Գագիկ Բեգլարյանն առաջարկել է ստեղծել տաքսու ոլորտը կարգավորող մասնագիտական հանձնաժողով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպել է Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացված հիմնական մտահոգություններն առնչվել են մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում առկա կարգավորում պահանջող խնդիրներին:
Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրել է այդ ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման ընթացքը:
Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը ևս մտահոգ է այդ խնդիրներով, որոնք կարգավորելու նպատակով էլ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաև մատուցվող ծառայությունների որակը:
Նախարարն ընդգծել է բարեփոխումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն ամենօրյա ուշադրության կենտրոնում կպահի տաքսու վարորդներին և սպառողներին հուզող խնդիրները, միջոցներ կձեռնարկի դրանց շուտափույթ և հիմնավոր լուծման ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել