HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Աշխատանքային թրաֆիկինգի զոհեր Գյումրիից

«Յոթ հոգով մի փոքր սենյակում էինք մնում, որտեղ նույնիսկ տարրական կոմունալ հարմարություններ չկային: Համարյա միշտ կիսասոված էինք. օր էր լինում` ցամաք հաց էինք ուտում, լինում էր` կաղամբի կոթեր, օր էլ է եղել` բան չենք կերել: Ութ ամիս այդպես արդեն աշխատել էինք, երբ իմացանք, որ Արարատը ոչ մի կոպեկ մեր տուն չի ուղարկել` չնայած որ եղբոր գերեզմանով էր երդվում, որ տնեցիք ամեն ամիս փողը ստանում են»,- պատմում է Գյումրու բնակիչ, 42-ամյա Ռոբերտ Կարապետյանը:

Դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Արարատ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին, Աշոտ Գրիգորյանին հավաքագրելու եւ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի հանրապետության Ալմետեւսկ քաղաքում ավելի քան մեկ տարի աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ:

Մինչեւ Թաթարստան մեկնելը Ռոբերտն աշխատում էր Ծաղկաձորում` շինարարության վրա: Երբ ավարտվեցին աշխատանքները, վերադարձավ Գյումրի: 2003-ի դեկտեմբերին Գյումրիում հարազատներից մեկի թաղման արարողության ժամանակ հանդիպում է մորաքրոջ տղային` Արարատին եւ պատմում, որ նյութական ծանր վիճակում է եւ աշխատանք է փնտրում: Արարատը նրան պատմում է, որ իր ընկերներից մեկը` Մանվելը, Թաթարստանում շինարարության վրա աշխատող խումբ է հավաքում, եւ նրանք միասին կարող են մեկնել: Ռոբերտը համաձայնվում է: Որոշ ժամանակ անց Արարատը գնում է Ռոբերտի տուն` գործի մանրամասները քննարկելու: Ռոբերտի ու նրա կնոջ` Հայկանդուխտ Կարապետյանի հետ զրույցի ընթացքում Արարատն ասում է, որ ամսական վճարը վարպետի գործի համար կկազմի 12 հազար ռուսական ռուբլի` մոտ 400 դոլար, իսկ բանվորի համար` 11 հազար ռուբլի` 300 դոլար, որից կհանվի ապրուստի ամսական գումարը` 50 ԱՄՆ դոլար:

Ռոբերտը որոշում է իր հետ վերցնել նաեւ 16-ը նոր լրացած որդուն` Էդգարին, եւ իր կնոջ եղբորը` Աշոտին: «Քիչ փող չէր առաջարկում: Ու քանի որ մեծ ընտանիք ենք, հոգսերն էլ շատ են` մեծ տղաս հիվանդ էր, բանակի, համալսարան ընդունվելու հարց կար, դրա համար էլ մտածեցի` վատ չի լինի, որ փոքր տղաս էլ Ռոբերտի հետ գնա: Իսկ Արարատի առաջ պայման դրեցի, որ Էդգարին Ռոբերտից չբաժանի, պետք է միասին աշխատեն: Նա էլ համաձայնվեց»,- պատմում է Հայկանդուխտ Կարապետյանը:

Արարատն ասում է, թե ճանապարհածախսի գումար չունի, եւ նրանք պետք է գումար ճարեն մեկնելու համար: Հետո էլ վստահեցնում, որ հասնելուց ամենաշատը 20 օր հետո այն կուղարկեն: Ուստի, Ռոբերտն ու Աշոտը տոկոսով 300 դոլար են վերցնում ու ապրիլի 25-ին մեկնում: Հասնելուն պես Ռոբերտն ու Աշոտն իմանում են, որ աշխատելու են Արարատի ղեկավարությամբ: Արարատը Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին ու Աշոտին մի քանի այլ բանվորների հետ բնակեցնում է Ալմետեւսկի մոտ գտնվող Տիխսնաբ գյուղում վարձակալած սենյակում, որտեղ անկողիններից բացի ոչինչ չի լինում:

«Առավոտ 7-ից, երբեմն էլ 6-ից գնում էինք աշխատելու: Չնայած նախապես պայմանավորվել էինք աշխատել մինչեւ իրիկվա 7-ը կամ ամենաուշը 8-ը, լինում էր` գիշերը 1-ին ու 2-ին էինք գալիս: Նորմալ հաց չէինք ուտում: Մի անգամ էլ հիվանդացա, ոչ դեղ առավ, ոչ էլ բժիշկ կանչեց: Որ մի բան էլ ուզում էինք, ասում էր` փող չունեմ, լավ չեք աշխատում, փողը քիչ ա: Բայց երդում էր ուտում, որ աշխատածներս տուն ա ուղարկում»,- պատմում է Աշոտ Գրիգորյանը:

Որոշ ժամանակ անց Արարատը գրանցման հարցերը լուծելու պատրվակով հավաքում է նրանց անձնագրերը: Հետո էլ հայտարարում, թե գործ չկա ու դրա համար էլ պետք է ուրիշ բրիգադիրի մոտ ուղարկի աշխատելու: 2004-ի հունիսին Արարատը Ռոբերտին առանց Էդգարի ուղարկում է Նուրլատ գյուղ: Մոտ 7 ամիս աշխատելուց հետո Ռոբերտը վերադառնում է ու տեսնում, որ Արարատը դաժան ծեծի է ենթարկել Էդգարին:

«Երեխեն ասել էր` փող տուր տուն զանգեմ, տեսնեմ ինչ կա: Նա էլ ծեծել էր երեխուն: Հետո էլ մի փչացած հեռախոս էր նվիրել ու խոստացել, որ կլիցքավորի, բայց ոչինչ էլ չէր արել: Ընդհանրապես շատ էր լինում, որ խմած գալիս էր ու ծեծկռտուք սարքում: Իսկ բողոքել չէինք կարող, քանի որ ոստիկանների հետ լավ հարաբերությունների մեջ էր»,- դատարանում ասաց Ռոբերտ Կարապետյանը:

Մի քանի անգամ էլ Աշոտ Գրիգորյանն է ծեծվել, երբ տուն վերադառնալու համար Արարատից անձնագիրն է պահանջել: Այսպես ամիսներ շարունակ Արարատը Կարապետյանների ու Աշոտի` տարբեր խմբերում աշխատելուց եկամուտ էր ստանում, իսկ նրանց հայտարարում, թե վատ են աշխատել, դրա համար էլ գործատուները չեն վճարել:

Այդ ընթացքում Գյումրիում Հայկանդուխտ Կարապետյանը մի քանի անգամ այցելել է Արարատ Մուրադյանի բնակարան` նրա ընտանիքից ինչ-որ լուր իմանալու:

«Շատ վատ էին ինձ ընդունում, կոպտում էին ու ասում, որ ոչ մի տեղեկություն չունեն: Մի օր էլ նրանց մոտից հենց տուն վերադարձա, Արարատը զանգեց ու սկսեց սպառնալ ու պահանջել, որ իր ընտանիքին չանհանգստացնեմ: Հետո էլ Ռոբերտի հետ խոսեցի, ասացի, որ հայրը վատ է, մեծ տղային էլ հոսպիտալ են պառկեցրել, տոկոսներն էլ մի կողմից. գումար է հարկավոր: Զարմացավ, կարծում էր փող ենք ստանում: Հետո էլ կաշկանդված ասաց, թե ամեն ինչ լավ կլինի, որ չբողոքեմ: Մի անգամ էլ Արարատը զանգեց ու սպառնաց, թե եթե նորից ընտանիքին անհանգստացնեմ կամ բողոք գրեմ, Էդգարիս գլուխը փաթեթավորած կուղարկի»,- պատմում է Հայկանդուխտը:

Սակայն Հայկանդուխտ Կարապետյանը 2004-ի նոյեմբերից սկսում է տարբեր ատյաններ բողոքներ գրել: Ռոբերտ ու Էդգար Կարապետյանները եւ Աշոտ Գրիգորյանը հետախուզման մեջ են հայտնվում: Հետո բողոքները հասնում են Մոսկվա, որտեղից էլ հարցում է կատարվում Թաթարստան: 2005-ի մայիսին Թաթարստանի միգրացիայի վարչությունը ձերբակալում է Ռոբերտ Կարապետյանին եւ ուղարկում Կազան: Ռոբերտը Կազանի բանտում 2 ամիս է անցկացնում, որի ընթացքում ձերբակալվում են որդին` Էդգարն ու Աշոտը: Հուլիսին Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններն ու Աշոտ Գրիգորյանը վերադառնում են Հայաստան:

Արարատ Մուրադյանը դատավարության ընթացքում հրաժարվեց պատասխանել հարցերին եւ հայտարարեց, որ պնդում է նախաքննական ցուցմունքները: Մուրադյանը նախաքննական ցուցմունքում պատմել է, որ Ռոբերտ Կարապետյանը խաբել է իրեն, թե լավ վարպետ է, եւ որ նրա կատարած ցանկացած գործ բողոքի տեղիք է տվել: Էդգարն ու Աշոտն էլ լավ չեն աշխատել, դրա համար էլ ինքը ոչ մի գումար չի ստացել: Ինչ վերաբերում է սննդին ու ծեծին, սուտ է: Բացի այդ, ինքը որոշակի գումար է նրանց վճարել, սակայն ապացուցել չի կարող:

Դեկտեմբերի 12-ին դատարանը ( դատավոր Էդիկ Մանուկյան ) Արարատ Մուրադյանին դատապարտեց 5 տարի ազատազրկման եւ պարտավորեցրեց Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին ու Աշոտ Գրիգորյանին վճարել 11 հազար 400 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter