
Գործարար Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն Հայաստան
Սոնա Սիմոնյան
Այսօր Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարեց Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:
Դատական նիստը տևեց 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ գործարար Աշոտ Սուքիասյանը և խնդրեց իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:
Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս: Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, և եթե մինչև ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին ևս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը, հանդիսանալով Մինսկի կոնվենցիայի անդամ պետություն, կարող են իրենց երկրի քաղաքացիների արտահանձնման համար դիմում ներկայացնել կոնվենցիայի անդամ պետություններին:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:
Թբիլիսի
Մեկնաբանել