
Շնողի նախկին գյուղապետը չի ընդունում, որ ինքն ամբաստանյալ է
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ շարունակվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի 2012թ.-ի դեկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի պաշտպանի դատարան չներկայանալու պատճառով:
Շնողի համայնքապետարանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Աշոտ Սաֆարյանը: Նա դատարանին հայտնեց, որ գործը նախկին փաստաբանը 2 օր առաջ է հանձնել իրեն եւ միջնորդություն ներկայացրեց դատարանին` խնդրելով 10-օրյա ժամկետ 4 հատոր գործն ուսումնասիրելու համար: Վերջինս իր միջնորդությամբ դատարանին տեղեկացրեց , որ պատրաստվում է գործի քննության հետ կապված Շնող համայնքի շահերից բխող քաղհայց ներկայացնել դատարան:
Դատավոր Ա. Մկոյանը կողմերին խնդրեց իրենց կարծիքը հայտնել միջնորդության վերաբերյալ: Մեղադրող Մ.Մովսիսյանը առաջարկեց բավարարել պաշտպանի միջնորդությունը: Հայկազ Քոչինյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը առարկեց միջնորդությանը: Նա գտնում էր, որ դատարանը արդեն մեկ անգամ այդպիսի հնարավորություն տվել է տուժող կողմին և գործի քննությունը նախորդ անգամ հետաձգվել է հենց այնպիսի ժամկետի սահմանում, որը պահանջում է տուժողի պաշտպանը:
« Տվյալ դեպքում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը հիմա գտնվում է դատական նիստերի դահլիճում: Նա քրեական գործով հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ: Այս պահին գործի քննությունը հետաձգելու հիմքեր չկան , այդ պատճառով խնդրում եմ ներկայացված միջնորդությունը մերժել և գործի քննությունը շարունակել»,- ասաց Ա. Ոսկանյանը: Միջնորդության մասին դատավորը հարցրեց նաև ամբաստանյալ Հայկազ Քոչինյանին:
«Ես հետևյալը կասեմ, եթե ասելիք ունեն, ինչն է պատճառը, որ ձգձգում են, պարզ ասեն: Թատրոն ա դառնում արդեն, հարգելի դատավոր: Ասելիք ունեն, թող ասեն: Դուք ողջամիտ ժամկետ տվել եք, մենք համաձայնել ենք, ասելիք ունեն, թող ասեն: Ինչն ա պատճառը: Ընդամենը շոու են սարքում»,-պատասխանեց ամբաստանյալը:
Դատավոր Աղասի Մկոյանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատաքննության նախապատրաստական փուլն ավարտելուց հետո:Դատարանը անցավ ամբաստանյալի ինքնության ստուգմանը.«Կանգնեք ամբաստանյալ»,- Հայկազ Քոչինյանին դիմեց դատավոր Մկոյանը:
«Ես չեմ ընդունում, որ ես ամբաստանյալ եմ»,-առարկեց Հայկազ Քոչինյանը: «Ամբաստանյալ եք և պատասխանեք կոնկրետ»,- ասաց դատավորը:
«Ես Քոչինյան Հայկազն եմ»,-հակադարձեց ամբաստանյալը:
«Դուք ամբաստանյալ Հայկազ Քոչինյանն եք»,- վերջինիս կրկին ուղղեց դատավոր Մկոյանը: «Դա Ձեր կարծիքն ա: Ես Քոչինյան Հայկազն եմ, ծնվել եմ 1962 թվականին և ունեմ բարձրագույն կրթություն» ,- պատասխանեց ամբաստանյալը: «Մյուս հարցերը, էլ ի՞նչ է հարկավոր» ,- շարունակեց Հ.Քոչինյանը , ապա շարունակեց ներկայանալ դատարանին:
Պաշտպան Արտակ Ոսկանյանը հայտնեց, որ միջնորդություններ ունի ներկայացնելու դատարանին: Եւ մինչեւ միջնորդությունը ներկայացնելը նա բացատրություն խնդրեց մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի գնի մասին:
«Փորձագետի եզրակացությամբ «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի շուկայական գինը գնահատվել է 4 մլն. 760 հազար դրամ: Հայկազ Քոչինյանը ավտոմեքենան գնել է 4մլն. 900 հազար դրամով, ավտոմեքենայի գնման տարբերությունը կազմում է 140 հազար դրամ, ոչ թե 590 հազար դրամ, ինչպես գրված է մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց պաշտպանը և խնդրեց դրա բացատրությունը:
««Մերսեդես-Բենց» ավտոմեքենան գնելուց հետո համայնքի բյուջեից 450 հազար դրամ է ծախսվել մեքենայի վրա գազի սարքավորում տեղադրելու համար: Ձեր ասած 140 հազար դրամին ավելացվել է նաև գազի սարքավորումների տեղադրման 450 հազար դրամը և տարբերությունը կազմել է 590 հազար դրամ»,-բացատրեց մեղադրող Մ.Մովսիսյանը:
Արտակ Ոսկանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` դատակոչի ցուցակում չնշված, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքեր տված վկաներ Հովիկ Վարդանյանին, Կորյուն Շադինյանին, Արտաշես Ավետյանին և Անահիտ Տիգրանյանին դատարան հրավիրելու և ցուցմունքներ տալու համար: «Հարգելի դատարան, մենք արդեն անցնում ենք միջնորդությունների քննարկմանը, որտեղ մասնավորապես հղում է կատարվում քրեական գործի նյութերին, մինչդեռ իմ միջնորդությունը չքննարկվեց: Հիմա ես ինչպես կարող եմ կարծիք հայտնել ամբաստանյալի պաշտպանի միջնորդության վերաբերյալ»,- դատավորին դիմեց տուժողի պաշտպան Աշոտ Սաֆարյանը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ին:
Լուսանկարում` Հայկազ Քոչինյանը եւ Արտակ Ոսկանյանը:
Մեկնաբանել