HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ կոլեկտիվի՝ դպրոցի տնօրենը ալյուր չի վաճառել

Գեղարքունիքի մարզի Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի ծնողական խորհրդն ու մանկավարժական կոլեկտիվը նամակ են ուղարկել «Հետքին»:  

Նրանք արձագանքել են հոկտեմբերի 10-ին հրապարակված հոդվածին, համաձայն որի` դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանը կասկածվում է 17 պարկ ալյուր վաճառելու մեջ:

«Ըստ լրատվամիջոցների`ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հիշյալ դպրոցում կատարվել է չարաշահում. վաճառվել է 17 պարկ ալյուր: Իրականությունն այլ է. անհիմն մեղադրել մի տնօրենի, որն իր մանկավարժական գործունեության ընթացքում աշխատանքին նվիրվել է հոգով ու սրտով, անմնացորդ»,-գրված է նամակում:

Վերջիններս որպես ասվածի ապացույց վկայակոչել են տնօրենի կոչումները.  2001թ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից ճանաչվել է լավագույն տնօրեն «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար», 2005թ. արժանացել է  ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2008թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, իսկ 2009-ին՝ պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով:

«Իր պաշտոնավարման օրվանից մինչև օրս զբաղվել եւ զբաղվում է դպրոցաշինության գործով, եւ շատերը փորձի փոխանակման նպատակով հաճախ են լինում մեր դպրոցում:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը զարմացած եւ զայրացած է, որ կարող են գրչի մեկ հարվածով մրոտել տարիների վաստակ ունեցող մանկավարժական մի կոլեկտիվի, որի ձեռքբերումները ակնհայտ են թե' մարզում, թե' հանրապետությունում»,-գրված է նամակում:

Թեեւ դպրոցի կոլեկտիվը «գրչի մեկ հարվածով մրոտել» արտահայտությամբ մեղադրում է լրագրողներին, սակայն նշենք, որ դպրոցից 17 պարկ ալյուր վաճառելու մասին լուրը հաստատել էին Գեղարքունիքի մարզպետարանից, իսկ ոստիկանությունից էլ տեղեկացրել էին, որ այդ փաստով նյութեր են նախապատրաստվում:

Կոլեկտիվն իր նամակով այնուհետեւ պարզաբանել է, որ նշված ծրագիրը նախատեսված  է դպրոցի 1-4 դասարանների 304 աշակերտների սննդի կազմակերպման համար, որի շրջանակներում դպրոցը ՄԱԿ-ի պարենի ծրագրով ստանում է տարբեր սննդամաթերք, այդ թվում` ալյուր:

Ծնողական կոմիտեի անդամ Մագդա Վարդանյանը նամակով հավաստել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում  են  նաեւ բարձր դասարանների 30 անապահով աշակերտներ: Դպրոցը 6 ծնողների  միջոցով կազմակերպում է ամենօրյա հացաթխման և սննդի պատրաստման աշխատանքները, որը վերահսկվում է ինչպես տնօրենի, այնպես էլ ծնողական խորհրդի կողմից:

«Համաձայն ծրագրի, նշված  ճաշարանի 6 աշխատակիցները իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ոչ թե դրամով, այլ սննդամթերքով, եւ ամեն ամիս ծրագրից ստանում են յուրաքանչյուրը մեկ պարկ ալյուր, ինչպես նաեւ այլ սննդամթերք: Հաշվի առնելով աշխատակիցների խնդրանքը եւ նրանց սոցիալապես անապահով վիճակը` իրենց   հասանելիք ալյուրը  ժամանակից շուտ էր տրվել, որի վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթերը»,-ասված է նամակում:

Իսկ ծնողական խորհրդի նախագահ Անահիտ Վարդանյանն էլ փաստել է, որ անմիջական մասնակցություն ունի այդ աշխատանքներում եւ վստահեցնում է, որ սննդի բացթողումը կատարվում է լիազոր անձի կողմից, ալյուրի ստացումն ու բացթողումը հաշվառվում է խստագույնս` փաստաթղթերով, եւ փաստացի ոչ մի տարբերություն չի գրանցվել, իսկ սննդի որակից գոհ են երեխաները, ծնողները եւ դասվարները:

Նկատենք, որ դպրոցի կոլեկտիվի նամակն ավելի շատ ուղղված է մարզպետարանին, քան լրատվամիջոցներին, քանի որ այդ մասին հաստատել էր հենց մարզպետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter