Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը՝ դատական իշխանության մասին
Հրապարակվել է ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը մշակվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Անդրադարձ կա նաև դատական իշխանությանը` հատուկ ընդգծելով նրա դերի, հասարակության շրջանում վստահության բարձրացումը, անկախությունը, ինքնուրույն և հաշվետու իշխանության կայացումը, արդարադատության խորհրդի դերի բարձրացումը և այլն:
Ըստ նախագծի՝ 1995թ. Սահմանադրության ընդունումով նախաձեռնել և 2005թ. կատարված բարեփոխմամբ շարունակել է անկախ դատական իշխանության և արդարադատության արդյունավետ համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Սակայն վերջին տարիներին հասարակության իրավագիտակցության բարձրացման, քաղաքացիական հասարակության զարգացման պայմաններում այս ոլորտում բացահայտվել կամ ընդգծվել են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք ժողովրդավարական և իրավական պետությունների լավագույն ավանդույթներին համահունչ արդյունավետ լուծումներ են պահանջում հենց Սահմանադրության մակարդակով:
Հանձնաժողովի կարծիքով՝ այդ խնդիրներից հիմնականը դատական իշխանության գործունակության ցածր մակարդակն է, որը պայմանավորված է դատական իշխանության գործառութային անհստակություններով, կառուցակարգային անկայունությամբ, ոչ լիարժեք անկախությամբ, դատավարական ընթացակարգերի թերություններով, ինչպես նաեւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մի շարք բացասական դրսևորումներով: Դրանց հետևանքով ցածր է նաև դատարանների հանդեպ հանրային վստահությունը:
Նախագծում ասվում է, որ Սահմանադրական բարեփոխումների առաջնահերթ հայեցակարգային խնդիրներից մեկն անկախ, ինքնուրույն և հաշվետու դատական իշխանության կայացումն է: Այս առումով բարեփոխումների արդյունավետությունը կապվում է ոչ թե նոր ինստիտուտների ստեղծման, այլ արդեն կայացած կառույցների կատարելագործման հետ: Այս համատեքստում կարևորվում է արդարադատության խորհրդի դերի և գործունեության արդյունավետության բարձրացումը:
«Սահմանադրական այս մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական ազդեցություններից: Բացի դրանից, արդարադատության խորհրդին հարկ է օժտել սահմանադրական այնպիսի գործառույթներով, որոնցով այն ի զորու կլինի գործուն դեր կատարել դատական իշխանության անկախության ու ինքնուրույնության ապահովման հարցերում»,-ասվում է հայեցակարգի նախագծում:
Ինչ վերաբերում է դատարանների կողմից իրականացվող արդարադատության արդյունավետության բարձրացմանը, ապա սահմանադրական կարգավորումների մակարդակում այն առաջին հերթին կապվում է դատական համակարգի կառուցվածքի, այսինքն՝ դատական ատյանների և օղակների քանակի ու դրանց գործառութային կապի օպտիմալ ձևաչափի ընտրության հետ:
Հանձնաժողովի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում դատական համակարգի որևէ մոդել չունի ընդգծված նախապատվություն կամ ակնհայտ առավելություններ: Առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել ինքնուրույն դատական օղակ, օրինակ՝ տեղական դատարաններ, որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ (օրինակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները՝ ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը:
Ուշադրության արժանի մոտեցում են համարում նաև դատական ատյանների քանակի կրճատումը՝ եռաստիճանից երկաստիճան՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:
Քննարկման առարկա է համարվում նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձարկված, օրինակ` երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը: «Սակայն, ամեն դեպքում, նկատի է առնվում, որ արդարադատության իրականացման հիմնական ծանրությունը կրելու է դատական համակարգի առաջին ատյանը՝ որպես ցանկացած իրավական վեճ ըստ էության քննող դատարան:
Հայեցակարգային մակարդակում մեթոդաբանական նոր մոտեցումը ենթադրում է առաջին հերթին սահմանադրորեն ամրագրել դատական իշխանության գործառութային ամբողջականությունը երաշխավորող անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ, որոնք, դատավարական և դատարանակազմական ընդհանուր սկզբունքներից ելնելով, հիմք կծառայեն նաև դատական իշխանության մարմինների համակարգի ձեւավորման համար»,- ասվում է նախագծում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել