
Գևորգ Գորգիսյան. «Մենք հոգնել ենք սպասելուց, մենք ապրել ենք ուզում»
Կիմա Խաչատրյան
«Մենք կուսակցություն չենք: Մենք կառավարություն չենք: Մենք քաղաքացիներ ենք: Մենք իրականում մեզ վրա ենք վերցրել արհմիությունների աշխատանքը: Հուսով ենք, որ մեր զավակները ստիպված չեն լինի իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանել փողոցում, ինչպես մենք ենք դա անում: Մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա նաև գործադիրի և օրենսդիրի գործը»,-ասաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը:
Վերջինս ներկայացրեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի առաջիկա պլանները: Գորգիսյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակը պահումների դեմ պայքարելն է: Թիմը նպատակ ունի նաև պայքարել այն կառույցների դեմ, որոնք կշարունակեն աշխատավարձերից գումար պահել և չհետևել ՍԴ-ի որոշմանը:
«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը նաև հայտարարեց, որ ուրբաթ օրը՝ ժամը 18:30-ին, իրենք հանդես են գալու մեծ բողոքի ակցիայով:
«Դա կլինի մեծ անակնկալ նաև օրինապահների համար»,- հավելեց Գ. Գորգիսյանը:
Շարժման մասնակիցը կոչ արեց քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը, եթե իրենց աշխատավարձերից գործատուները շարունակեն գումարներ պահել:
«Պայքարի ընթացքում ես ստիպված եղա շատ ռեսուրսներ ծախսել: Հուսանք, որ ես ստիպված չեմ լինի կանխիկացնել նաև իմ ունեցած ավանդները: Հեռանալը չի ենթադրում պատասխանատվությունից խուսափել: Դիմելու ենք նաև Սերժ Սարգսյանին, որպեսզի նա կատարի օրենքով սահմանված կարգով իր պարտականությունները, այն է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները: Չենք հանձնվելու մինչև մեր ուզածին հասնելը: Մենք հոգնել ենք սպասելուց, մենք ապրել ենք ուզում»,- ավարտեց Գևորգ Գորգիսյանը:
Մեկնաբանել