HY RU EN

Շարբաթյանի գործով դատական նիստում վկաները հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 10-ին և 11-ին  փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստերին ցուցմունքներ տվեցին վկաներ Արեն Հովհաննիսյանը, Ալվարդ Եղիկյանը և  Օֆելյա Աֆիցերյանը: Երեք վկաներն էլ դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից` «չգիտեմ, չեմ հիշում» պատասխաններով:  Դատավոր Նարինե Հովակիմյանը վկա Արեն Հովհաննիսյանից պահանջեց պատմել այն, ինչին  2012թ.-ի նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ականատես է եղել «Մուշ» ռեստորանում:

«Ինչ պատմեմ, ոչ մի բան չգիտեմ»,-  պատասխանեց վկան: Դատավորի հորդորից հետո Արեն Հովհաննիսյանը հայտնեց. «Ես ռեստորանի կրիշեն «Մուշ» ռեստորանային  համալիրում շինելիս եմ եղել` իմ ընկեր Վոլոդյայի հետ: Մեզ էնտեղ ինստրումենտ ենք ունեցել, գնաինք, որ վերցնենք, աշխատանքները չէինք ավարտել, բայց պետք էր մեզ: Գնացել ենք, տեսել ենք էդ դեպքը պատահել է: Տեսել եմ  էնտեղ հավաքված մարդիկ կան, բայց ոչ մեկին ես չեմ ճանաչում ու չեմ էլ ճանաչել: Հետո էդտեղից  ցվրվել են, էնտեղ մի հատ երեխա էր, քեռին, քեռին էր ասում:  Ես չեմ էլ ճանաչում ով ա, ինչ ա: Է.  Խլղաթյանը, ինձ խնդրել է, օգնել եմ էդ մարդուն ներս ենք տարել: Հետո սկոռին եկել ա, իմացել ենք` մահացել ա»:  

Ի պատասխան դատավորի հարցին վկան  ասաց, որ  ոչ մի բան, ոչ մի խոսակցություն ինքը չի լսել. «Էդտեղ պովրին եմ մենակ ճանաչել`Կարենին, ի վսյո: Էդ էլ, որ էդտեղ աշխատել եմ, հաց-մաց է շինել, էդտեղից եմ ճանաչել:  Չէ, ավելացնելու էլ բան չունեմ»,-հայտնեց վկա Ա.Հովհաննիսյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ քննիչի կողմից մեկ անգամ է հարցաքննվել:

«Ինչ գրել եք` ճիշտ ե՞ք  գրել,  թե բան կա, որ սխալ եք գրել, խաբել եք, ինչ որ մի ձև ճշմարտությունը չեք հայտնել»,- վկային հարցրեց մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը: «Ես եմ գրել»,- պատասխանեց  վկան և հավաստիացրեց, որ  քննիչը իրեն չի ուղղորդել: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը  վկայից փորձեց պարզել, թե «Մուշ» ռեստորանում հայտնվելուց հետո ինքը վեճի  և հայհոյանքների ձայներ  լսել է, թե`ոչ: Արեն Հովհաննիսյանը ասաց, որ լսել է: Պաշտպան Ռուբեն Հակոբյանի  հարցերից  պարզվեց, որ վկան «մի թեթև  խմած» է գնացել ռեստորան: Նա պաշտպանի հարցին պատասխանեց,  որ չի հիշում` երբ է հարցաքննվել: «Ամեն դեպքում դեպքից մի ամիս հետո չեն  կանչել»,- հարցրեց պաշտպան Հակոբյանը:

«Էդ էլ տոչնը չեմ հիշում, բայց կանչել են: Շատ բան չեմ հիշում»,-պատասխանեց վկան:  Իր չհիշելն էլ Արեն Հովհաննիսյանը բացատրեց, որ նարկոզ և երեք վիրահատություն է տարել, այդ պատճառով էլ ամեն ինչ չի հիշում: Պարզվեց` վկան նարկոզը և վիրահատությունը տարել է դեպքից առաջ:  Թեև վկա Հովհաննիսյանը օգնել է տուժող Սամվել Շարբաթյանին անգիտակից վիճակում ռեստորանի բակից  տեղափոխել սենյակ,  սակայն ասաց, որ չի նկատել տուժողի  որևէ վնասվածք: «Ես ինչ իմանամ` իրեն ինչ է եղել»,- ասաց նա : Պաշտպան Ռ.  Հակոբյանը, դատավոր Հովակիմյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա , որ  դեպքին ականատես վկա Արեն Հովաննիսյանին քննիչը հարցաքննել է դեպքից 5 ամիս հետո:  Ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով դատարանը որոշեց  հրապարակել Արեն Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա հայտնել էր. «Կոնկրետ ժամը չեմ հիշում, երևի ժամը 21-ին,  իմ ընկեր Վովայենց տանից  բարձրացանք ռեստորան: Երբ հասանք ռեստորանի բակ, հեռվից հասկացվեց, որ մի բան այն չի: Ահագին մարդ կար հավաքված, կռվի նմանվող ձայներ էին գալիս: Մեզ թված, թե Է. Խլղաթյանը վիճում, կռվում է մի քանի հոգու հետ : Ես էլ, Վովան էլ նրան շատ էինք հարգում, որպես կարգին մարդու, դրա համար էլ առաջ գնացինք, որ կանգնենք թասիբին:  Մեր  տեսած պահին ռեստորանի մուտքի դռան մոտ կանգնած էին մի քանի ջահել, որոնց վրա Խլղաթյանը գոռում էր, ասում էր իմ հետ հարց ունեք, իմ հյուրին կպնելը նույն է, որ իմ սրբությանը կպնենք»:

Նախաքննական իր այս և մյուս ցուցմունքները լսելուց հետո վկա Հովհաննիսյանը հայտնեց, որ դա իր գրածն է: Սակայն դատարանում իրեն տրված հարցերին շարունակեց տալ «չեմ հիշում», «եսիմ», «ցուցմունքը գրել եմ էլի», «դե եսիմ»,  «չգիտեմ» և նման պատաասխաններ:

Վկա Օֆելյա Աֆիցերյանը ասաց, որ «Մուշ» ռեստորանում 2012թ.-ի նոյեմբերի 18-ին կատարված դեպքի մասին համարյա տեղեկություն չունի: Այսուհանդերձ վկան հայտնեց, որ  ռեստորանում եղել է իր ընկերուհի Ալվարդ  Եղիկյանի հետ:

 «Էդ օրը իմ մոտիկն է ինձ հանդիպել շուկայում: Ինքը Ռուսաստան է ապրում, ինքը ինձ տեսավ և  ասաց. «Վայ, էս ինչ լավ էր տեսանք, գնանք մի տեղ հաց ուտելու»: Իրանք դաժե մի երկու բան-ման վերցրին, թե ուր գնանք, ուր չգնանք, թե դե լավ գնանք «Մուշ» ռեստորան: Գնացինք,  ուզում էինք դրսում նստենք, տեսանք անձրև է, թե՝ դե լավ, գնանք ներս: Չորս հոգի էինք:  Ես, Ալվարդը, էդ տղեն, որ Ռուսաստան ա, ինչքան գիտեմ անունը Շավարշ էր:  Էն մյուս տղայի անունը չեմ կարա հիշեմ:  Ռեստորանում մեզ մի հատ տղամարդ ընդունեց: Մենք դրսից օղի, հանքային ջուր  և մի երկու բան վերցրինք:  Բանման զակազ տվին տղերքը` էդտեղ: Մի քանի ժամ նստել ենք, հաց ենք կերել, չգիտեմ ով զանգեց, տղեքին, իրանք գնացին: Մինչև էդ էլի մի տղա մի կես ժամ միացավ մեզ: Տղաների հետ էլի ինքը դուրս եկավ: Տղաներն ասացին գործերներս պրծնենք, կգանք, եթե չէ` դուք մեքենա կկանչեք կգնանք: Հետո ժամը 10-ի մոտերքը էդ տղամարդը, ով հյուրասիրել էր, եկավ  ասաց, որ  դրսում ձեներ ա գալիս, դուք հետևի դռնով դուրս եկեք, որ ձեզ չտեսնեն: Մենք դուրս  ենք եկել, փողոցից մեքենա նստել, գնացել ենք»,-պատմեց Օֆելյա Աֆիցերյանը: 

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում ևս առկա էին հակասություններ: Դատարանը հրապարակեց  Օֆելյա Աֆիցերյանի  նախաքննական ցուցմունքները: Վերջիս հրաժարվեց իր նախաքննական այն ցուցմունքից, թե Շավարշի գնալուց հետո կռվի ձայներ է լսել և դուռը բացել է, որ  կռվողներին ամոթանք տա»:  Օ. Աֆիցերյանը դատարանին հայտնեց.  «Քննիչը ինձ թելադրել է, ես  էլ գրել եմ: Բաներ կար, որ ինքը իմ մասին կգրեր, որ ես էդ տղամարդկանց հետ պաստել եմ մտել: Եսիմ, ամաչելով, որ տղաս այդ մասին կիմանա, գրել եմ»,-ասաց նա:

«Ես ամփոփելով  Ձեր ողջ ցուցմունքը  և հաշվի առնելով Ձեր հայտարարությունը, որ Ձեզ թելադրել են այնպիսի բաներ, որոնք սուտ են  և սուտը գրել եք այն բանի համար, որ քննիչը  Ձեզ վախեցրել է,  քննիչը հնարավոր է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը:

Դատավոր Նարինե Հովակիմյանն էլ վկա  Օֆելյա Աֆիցերյանին բացատրեց. «Ձեր ասածը ենթադրում է, որ քննիչը չարաշահել է պաշտոնական դիրքը և ենթակա է քրեական պատասխանատվության: Դուք պատրաստ ե՞ք դատարանում կրկնել Ձեր ցուցմունքը»: Օֆելյա Աֆիցերյանը պատասխանեց` այո: Դատարանը որոշեց  ոստիկանության  Գուգարքի բաժանումքի ավագ քննիչ Արամ  Ավագյանին կանչել դատարան: Դատարանում ցուցմունք տվեց նաև վկա Ալվարդ Եղիկյանը:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին: