
Գյումրիի քաղաքապետը խոստանում է շաբաթօրյակն ավելի արդյունավետ կազմակերպել
Ապրիլի 19-ին Գյումրիում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու նպատակով, այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց 18 համատիրությունների ղեկավարների հետ: Քաղաքապետը խոստովանեց, որ անցած տարի կազմակերպած շաբաթօրյակն այնքան էլ նպատակին չի ծառայել: «Հավանաբար մենք էինք նոր եւ որոշ բաներ չկարողացանք այնպես կազմակերպել, որ խնդիրներ չծագեն»,- նշեց Սամվել Բալասանյանը: Վերջինս հայտարարեց, որ այս տարի եւս շաբաթօրյակի միջոցառումները զուգորդվելու են ծառատունկի հետ: Միայն թե այս տարի որոշել են ծառեր տնկել քաղաքի այն հատվածներում, որտեղ ոռոգման ցանց կա, այլապես անիմաստ է դառնում ծառատունկ կոչվածը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպման ժամանակ նշեց, որ քաղաքում կանաչ տարածքների խիստ պակաս է զգացվում եւ դրանք համալրելու իրենց ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշել են այս տարի գոնե 20%-ով վերականգնել քաղաքում առկա ոռոգման ցանցը: Քաղաքապետը համատիրությունների նախագահներին հորդորեց շաբաթօրյակին մասնակից դարձնել շենքերի բնակիչներին:
Մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակում ակնկալվող 80 մլն դրամով հնարավոր կլինի մոտ 15 շենքի տանիք վերանորոգել: Քաղաքապետը հույս ունի, որ 20 մլն դրամ էլ այդ նպատակով կկարողանան հատկացնել համայնքային բյուջեից: Գումարի 80%-ը կուղղվի «Գյումրի կենտրոն» համատիրության շենքերի տանիքների նորոգմանը: Տիգրան Մեծ-5 շենքն այս անգամ էլ չի ընդգրկվի ծրագրում: «Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը բացատրեց, որ չեն կարող տանիքի նորոգման աշխատանքներ ձեռնարկել մի շենքում, որն ամրացման կարիք ունի, եւ որ խնդիրը հնարավոր է լուծել միայն պետական միջոցներով:
Քաղաքում այս տարի կանգառների թիվը կավելանա 14-ով: Նոր մանկական խաղահրապարակներ կտեղադրվեն 19 շենքի բակերում, մեկ խաղահրապարակ էլ կնվիրեն քաղաքի մանկապարտեզներից մեկին: Քաղաքապետը տեղեկացրեց, որ այսուհետ շենքերի բակերում ավտոտնակները կկառուցվեն իրենց տրամադրած էսքիզներով: Համատիրության նախագահներն էլ իրենց հերթին տեղեկացրեցին կատարված աշխատանքների մասին՝ շենքերի մուտքերին նոր դռներ են տեղադրել, մուտքերում ապահովել համապատասխան լուսավորություն, որոշ շենքերի բակերում լուծվել է նաեւ գիշերային լուսավորության հարցը:
Խոսելով աղբահանությունից, Սամվել Բալասանյանը նշեց, որ այն հնարավորինս կարգավորել են՝ կատարվում է կանոնավոր աղբահանություն: Սակայն դեռեւս խնդիր է մնում բնակարան ստացած տնակատիրոջ տարածքը լքելուց հետո տվյալ հատվածի մաքրման խնդիրը: «1988թ.-ից մնացած աղբ կա կուտակված քաղաքում: Էնքան չի մաքրվել, որ վրան կանաչ է բուսել,- նկատեց քաղաքապետը:
Մեկնաբանել