
Անբարո բարոյականություն, կամ` հակառակը
«Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանական կոալիցիայից դուրս գալու որոշում կայացրեց, ինչը փաստացի հիմնավորեց նրանով, որ այլևս չէր կարող համակերպվել իշխանության կցորդը կամ կույր աղիքը լինելու փաստի հետ: Պաշտոնական այս բացատրությունը, սակայն, որոշման իրական նպատակները թաքցնելու համար տրվեց: Իսկ ՕԵԿ-ը կոալիցիայից իրականում դուրս եկավ, որովհետև`
ա. չհաջողվեց Արթուր Բաղդասարյանին դարձնել վարչապետ, այն հույսով, որ Սերժ Սարգսյանը նրան կդարձնի իշխանության ժառանգորդը,
բ. հասկացան, որ կոալիցիայի հնարավոր ընդլայնումը տեղի է ունենալու իրենց վերապահված պորտֆելների հաշվին, այսինքն` կորցնելու են նույնիսկ այն փշրանքների մի մասը, որը շպրտվել էր իրենց դեմ նախագահի կողմից ,
գ. Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր այլևս նախագահ չդառնալու և առհասարակ որևէ կարգավիճակով պետության ղեկավարի պաշտոնը չզբաղեցնելու մտադրության մասին, որն ազատեց ՕԵԿ-ի ձեռքերն ու ոտքերը նրան անվերապահ ծառայելու կաշկանդումից և թույլ տվեց սեփական ապագան կառուցելու և ամբիցիոզ պլաններ մշակելու մասին մտածել,
դ. Արթուր Բաղդասարյանը երբեք չի հրաժարվել նախագահական հավակնություններից, և կուսակցությունն ու նրա լիդերը համարեցին, որ եկել է այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ սկսելու ժամանակը, ինչը հնարավոր էր միայն իշխանությունից դուրս գալու և ընդդիմադիր դառնալու համար մնացած երեք տարվա ժամանակահատվածը ճիշտ օգտագործելու պարագայում,
ե. այդ ամբիցիան բավարարելու անհնարինության պարագայում ՕԵԿ-ը, դառնալով ընդդիմություն, ամեն դեպքում, իշխանության համար ավելի պահանջված է լինելու` իբրև հնարավոր խարդավանքների գործիք ծառայելու իմաստով, և կուսակցությունը որոշեց պահեստավորել այդ «ռեսուրսը»:
Սակայն ՕԵԿ-ի պարագայում էականը ոչ թե այս պրագմատիկ հաշվարկներն են, այլ ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտում նրա դերակատարության բարոյական կողմը: Առաջին հարցը, որ ի հայտ է բերում ՕԵԿ-ի այս կտրուկ որոշումը, գրեթե փիլիսոփայական է. ի վերջո, որքանո՞վ են բարոյականությունն ու անբարոյականությունը քաղաքական կատեգորիաներ, և քաղաքականության մեջ որտեղո՞վ է անցնում դրանց բաժանարար սահմանագիծը:
Երկու տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ին հռչակեց քաղաքական բարոյականության տիպար: Այդ բնորոշմանը ՕԵԿ-ն արժանացավ միայն այն բանի համար, որ հայտարարեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Ի դեմս ՕԵԿ-ի` նախագահն, այդպիսով, սահմանեց, որ իշխանության համար բարոյականության չափանիշը դիմազրկությունն ու կամազրկությունն է և իրեն հնազանդության ու նվիրվածության աստիճանը: Եթե կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու որոշումը դիտարկում ենք այս չափանիշի լույսի ներքո, ապա ստացվում է, որ ՕԵԿ-ը անբարո գտնվեց նախագահի նկատմամբ` ցույց տալով, որ կարող է անհրաժեշտ պահին նաև հարվածել թիկունքից: Գուցե այս որա՞կն է կուսակցությունում քաղաքական բարոյականության չափանիշը: Մյուս կողմից, դա բարոյական չէր նաև այն պատճառով, որ փորձում է համոզել, թե 6 տարի շարունակ կցորդի կարգավիճակով իշխանության կերակրատաշտի մոտ հարմարավետ ծվարած լինելու փաստը խոստովանելու համար անպայման պետք է քաղաքական իրավիճակի փոխոխություն լիներ: Այսինքն` կարելի է ստրուկ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ կերակուրը կա, տեղն էլ տաք է:
Հարց է առաջանում նաև, թե ով ում նկատմամբ ավելի անբարոյական գտնվեց. կուսակցությունը իր նախարարների՞, թե՞ վերջիններս` կուսակցության: ՕԵԿ-ի «քվոտայով» նախարարի պաշտոններ զբաղեցնող երեք հայտնի անձինք անմիջապես դուրս եկան կուսակցությունից` նույնիսկ չսպասելով կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի վերջնական որոշմանը: Նրանք ցույց տվեցին, որ այս կուսակցությունն իրենց համար ընդամենը միջանցիկ դուռ է եղել, իսկ կուսակցական հավատարմությունը, սկզբունքայնությունը, գաղափարախոսության մարտիկ լինելը պարապ վախտի խաղալիքներ են, որոնք կարելի է ճմռթել ու դեն նետել: Այդ մարդիկ ՕԵԿ-ի հետ պորտալարային որևէ կապ չեն ունեցել ի սկզբանե: Բայց նրանք դա չեն էլ թաքցրել և գոնե այդքանով ազնիվ են եղել ՕԵԿ-ի հետ, որը, գիտակցաբար կուսակցական արժեհամակարգից դուրս գտնվողների վրա խաղադրույք կատարելով, միևնույն թակարդն է ընկնում արդեն երկրորդ անգամ` 2006թ. նախագահ Քոչարյանի կողմից իշխանությունից դուրս շպրտվելուց հետո:
Եթե առաջին անգամ հանուն պաշտոնների կուսակցությունից յուրայինների հրաժարումն իբրև իրենց հասցված չափազանց ծանր բարոյական հարված ընկալեցին ՕԵԿ-ում, ապա այս անգամ դրանից կարծես թե առանձնապես չեն էլ նեղվում. արդեն սովորել են և, փաստորեն, կամա թե ակամա ընդունում են, որ ՕԵԿ-ն իսկապես միջանցիկ դուռ է, որ օտար տարրերին ապավինելու միջոցով սեփական կադրային սնանկությունը թաքցնելը նորմալ երևույթ է: Մեկ անգամ սխալվելը նորմալ է յուրաքանչյուրի համար: Բայց երբ նույն կոպիտ սխալը թույլ է տրվում երկրորդ անգամ, նշանակում է կամ կուսակցությունն իսկապես անմեղսունակ է կամ իմունիտետ է ձեռք բերել երեսին անընդհատ թքելու և թքողների նկատմամբ:
Հետևաբար, ոչ մի նշանակություն այստեղ չունի` վերոնշյալ կողմերից հատկապես ո՞րն էր ավելի անբարոյական մյուսի նկատմամբ: Փաստն այն է, որ հրապարակային անբարոյականությունը իշխանությունից «գործուղվում» է ընդդիմություն, դառնում քաղաքականության գործոն, հավակնում ներթափանցել հնարավոր բոլոր զարգացումների տրամաբանության մեջ` հասարակական, քաղաքական հարաբերություններում ներարկելով անվստահության և կասկածամտության բավականաչափ մեծ, գրեթե անհաղթահարելի չափաբաժին: Առանց դրա էլ վիճակն առանձնապես մխիթարական չէր:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել