակ չէ «99-999» համարներից: Դեպքի օրը Վահե Ղուկասյանը մեքենան վարել է նշված պետհամարանիշով, որը գրանցված չի եղել: Թեպետ վկան հրաժարվել էր ցուցմունք տալուց, սակայն պետհամարանիշերի մասով հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանում ասաց, որ ինքը նախաքննության ընթացքում նշել է մեքենայի հին պետհամարանիշը՝ ցանկանալով պաշտպանել եղբորը, իսկ իրականում դեպքից դեռ երեք ամիս առաջ ինքն ու եղբայրը մեքենան վարել են 999-վ վերջացող պետհամարանիշով: Դատավորի վկային ուղղված «որտեղի՞ց ձեզ այդ պետհամարանիշը» հարցին տեղից պատասխանեց ամբաստանյալը. «Գտել ենք»: Դատավորը խոստացավ պարզել, թե որտեղից են գտել Ղուկասյան եղբայրները չգրանցված պետհամարանիշը:
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին: Դատավոր Աշոտ Մանուկյանը որոշում կայացրեց բերման ենթարկել դատակոչված, սակայն նիստերին չներկայացող վկաներին:
Մեկնաբանել