
Խառնաշփոթ ՏՏ ոլորտի վիճակագրությունում
Երբ 2001թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակվեց որպես զարգացման գերակա ուղղություն, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում ստեղծվեց այդ ոլորտի վիճակագրության համար պատասխանատու առանձին ստորաբաժանում: Չէ՞ որ վիճակագրական տվյալները շատ կարևոր են ոլորտի զարգացման ծրագրեր մշակելու և առկա վիճակը գնահատելու համար: Սակայն անցնող տարիների ընթացքում ԱՎԾ-ն այդպես էլ չկարողացավ շատ թե քիչ հստակություն մտցնել ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալներում: Պատճառն այն է, որ ԱՎԾ-ն այդպես էլ չմշակեց ՏՏ ընկերությունների հաշվառման առանձին կոդ՝ ՏՏ ընկերությունների մի մասին դասակարգելով «այլ գործունեություն» դասիչով:
2003թ. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը սկսեց իրականացնել ՏՏ ոլորտի հասույթների, աշխատանքների, արդյունավետության գնահատման սեփական հետազոտություններ՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Այդ հետազոտությունները շարունակվում են մինչ այսօր, սակայն արդյունքներն էապես տարբերվում են ԱՎԾ պաշտոնական տվյալներից:
Այսպես՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2012թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 60 մլրդ դրամ, որը մոտավորապես համարժեք է 140 մլն դոլարին: Իսկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտություններով՝ 2013թ. ՏՏ հասույթը կազմել է մոտ 300 մլն դոլար: Այդ մասին տեղեկացանք հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից (հետազոտության արդյունքները կհրապարակվեն շուտով): Ստացվում է՝ վիճակագրական տվյալների ու անկախ հետազոտական տվյալների միջև կրկնակի տարբերություն կա: Ըստ Բ. Ենգիբարյանի՝ վիճակագրական ծառայությունն իրենց տվյալները չի հերքում և ընդունում է, որ ոլորտի լիարժեք հաշվառում ի զորու չէ իրականացնել: Այդ նպատակով որոշվել է ՏՏ ոլորտի բիզնես-ռեգիստրը տեղափոխել ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարույթ, ու այդտեղից տվյալները կուղարկվեն ԱՎԾ: Ընդ որում՝ հարցին տրվել է օրենսդրական լուծում, ու շուտով այն կքննարկվի Ազգային Ժողովում՝ ՏՏ սկսնակ ընկերություններին արտոնություն տրամադրելու հարցի հետ մեկտեղ: Դա հնարավորություն կտա ՏՏ ոլորտի վերաբերյալ միասնական վիճակագրական տվյալներ հրապարակել:
Հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն, ներկայացնելով ՏՏ ոլորտի վիճակագրությունը, հատուկ նշում է արել այն մասին, որ դա հիմնված է ՄԱԿ-ի ուղեցույցների ու մեթոդական ստանդարտների վրա: Միաժամանակ նշվում են այդ ստանդարտներին համապատասխանող մի շարք կոդեր՝ համակարգիչների, կապի սարքավորումների արտադրություն, առևտուր և այլն: Սակայն «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը հաշվարկում է ծրագրային ապահովումն ընդհանրապես, ինչն ԱՎԾ-ն ապահովել չի կարողանում: Այսինքն՝ դա ապահովելու համար պետք է ուսումնասիրություն կատարի «այլ գործունեություն» դասում, սակայն չի անում: Այդտեղից էլ առաջանում է վիճակագրական շիլաշփոթը: Այս հարցը, պարզվում է, վաղուց է քննարկվել ու առաջարկվել է լուծման տարբերակ, սակայն միայն վերջերս կառավարությունը որոշեց օրենքի փոփոխման միջոցով կարգավորել խնդիրը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել