
Հայաստանի ռուսաստանականացումը, կամ “Курица не птица, Армения не заграница”
Էդգար Վարդանյան
Ակնհայտ է, որ գնալով Հայաստանը էլ ավելի մեծ կախման մեջ է ընկնում Ռուսաստանից։ Դեռ մաքսային միություն չմտած` հետխորհրդային տարածքում (իսկ աշխարհում եզակի երկրներից մեկը), ՀՀ-ն դարձել է միակ երկիրը, որն անվերապահորեն աջակցում է ՌԴ-ին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին էին, օրինակ, ժամանակին, Բուլղարիայի և ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունները, որը լավագույնս բնորոշում է հետեւյալ սովետական ժողովրդական ասացվածքը` "Курица не птица, Болгария не заграница"(Հավը թռչուն չէ, Բուլղարիան արտասահման չէ):
Ռուսաստանից Հայաստանի էլ ավելի կախվածությունը ապացուցող վերջին փաստարկներից է` ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հաստատող բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկությունն է։ Հետխորհրդային տարածքի երկրներից պաշտոնական Երեւանից բացի միայն պաշտոնական Մինսկն էր, որը «դեմ» քվեարկեց: Սակայն Բելառուսը, մինչ այդ հայտարարել էր, որ չի ճանաչում Յանուկովիչին որպես նախագահ, իսկ այդ երկրի նախագահ Ա. Լուկաշենկոն վերջերս հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի հետ եւ, փաստորեն, դրանով իսկ, պաշտոնական մակարդակով ճանաչել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին։ Իսկ պաշտոնական Երեւանը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ որեւէ հայտարարություն, գործողություն չի արել, որը կտարբերվեր պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումից։
Հայաստանում շատ հաճախ նշվում է, որ Հայաստանի գերպրոռուսական լինելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Ըստ շատերի տեսակետի, եթե Հայաստանը հակադրվի Ռուսաստանին, ապա դա կարող է առաջացնել վերջինիս զայրույթը եւ բերել նրան, որ Ռուսաստանը վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, կարող է նշանակել, որ Հայաստանը հարձակման է ենթարկվելու վերջինիս կողմից: Այսինքն, ակնարկվում է, որ, կոպիտ ասած, ավելի լավ է ամբողջությամբ Ռուսաստանից կախված վիճակում լինել, քան ընդհանրապես գոյություն չունենալ։
Վերոնշյալ թեզը սակայն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նախ, ստացվում է, որ մենք պետք է ընդունենք, որ այն ինչ շահեկան է Ռուսաստանին, պարտադիր շահեկան է նաեւ Հայաստանին եւ միայն Ռուսաստանն է որոշում, ինչն է մեզ համար շահեկան, ինչը` ոչ: Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, կարող է պարտադրել մեզ համար անշահեկան, անցանկալի ինչ-որ մի բան եւ մենք պետք է ընդունենք այն, որովհետեւ մտածում ենք, որ Մոսկվան կարող է այլեւս չերաշխավորել մեր անվտանգությունը, որի արդյունքում թշնամիների կողմից մենք հարձակման կենթարկվենք եւ կկործանվենք: Բայց եթե մենք ստիպված ենք լինելու իրականացնել մեր շահերից չբխող քաղաքականություն, ապա այդ դեպքում մենք նույնպես կարող ենք կործանվել: Ուստի, եթե այսօր Ադրբեջանն է մեր անվտանգության համար հիմնական արտաքին սպառնալիքը, ապա վաղը այդպիսի երկիր կարող է դառնալ նաեւ Ռուսաստանը:
Մեր համոզմամբ ՀՀ անվտանգությունը ապահովվում է ոչ թե Ռուսաստանի, այլ ուժերի բալանսի շնորհիվ: Ամբողջապես «տրվելով» Ռուսաստանին Հայաստանը կորցնում է հնարավորությունը «խաղալ» Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի նմանության եւ տարբերության, նրանց հակասությունների, նրանց միջեւ ընթացող մրցակցության հետ եւ արդյունավետորեն հետապնդել սեփական շահերը:
Նշենք նաև, որ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում շատերի համար «մեր անվտանգությունը» բառակապակցությունը նշանակում է, ոչ թե «մեր պետության անվտանգությունը», այլ «մեր համայնքի, էթնոսի անվտանգությունը» ինչը ենթադրում է, որ վերջինս կարելի է ապահովել նաեւ այլ պետության շրջանակներում: Սա հակասահմանադրական, հակապետական, հայ ժողովրդի անվտանգությունը հարվածի տակ դնող դիրքորոշում է:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել