
Հաջորդ շաբաթ Թբիլիսիի դատարանը կքննի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը
Առաջիկա շաբաթվա մեջ Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննի գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձման հարցը և որոշում կկայացնի՝ արտահանձնել նրան, թե ոչ: Դրանից հետո Վրաստանի արդարադատության նախարարը կվավերացնի արտահանձնման որոշումը: Այս մասին «Հետքին» հայտնեց Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Թեմուր Դոլիձեն:
Նա նաև նշեց, որ դատարանի որոշումից հետո նախարարի վավերացումը երկար ժամանակ չի խլի: «Չեմ կարծում, որ դատարանի որոշման մեջ որևէ փոփոխություն կկատարի արդարադատության նախարարը, որովհետև Աշոտ Սուքիասյանի գործը այստեղ որևէ քաղաքական կամ լուրջ թեմայի չի առնչվում: Կարծում եմ՝ նախարարը առարկություններ չի ունենա»,- ասաց մամուլի ծառայության պետը:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:
Մեկնաբանել