HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանների հորդորը ՀՀ նախագահին. «Բարեխիղճ օգտագործեք Սեւանա լիճը»

Արփինե Մինասյան

Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգում են, որ կառավարության երկու նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը: Նախագծերից առաջինը վերաբերում է լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում է մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել է «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում է Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով: 

Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերը 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել: Քննարկմանը ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրին Սեւանա լճի վերաբերյալ երկու օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` Սեւանա լճի վիճակը տագնապալի է: Կառավարությունը ծրագիր է մշակում առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: 

«Կառավարությունը ջուր բացթողնելու համար արդարացման մոտիվացիաներ չունի, պատճառ է բերում Արարատյան դաշտի ոռոգումը, ինչը թյուրիմացություն է: Ո՞ւմ է ձեռնտու, որ լճի մակարդակը չբարձրանա»,- ասաց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը: Ըստ նրա` այս գործում առաջին շահագրգիռները Սեւանա լճի ափին հյուրանոցների, ռեստորանների, հանգստյան տների եւ այլ օբյեկտների ղեկավարներն են: Երկրորդ շահագրգիռ կողմը պետությունն է, որը չի ցանկանում ավելորդ գումարներ ծախսել ճանապարհներ քանդելու, տեղափոխելու, տարածքները թփերից ու ծառերից մաքրելու եւ այլ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը Սուխուդյանի կարծիքով հսկայական եւ բարդ աշխատանք է: Երրորդ շահագրգիռ կողմը ռուսական ընկերությանը պատկանող Սեւան-Հրազդան կասկադի տնօրինությունն է: 

Բնապահպանները նշում են, որ Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում, Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեն, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվի նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովում: Լճի պահպանությունը հարցականի տակ է դրված, մինչդեռ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կարծիքով սովետմիությունը հիմար չէր, երբ լճի պանպանման համար հսկայական գումարներ էր ծախսում: 

Քննարկմանը ներկա Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը տեղեկացրեց, որ երկու տարի շարունակ նամակներով դիմել են Կառավարություն` լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու խնդրանքով: Խնդրանքը մերժել են պատճառաբանելով, որ այն ռազմավարական ռեսուրս է եւ ամեն ինչ հաշվարկված է: «Մենք հասկացանք, ընդունեցինք, ստիպված համայնքում խորքային հորեր ենք փորել, բայց տեսնում ենք, որ մեր աչքի առաջ Սեւանից ամեն տարի ջուր են բաց թողնում այլ բնակավայրեր՝ բացարձակապես հաշվի չառնելով այստեղի բնակիչների կարծիքը, դա շատ վիրավորական է»,- դժգոհեց Կ. Մարգարյանը: 


«Էկոլուրին» տված հարցազրույցում Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) համայնքային կապերի մասնագետ Վարդան Ղազարյանը նշել է, որ Սեւանից ջուր վերցնելը կապված չէ Արարատյան դաշտի ոռոգման հետ, այլ Սեւանի մակարդակը չբարձրացնելու, շինությունները չքանդելու հետ: Նրա կարծիքով, եթե անգամ Սեւանից ջուր բերեն, միեւնույնն է, գյուղացիները լիարժեք ջուր չեն ստանալու: «Եղած ջուրն էլ չի հասնում ոռոգման տարածքներին, իսկ Արարատյան դաշտը հնարավոր չէ ծառայեցնել գյուղատնտեսական նպատակներին առանց ջրի: Պատճառը ջրի մեծ կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 50-60%»,- նշել է (ԳԱՄԿ) համայնքային կապերի մասնագետ Վարդան Ղազարյանը:    

«500-ից ավել ստորգետնյա ապօրինի հորեր կան Արարատյան դաշտում: Կառավարությունը որոշել է փակել դրանք իր միջոցներով: 40 հոր փակելու համար 70 մլն դրամ է տրամադրել, փոխանակ հորերի տերերին ստիպի, որ իրենց սեփական միջոցներով փակեն դրանք: Սուտ է, Կառավարությունը չի մտածում Արարատյան դաշտի բնակիչների մասին»,- հայտնեց պրն Սուխուդյանը: 

«Էկոլուրի» հետ զրույցում Վարդան Ղազարյանը նշել էր, որ վերջին տարիներին ստորերկրյա ջրերն անխնա օգտագործվում են ձկնաբուծարանների համար: Ջրի մակարդակն իջել է: «20 մ էլ իջնում ես, ջուր չկա: Ամենածանր վիճակում գտնվող համայնքներից մեկը Հովտաշատ համայնքն է, մոտ 700 հա հողատարածք այդտեղ չի մշակվում, որովհետեւ ջուրը գնում է ձկնաբուծարաններ»,- նշել է Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնի համայնքային կապերի մասնագետը: Վերջինիս կարծիքով լուծումը մեկն է` շտապ ջրամբարներ կառուցել: «Մենք բավականին շատ ջուր ունենք: Հայաստանի տարեկան ջրերի ընդհանուր բալանսը կազմում է 7,5-8 մլրդ խմ, մենք դրա շատ քիչ մասն ենք օգտագործում, եթե անգամ դիմեն Սեւանին, որպես շտապ օգնություն, պետք չէ միանգամից վերցնել 240 մլն, կարելի է բավարարվել ավելի քչով»,- ասաց է Վարդան Ղազարյանը: 

Քննարկման մասնակիցները տարակուսեցին նաեւ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու չափաբաժնի վերաբերյալ, 240-ի փոխարեն գուցե՞ 300 մլն խմ ջուր բաց թողնվի: Ինչպես Ինգա Զարաֆյանն, այնպես էլ Գագիկ Սուխուդյանը նշեցին, որ այդ որոշումների հիմքում միայն չոր հաշվարկներ են դրված: 

2013թ դեկտեմբերի 26-ին Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնը գրավոր դիմել է Գեղարքունիքի մարզպետարան ճշտելու, թե արդյոք Սեւանա լճից ջրբացթողումների քանակության ավելացման նպատակով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ ներկայացվե՞լ է մարզպետարան: Այստեղից տեղեկացրել են, որ նման նախագիծ մարզպետարան չի ներկայացվել: 

2014թ. մարտ ամսին Գավառի «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ Գեղարքունիքի մարզի 13 հասարակական կազակերպություններ եւ այլ նախաձեռնություններ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում անհանգստություն են հայտնել, որ Սեւանա լիճը դեռեւս անհավասարակշիռ վիճակում է: Այդ իրավիճակում հատկապես Արփա-Սեւան թունելի անգործության պայմաններում լրացուցիչ ջրառը խիստ բացասաբար կանդրադառնա լճի էկոհամակարգի վրա: «Լճի մակարդակի բարձրացումը կասեցնող, խոչընդոտող նախագիծը ոչ մի խելամիտ հիմնավորում չունի: Հաշվի չեն առնված առաջիկա 5 տարիների եղանակային կանխատեսումները, հաշվարկված եւ գնահատված չեն լճի էկոհամակարգին սպառնացող ռիսկերը, հնարավոր (մեր կարծիքով անխուսափելի) բացասական հետեւանքները, Սեւան-Հրազդան էներգետիկ արագահոս համակարգի վիճակն ու տարողունակությունը: Ներկայացված չէ նախատեսվող հնգամյա հավելյալ ջրառի ներգործության եւ հետեւանքների վերաբերյալ որեւէ գիտական հիմնավորում եւ էկոհամակարգի փոփոխությունների սցենար»,- մտահոգություն են հայտնել նամակի հեղինակները: 

Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը պատասխան գրությունում նշել է, որ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով: «Օրենքի նախագիծը եւ համապատասխան հիմնավորումը տեղադրված է եղել նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում»,- նշել է Անդրեասյանը: 

«Սեւան ազգային պարկի» նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանի խոսքով` առանց ավելորդ ծախսերի Սեւանա լճում բիզնես ծրագիր են զարգացնում` լիճն աղտոտելով ազոտական ու ֆոսֆորական կերերով, ինչը հանգեցնելու է Սեւանա լճի ճահճացմանը, ինչում բնապահպանները չեն կասկածում: 

2006թ. լույս ընծայված «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանում, որի պատրաստմանը մասնակցել են աշխարհագրական, երկրաբանական, էկոլոգիական, քարտեզագրության, բնական եւ ճշգրիտ գիտությունների գիտաճյուղային խմբագրությունները, աղյուսակով ներկայացված են Սեւանա լճից ջրի բացթողումները` ըստ տարիների` 1990-2005թթ.: «Մեծ ծավալի ջրթողք կատարվել է 1949-64թթ.-ին, որի ընթացքում լճի մակարդակն իջել է 13,5 մ-ով: 1965թ.-ից կրճատվել է ջրթողքը: Լճի մակարդակի իջնելու հետեւանքով Փոքր Սեւանա լճում ցամաքել է 36,5 կմ քմ, Մեծ Սեւանա լճում 116կմ քմ կենսաակտիվ լճահատակ: Լճի մակարդակի 19,25 մ /2001/ իջնելու հետեւանքով Փոքր Սեւանում 50%-ով կրճատվել, Մեծ Սեւանում անհետացել է թթվածնով հարուստ, ամենախիտ, հատակային, սառը, 900 կմ քմ մակերեսով 18 կմ խմ ջրաշերտը` հիպոլիմնիոնը: Ջրի ծավալի կրճատման եւ հիպոլիմնիոնի գրեթե անհետացման հետեւանքով պակասել է ջրի ջերմունակությունը, նվազել O2-ի պարունակությունը, որի պատճառով լիճը հաճախ սառցակալում է»,- նշված է վերոնշյալ աշխատությունում: 

Սեւանի «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ ղեկավար Սաթիկ Բադեյանը վրդովված է. «Ի՞նչ իմաստ ունի Սեւանը գործարանի վերածելու, երբ անորոշ է, թե ինչ աշխատատեղեր են գործելու, երբ եւ ինչ պայմաններում: Սեւանը բացի ռազմավարական շտեմարան լինելուց, ափամերձ բնակիչների հացի աղբյուրն է, իսկ լճում ձկնաբուծարան հիմնելով բնակիչներին կարգելվի զբաղվել ձկան վաճառքով: Լճում գործարան հիմնելով խաչ ենք քաշում նաեւ Սեւանա լիճ թափվող գետերի մաքրության վրա: Սեւանի ափին ապրելը դառնում է վտանգավոր: Կառավարության երկու օրինագծերի դեմ, եթե չպայքարենք, կարող ենք մեր իրերը հավաքել եւ հեռանալ Սեւանից»: 

«Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված նամակում նույն կազմակերպությունները նշել են, որ այն էկոլոգիական տեսանկյունից վնասակար բիզնես նախագիծ է, միմիայն տնտեսական հաշվարկ: Այն Սեւանի էկոհամակարգը մեկընդմիշտ վերացնելու ակնհայտ միտում է պարունակում: «Մենք՝ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պահանջում ենք հրաժարվել այս նախաձեռնություններից եւ փոխարենն ընթացք տալ Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բնության համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու «живая планета» միջազգային էկոլոգիական շարժման առջարկին: Հորդորում եւ պահանջում ենք հոգածությամբ վերաբերվել մեր միակ հարստությանը, բարեխիղճ օգտագործել այն, առաջնորդվել ոչ թե կարճատեւ տնտեսական շահով, այլ հեռատես լինել քաղցրահամ ջրի մեր բացառիկ, ազգային եւ պետական ռազմավարական նշանակության պաշարը՝ Սեւանա լիճը պահպանելու հարցում»,- նշված է նամակում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter