HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանում է. ընդդիմությունը ճիշտ էր` իշխանությունից «բեկոր» պոկվեց

«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը

 - Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից և այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: Ի՞նչ կորցրեց իշխանությունը և ի՞նչ շահեց ընդդիմությունը ՕԵԿ-ի որոշմամբ:

- Դե, բնականաբար, եթե դուրս են եկել կոալիցիայից, պիտի գնան ընդդիմություն: Եթե ես ասեմ, որ իշխանությունը, ՕԵԿ-ի դուրս գալով, ոչինչ չկորցրեց, շատ սուբյեկտիվ կլինեմ: Գործընկեր կորցնելը դրական բան չի, հակառակն է, բայց ՕԵԿ-ի որոշմամբ մեր հիմքերը չեն խարխլվելու, ՀՀԿ-ն շարունակելու է իր ճանապարհը` իր հզորությամբ, որպես քաղաքական մեծամասնություն: Կրկնում եմ` գործընկեր, ընկեր կորցնելը հաճելի չէ, ես անձամբ ափսոսում եմ, որ նրանք դուրս եկան:

- ՕԵԿ-ը կկարողանա՞ ընդդիմություն դառնալ, համագործակցել քառյակի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ:

- Ընդդիմությունը ոչ մեկի սեփականությունը չէ: Հիմա իրենք դուրս են եկել կոալիցիայից, պետք է դառնան ընդդիմություն, բայց ընդդիմություն ասելով, պետք է ասեք` ի՞նչ նկատի ունեք: Ընդդիմությունը հավաքական կերպար չէ, բազմաշերտ է, տարբեր է, դա իշխանություն չէ, որ… Հնարավոր է ընդդիմության մի կուսակցության հետ կարողանան լեզու գտնել, մյուսի հետ` ոչ, կբանակցեն իրար հետ ու եթե տեսնեն, որ ընդհանուր ճանապարհ ունեն, ինչի՞ չեն միանա, կմիանան:

- Պարոն Հարությունյան, իշխող կոալիցիայից դուրս եկավ նախ ԲՀԿ-ն, հիմա էլ ՕԵԿ-ը: Ի՞նչն է պատճառը, որ Հանրապետականին երկրորդ անգամ մենակ են թողնում:

- Չգիտեմ, երևի իրենց պետք է դիմեք այդ հարցով: Գուցե այդ կուսակցությունները ինքնուրույն քաղաքականություն ունեն, տնտեսական պլատֆորմ, որը չի համընկնում ՀՀԿ-ի ծրագրերին, ու փորձում են դա իրականություն դարձնել առանձին, առանց մեզ: Ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Իհարկե, մարդկային գործոնն էլ այստեղ դեր է խաղում, 100 տոկոսանոց չէ, բայց մարդկային գործոնը, բարոյական նորմերի գործոնը, դեր են խաղում, որովհետև քաղաքականությունն այնպիսի բնագավառ է, որ դեր են խաղում ոչ թե այս գործոնները, այլ զուտ շահերը:

- Երբ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները նոր էին սկսկել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ բանակցությունները, նրանք հայտարարում էին, որ իշխանությունից «առնետավազք» կսկսվի, որ «բեկորներ կպոկվեն»: Այն, որ ՕԵԿ-ը լքեց կոալիցիան, արդյոք «առնետավազքի» դրսևորո՞ւմ էր:

- Այո: Իշխանությունից բեկոր պոկվեց, բա ի՞նչ, բա մի մեծ կուսակցություն անջատվեց, ո՞նց կարելի է ասել, որ բեկոր չի պոկվել:

- Փաստորեն ընդդիմության կանխատեսումները ճի՞շտ դուրս եկան:

- Դե դա գործընթաց է, մեծ իմաստություն չէ: Իրենք արդեն բոլորը մտածում են 2017-18 թվականների ընտրությունների մասին: Սա, իմ խորին համոզմամբ, կուսակցական մարտավարություն է, բայց ասել, որ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալով իշխանությունից մաս չի պոկվել, հիմարություն է, փոքր մաս է, բայց պոկվել է: Այո, ընդդիմության այդ տեսակետը ճիշտ դուրս եկավ: Ինչո՞ւ եք մտածում, որ մենք բոլորս համոզված ենք, որ ընդդիմությունը ինչ խոսում է` սխալ է, չէ: Ընդդիմությունը հաճախ կարող է ճիշտ կռահումներ անել` ի՞նչ է եղել որ…

- Ո՞վ պոկեց այդ «բեկորը» իշխանությունից:

- Իրենք պոկվեցին, դա ինքնուրույն որոշման արդյունք էր, ընդդիմությունը, համենայնդեպս, ոչ մի դեր չի խաղացել, որ բեկորը պոկվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter