
«Ես 10 երեխա ունեմ, 10-ն էլ հրաշք են, էդ իմ հարստությունն է»
Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան
Երկու ամիս է մնացել, որ Արմինե Սիմոնյանը ծննդաբերի: 11-րդ երեխան է լույս աշխարհ բերելու: Բայց նա դեռ անելիքներ ունի բոստանում: Վարունգի թփերն անընդհատ պետք է թելերին ամրացնել, կաղամբն էլ՝ ավելորդ խոտերից մաքրել: «Բա պտի անեմ, որ էրեխեքիս կարենամ պահել»,- ասում է Արմինեն ու պոլիէթիլենով ծածկված հեղձուկ ջերմոցում շարունակում աշխատել: Այս տարի վարկ են վերցրել հողային աշխատանքների համար, պիտի աշխատեն, որ փակեն վարկը:
1998թ. Արմինեն երեք երեխա ուներ, որոշել էր ընդհատել հղիությունը և կանխել 4-րդ երեխայի ծնունդը, բայց այդ փորձը ճակատագրական է եղել նրա համար: Հղիության արհեստական ընդհատման հետևանքով Արմինեն արյունահոսություն է ունեցել և երեք օր պայքարել մահվան դեմ: Հիվանդանոցի մահճին պառկած` խոստացել է Աստծուն՝ եթե իրեն կյանք պարգևի, այլևս երբևէ չի հանդգնի ազատվել երեխաներից: Արմինեն 6 որդի ունի և 4 դուստր: 11-րդ երեխան էլ աղջիկ է լինելու: Ավագ դստերն ամուսնացրել է: Թոռ ունի արդեն:
Անտոնյանների 13 (շուտով` 14) անդամից բաղկացած ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արտաշար գյուղում: Ընտանիքի հոգսը շատ է, կենցաղային պայմանները՝ սահմանափակ: Ապրում են երեխաների 76 հազար դրամ նպաստով և հողի տված բերքով: Երեխաները զույգ-զույգ են քնում, փոքրերը` նաև երեքով:
Տունը վերանորոգման կարիք ունի: Խոհանոց չունեն. գազօջախը և ամանները ետնամուտքի դռան մոտ են դրված: Կրտսեր տղաներից մեկը մեր այցելության ժամանակ մուկ էր բռնում գազօջախի հետևում: Արմինեն, այդուհանդերձ, չի դժգոհում: Ասում է՝ կարևորը հաց լինի ու հագուստ, դա էլ՝ լավ թե վատ, փորձում են հասցնել:
![]() |
![]() |
Միակ բանը, որ չեն կարողանում ապահովել, երեխաների բարձրագույն կրթությունն է: Բոլոր դպրոցահասակ երեխաները լավ են սովորում: Գյուղի դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը հպարտությամբ է խոսում Արմինեի երեխաների մասին, շեշտում է, որ եթե բոլոր դասարաններում նրա երեխաների նման սովորող գոնե երկու երեխա ունենային, իրենք այլևս անելիք չէին ունենա: Երեխաները և́ կարգապահ են, և́ կոկիկ, և́ խելացի:
Արմինեի երկու դուստրերի նկարները փակցված են դպրոցի պատին՝ գերազանցիկների ցուցատախտակին: Երեխաներն ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, բայց նրանց ուսման ծախսերը հոգալ ընտանիքը չի կարող: Դրա պատճառով ավագ որդուն կրթության չեն տվել: Որդին` Գառնիկը, արդեն ծառայել է բանակում և վերադարձել տուն, հիմա իրենց հողն է մշակում: Բայց 9-րդ դասարանում սովորող Մարուսյան մեծ ցանկություն ունի կենսաբան դառնալու: Արմինեն հույսը Աստծո վրա է դնում՝ մի դուռ կբացի նրա համար:
Արտաշարում Արմինեին որպես «բազմազավակ հպարտ մայր» են բնութագրում, ով երբեք չի դժգոհում իր կյանքից կամ ապրուստից և աշխատում է, որ իր երեխաներին պահի: Արմինեն էլ պատմում է, որ երբեք օգնության համար չի դիմում մարդկանց, որ իր երեխաներին գումար կամ որևէ այլ աջակցություն ցույց տան: Մեկ անգամ փորձել է մարզպետի մոտ մտնել հողի հարկի վճարումը հետաձգելու խնդրանքով, բայց թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, թե ընդունելության օր չէ: Թողել ու տուն է եկել և այլևս նման փորձ չի անում:
Վիրավորվում է, երբ ասում են՝ ինչու ես այդքան երեխա ունեցել: Կարծում է՝ միայն տգետ մարդը կարող է նման բան ասել: Օրինակ է բերում. հարևան 7 տներում միասին 10 երեխա չկա, բայց անընդհատ դժգոհում են ապրուստից: «Ես 10 երեխա ունեմ, 10-ն էլ հրաշք են, էդ իմ հարստությունն է,- ասում է Արմինեն,- շատ բանի կարիք ունենք, բայց նյութականը իմ աչքին էն չի: Ավելի շատ կուզեմ, որ երեխեքս անփորձանք լինեն, առողջ լինեն, միշտ ես առողջ լինեմ, որ սենց երջանիկ ապրեմ, իմ երեխեքին ապահով տեսնեմ»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել