
Հայկական ծիրան. ե՞րբ այն կհայտնվի Եվրոպայում
Ծիրանը Հայաստանից արտահանվող հիմնական գյուղատնտեսական մթերքն է: Ճիշտ է՝ տարեցտարի արտահանման ծավալներն էապես տարբեր են` կախված բերքից, սակայն միջինացված տվյալներով՝ արտահանվող բանջարեղենի ու մրգի 60%-ը կազմում է ծիրանը: Ծիրանի արտահանման ծավալները հատկապես աճեցին 2010 թվականից հետո, երբ վերաբացվեց ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետը: Դա էապես նվազեցրեց արտահանման ինքնարժեքն ու ժամկետը, ինչը մրգի պարագայում էական նշանակություն ունի:
Հայկական ծիրանի 90%-ն արտահանվում է Ռուսաստան: Այդ երկիր 2013թ. առաքվել է մոտ 12 հազ. տոննա ծիրան, ևս 2 հազ. տոննա առաքվել է Վրաստան, մոտ 600 տոննա էլ՝ Ուկրաինա: Ոչ մեծ խմբաքանակներ ուղարկվել են Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեպի Եվրոպա արտահանումները չափվում են կիլոգրամներով:
Հայաստանում վերջին տարիներին ծիրանի լավ բերք է համարվում տարեկան 80-90 հազ. տոննան: Մինչև 2000-ական թվականների կեսերը Հայաստանում ծիրանի այգիների ոչնչացման միտում էր նկատվում: Իսկ լավագույն տարիներին Հայաստանը կարողանում էր մոտ 200 հազ. տոննա ծիրան հավաքել:
Ըստ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալների` Հայաստանում ծիրանի այգիները ներկայում մոտ 10.4 հազ. հա են: Խորհրդային շրջանում ունեինք 24 հազ. հա: Գյուղացիները ներկայումս այնքան էլ պատրաստակամ չեն ծիրանի այգիներ տնկելու առումով, քանի որ անբերրի տարիների պարբերականությունը շատ է ավելացել: Կայուն եկամտի ձգտող գյուղացին ցանկանում է ծիրանի փոխարեն այլ մշակաբույսեր ցանել:
Մեկ այլ խնդիր էլ կապված է սորտերի ընտրության հետ: Խորհրդային շրջանում Հայաստանում տարածում գտան այն սորտերը, որոնք նախատեսված չէին արտահանման համար, դրանցից հիմնականը երևանյան սորտն էր:
Ներկայում արտահանումը կարևոր նշանակություն ունի, սակայն տեղական սորտերը շուտ փչացող են՝ սառնարանում առավելագույնը պահվում են 2 շաբաթ, որից հետո 2-3 օրվա ընթացքում պետք է այն իրացնել: Սա, ըստ էության, հիմնական խոչընդոտն է Եվրոպա արտահանելու համար: Եվրոպական շուկաներում ներկայում գերիշխում է իտալական ծիրանը, որն իր համային ու որակական հատկանիշներով նույնիսկ չի մրցակցում հայկականի հետ: Իտալական ծիրանն աճեցվում է գաճաճ ծառերի վրա, այն հեշտ է խնամել, հարմար է հավաքել ու իր կոպտության պատճառով երկար է դիմանում:
Եվրոպական շուկաներում այդ ծիրանը բավական թանկ է գնահատվում՝ մոտ 15 եվրո 1 կգ-ի համար: Եվրոպային ծիրան մատակարարում է նաև Թուրքիան, որտեղ ծիրանի մշակությունը ևս թափ է հավաքել:
Հայաստանում ծիրանի սորտերի լուրջ սելեկցիոն աշխատանք չի իրականացվում, թեև գյուղացիների մի մասը փորձում է ինքնուրույն լուծել երկարադիմացկուն սորտերի մշակման խնդիրը: Սակայն չմոռանանք, որ ծիրանենին երկարատև՝ 30-40 տարվա կյանք ունի, ու այգիների վերասորտավորումն էլ երկար ժամանակի խնդիր է: Բացի դրանից՝ հայկական ծիրանն իր համային անզուգական հատկանիշները ձեռք է բերում հենց տեղական սորտերի շնորհիվ, ներմուծված սորտերի պարագայում դա պնդել հնարավոր չէ:
Մեզ հարկավոր են, այսպես ասած, միջանկյալ սորտեր, որոնք կմիակցեին տեղական ու արտասահմանյան սորտերի առավելությունները: Դրանից հետո միայն կարելի է խոսել հայկական ծիրանի` դեպի Եվրոպա արտահանման հեռանկարի մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել