
Պատգամավորը 198 հազար դոլարով MERCEDES է գնել
Արթուր Գեւորգյանը պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ին՝ թիվ 5 ընտրատարածքից: Պատգամավորը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է՝ դստեր ամուսինը:
Պատգամավորը մոտ երկու տարվա ընթացքում օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներով, հայտարարություններով աչքի չի ընկել: Փոխարենը նա խորհրդարանում հարուստ պատգամավորի համբավ ունի, ինչի մասին վկայում են նաեւ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2012թ. Արթուր Գեւորգյանը հայտարարագրել էր մոտ 1 մլն 948 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է եղել: Իսկ ունեցած դրամական միջոցները կազմել են 65 մլն դրամ, 935 հազար դոլար եւ 235 հազար եվրո:
Նշված տարում նա 25 մլն դրամով օտարել է իր «BMW X5-4.8» մակնիշի ավտոմեքենան:
Իսկ 2013թ. ՀՀԿ-ական պատգամավորի եկամուտները կազմում են 3 մլն 132 հազար դրամ, որը պատգամավորական աշխատավարձն է, իսկ դրամական միջոցները՝ 24 մլն 361 հազար դրամ, 733 հազար դոլար եւ 235 հազար եվրո:
Արթուր Գեւորգյանի դրամով եւ դոլարով պահվող դրամակական միջոցների նվազումն ունի «օբյեկտիվ» պատճառ: Անցյալ տարի 15 մլն 939 հազար դրամով պատգամավորը ձեռք է բերել «TOYOTA CAMRY 2.4», 25 մլն դրամով՝ «NISSAN PATROL SUPER SAFARI 4.5» եւ 198 հազար դոլարով՝ «MERCEDES-BENZ G55 AMG» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատգամավորի կինը՝ Աննա Գասպարյանը, 2012թ. ունեցել է 0 դրամ եկամուտ, իսկ նրա հաշվին եղել է 29 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 135 հազար եվրո: 2012թ. պատգամավորի կինը դարձյալ 0-ական եկամուտ է ունեցել, իսկ դրամական միջոցները կազմել են 27 մլն 200 հազար դրամ, 52 հազար դոլար, ինչպես նաեւ 133 հազար եվրո:
Մեկնաբանություններ (35)
Մեկնաբանել