Ամփոփվել են «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթի արդյունքները
Այսօր «Սիրահարների այգում» տեղի ունեցավ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպել էր «Սոցիոսկոպ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Միջոցառման սկզբում «Սոցիոսկոպ» ՀԿ համանախագահ Էվելինա Գյուլխանդանյանը ներկայացրեց դրա նպատակը, այն է՝ հասարակության և պետության ուշադրությունը սևեռել Հայաստանում մարդու իրավունքների հարցին և խրախուսել այս թեմայով հետաքրքրվող լուսանկարիչներին:
Միջոցառմանը ընթացքում հայտարարվեցին 3 մրցանակային լուսանկարների հեղինակների անունները: Ժյուրին 1-ին տեղը շնորհել էր Նազիկ Արմենակյանի՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի երթը պատկերող լուսանկարին:
2-րդ տեղը շնորհվեց Արևիկ Մարտիրոսյանի և Վահե Բուդումյանի համատեղ աշխատանքին, որը պատկերում էր բացօթյա առևտրի թույլտվության համար պայքարողներին և նրանց տեսանկարահանող ոստիկաններին:
Իսկ 3-րդ մրցանակը տրվեց Լիլիթ Մուրադյանի՝ հուսալի ապագայի ակնկալիքով Գյումրեցի տղայի լուսանկարին:
Հաղթողները պարգևատրվեցին համապատասխանաբար 100 հազար, 70 հազար և 50 հազարական դրամներով: Պարգևները հանձնեցին ժյուրիի անդամներ՝ Վահան Քոչարը (լուսանկարիչ), Նունե Հախվերդյանը (լրագրող, թատերագետ), Տիգրան Խզմալյանը (կինոռեժիսոր):
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը տեղեկացնում է, որ ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները իրենց նախընտրած լուսանկարի համար քվեարկելու հնարավորություն ունեցան, որի արդյունքում որոշվեց «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակիր լուսանկարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել