Ոստիկանի մտորումներ
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս նախագահ Գ. Սարգսյանի, հայտնում է իր մտահոգությունը վերջին շրջանում հասարակության որոշ շերտերում ոստիկանության հանդեպ ծագած լարվածության վերաբերյալ:
Ո՞վ է այսօր ոստիկանը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր հասարակության մեջ: Ի՞նչ հոգածության է արժանանում կառավարության կողմից: Հարցեր, որոնց պատասխանները անպայման պիտի տրվեն…
Ոստիկանը մարդ է և քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում: Քչերը գիտեն, թե ինչ է նշանակում գիշերվա ցանկացած ժամի տագնապալի լուրի սպասել: Քչերն են պատկերացնում, թե ինչ է նշանակում ճանապարհել ամուսնուն, հորը, եղբորը աշխատանքի և չիմանալ, թե օրն ինչ ավարտ կունենա…
Եվ այս ամենի հետ մեկտեղ` հանիրավի բացասական վերաբերմունք:
Կար ժամանակ, երբ «ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին փոքրիկները հպարտությամբ պատասխանում էին` ոստիկան: Եվ իրոք, ուսադիր կրելը պատիվ է, ինչն այսօր ոմանք չեն գիտակցում:
Ոստիկանը նա է, ով 90-ականների սկզբին թողեց ընտանիքը և գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Նա է, ով կանգնեց Հայոց բանակի ակունքներում և հիմքը դարձավ այդ բանակի: Նա է, ով 90-ականների սկզբին զսպեց գլուխ բարձրացրած հանցագործ տարրերին:
Սխրագործությո՞ւն է: Անպայման: Եվ` պատմական սխրագործություն: Արցախյան պատերազմի տարիներին ոստիկանը մարտնչել է բոլոր ռազմաճակատներում, բոլոր թեժ կետերում: Միայն «Կոլցո» գործողության ընթացքում ոստիկանությունը տվեց 16 զոհ, 60 վիրավոր, 12 անհայտ կորած ունեցանք, 72-ը գերեվարվեց…
Եվ այդ թանկ կորուստների գնով կարողացանք տապալել թշնամու հրեշավոր ծրագրերը. սահմանային գյուղերն ու քաղաքները զերծ մնացին հիմնահատակ ավերումից, մեր հայրենակիցները` ոչնչացումից…
Հայ ոստիկանը նա է, ով ամեն Աստծո օր իր կյանքն է վտանգում, վտանգում է հանուն հասարակության, նույն հասարակության, որի որոշ շերտեր, մեղմ ասած, չեն էլ փորձում հասկանալ ոստիկանության դերը մեր կյանքում:
Այսօր մեր հասարակության ամենախոցելի օղակներից է ոստիկանությունը: Անկայուն ու անկանխատեսելի աշխատանքային գրաֆիկ ունեցող, մշտապես վտանգի մեջ գտնվող ոստիկանը չնչին վարձատրություն է ստանում: Դա անթույլատրելի է: Անթույլատրելի է, որ ոստիկանի ընտանիքը չի օգտվում և ոչ մի արտոնությունից. նրա երեխան չի ստանում անվճար բարձրագույն կրթություն, ընտանիքի անդամը չի ստանում անվճար բուժօգնություն:
Միջազգային ոստիկանական ասոցիացիան 64 անդամ պետություն ունի: Հավատացեք` անգամ աֆրիկյան ամենահետամնաց պետության ոստիկանն ավելի պաշտպանված ու սոցիալապես ապահովված է, քան մենք…
Ցավում եմ, որ այսօր չկա արդարացի մոտեցում նաև ոստիկանների դրույքաչափերի վերաբերյալ: Համակարգի որոշ ծառայությունների` թոշակի անցած, 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կապիտանը ստանում է 200.000 դրամ կենսաթոշակ` այն պարագայում, երբ քրեական հետախուզության` 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող գնդապետ թոշակառուն լավագույն դեպքում ստանում է 100.000 դրամ կենսաթոշակ: Դա այն դեպքում, որ հենց նրանք են նախականխում, կանխում, բացահայտում հանցագործությունները, վնասազերծում հանցագործներին` վտանգելով իրենց կյանքը:
Կոչ ենք անում ԱԺ-ին և Կառավարությանը խտրականություն չդնել ոստիկանական համակարգի ծառայությունների միջև և հավասարեցնել ոստիկանության ծառայողների դրույքաչափերը:
Եվս մեկ օրինակ: Կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու նպատակով դատաիրավական համակարգի, ԱԺ-ի և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը սկսվում են 400.000 դրամից: Կոչ ենք անում հավասարեցնել ոստիկանական ծառայությունների և դատաիրավական համակարգի աշխատավարձերի չափերը:
Այսօր օրենքով ապահովված չէ ոստիկանի սոցիալական, առողջապահական, իրավական պաշտպանվածությունը, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և կադրային ու մասնագիտական լուրջ կորուստների ոստիկանական համակարգում:
Շնորհակալություն ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ով իր պաշտոնավարման շրջանում կարողացավ բարոյական նոր լիցք հաղորդել ոստիկանության ողջ համակարգին և հատկապես ՄՀՆՋ-ի վետերաններին: Տարիներ շարունակ նրանք զուրկ էին օրենքով իրենց հասանելիք կոչումներից ու պարգևներից: Ոստիկանության պետն ըստ արժանվույն գնահատեց ոստիկանների մարտական ու ծառայողական ուղին և խրախուսում է թե կոչումներով, թե պարգևներով:
Ոստիկանը միշտ կանգնած է եղել պետության և պետականության հիմքերում: Ոստիկանը օրենքի և օրինականության տառի ու ոգու պահապանն է:
Այո, ոստիկանությունում էլ կան անցանկալի երևույթներ, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել: Իսկ ինչ վերաբերում է հասարակություն-ոստիկան անջրպետին, ապա չկա, գոյություն չունի այդ հակամարտությունը, քանի որ ոստիկանությունը հասարակության մասն է, օրենքի պահապանը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանը:
Գրիշա Սարգսյան
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի
հայաստանյան ներկայացուցչության նախագահ,
Ոստիկանության գնդապետ
Մեկնաբանություններ (36)
Մեկնաբանել