
Յուրօրինակ ավտոստոպ
Գնում էինք Ռինդ գյուղ ռեպորտաժ անելու: Պարզեցինք, որ Երևանից ուղիղ Ռինդ գնացող տրանսպորտ չկա: Վայոց ձորի այդ գյուղ հասնելու համար, եթե հասարակական տրանսպորտով ես գնում, պետք է իջնես Արենու ճանապարհին գտնվող Չիվա գյուղի մոտ և այդտեղից կամ ոտքով կամ ինչ-որ պատահական մեքենայով բարձրանաս Ռինդ՝ մոտ 5 կմ:
Չիվայում տաքսի չգտանք: Եղանակը տրամադրող էր. որոշեցինք քայլելով գնալ: Ճանապարհին մի տղա պատահեց՝ Շավարշը: Առաջարկեց տանել մեզ իր «բուռավիկով». ինքն էլ էր նույն ճանապարհով գնում, բայց Ռինդ չէր հասնելու:
Բեռնախցիկում տեղավորվեցինք ու այդպես ահագին գնացինք: Իր ասածից էլ ավել էր քշել Շավարշը ու կանգնեց միայն որովհետև վառելիքն էր վերջանում:
Մի քիչ էլ քայլեցինք, ու արդեն Ռինդի տանիքները նշմարվում էին: Շատ չանցած հետևից լսեցինք մեզ արդեն ծանոթ շարժիչի ձայնը: Շավարշն էր: Հետ էր գնացել էր Չիվա, լիցքավորել իր «բուռավիկն» ու եկել, որ մեզ տեղ հասցնի:
Մեկնաբանել