
Հրայր Թովմասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «ինձ համար անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը»
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համամիտ չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ չեն Հայաստանին: «Համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, թե մի շարք խնդիրներ կարելի է լուծել խորհրդարանական համակարգի միջոցով, ապա անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ակտիվանում է, Հրայր Թովմասյանը նկատեց. «Ինձ համար որպես քաղաքական երևույթ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, ապա դա պետք է անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված, ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու պատրաստ ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասել այդ մասին, նշել, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջակետ դնել»: Մյուս հարցերին Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանելուց:
Մեկնաբանել