HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ռուսաստանի «գազային պատերազմը» Բելառուսի դեմ

Միայն Հայաստանը եւ Մոլդովան ենթարկվեցին Մոսկվայի էներգետիկ շանտաժին

Ջորջ Բուշի վարչակազմը Բելառուս ռուսաստանյան գազի մատակարարումների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ Ռուսաստանին վերստին մեղադրել է էներգակիրները որպես «քաղաքական լծակ» օգտագործելու մեջ:

«Միանգամայն պարզ է, որ ռուսներն իրենց էներգակիրները փորձում են որպես քաղաքական լծակ օգտագործել, մասնավորապես, հարեւան պետությունների նկատմամբ»,- Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է Մ. Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը: «Անցյալ տարի մենք դա տեսանք Ուկրաինայի նկատմամբ, դա տեսանք նաեւ Վրաստանի նկատմամբ, իսկ այժմ դա տեսնում ենք Բելառուսի նկատմամբ»,- ասել է ՄըքՔորմակը:

Անցնող տարվա դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, երկարատեւ բանակցություններից եւ միմյանց հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո, եղբայրական պետություններ համարվող Ռուսաստանը եւ Բելառուսը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի` 2007թ. հունվարից Բելառուսը ռուսական 1000 խորանարդ մետր գազի դիմաց պետք է վճարի ոչ թե նախկին 47 դոլարը, այլ` 100: Ռուսական կողմը ակնկալում էր 105 դոլար` ընդգծելով, որ Մինսկը կարող է գումարի մի մասը վճարել էներգետիկ օբյեկտներով, տվյալ դեպքում` բելառուսական գազային խողովակաշարով: Այսինքն` ինչպես Հայաստանի եւ Մոլդովայի դեպքում:

Ռուսական «Գազպրոմը» սպառնացել էր, որ եթե Մինսկը մինչեւ 2007թ. հունվարի մեկը չստորագրի նոր պայմանագիր, ապա Բելառուս մտնող գազի խողովակը ուղղակի փակվելու է: Ի պատասխան` Մինսկն ասել էր, որ այդ դեպքում Բելառուսը օգտագործելու է այն գազը, որն իր տարածքով առաքվում է Եվրոպա: Նկատենք, որ եվրոպական պետություններին առաքվող ռուսական էներգակիրների 20 տոկոսն անցնում է հենց Բելառուսի տարածքով:

Ռուսական գազի թանկացմանը հետեւեց Մինսկի պատասխանը: Բելառուսի «Նեֆտեքիմ» կոնցեռնը պաշտոնական ծանուցում է հղել «Տրանսնեֆտ» ռուսաստանյան ընկերությանը՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից Բելառուսի տարածքի մայրուղային նավթամուղներով նավթի փոխադրման մաքսատուրք սահմանելու մասին: Բելառուսի նախարարների խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 31-ի որոշման համաձայն` Բելառուսի տարածքով նավթի փոխադրման մաքսատուրքը սահմանվել է 1 տոննայի դիմաց 45 դոլար:

Բացի այդ, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ Մինսկը պատրաստվում է Մոսկվայից պահանջել գումար ինչպես Բելառուսում ռուսական ռազմական ներկայության դիմաց, այնպես էլ տարանցման համար, որն իրականացնում է Ռուսաստանը Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա: Միանգամից հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ ռուսները պատրաստվում էին թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը` նախկին 56-ից մինչեւ 110 դոլար, Երեւանում լրագրողական եւ քաղաքական որոշ շրջանակներում տրտունջներ եղան, որ Հայաստանն էլ պետք է գումար պահանջի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դիմաց: Անհեթեթությունն այն է, որ ռուսական կողմը ոչ միայն չի վճարում ընդհանրապես, այլեւ Հայաստանն է վճարում ռուսական ռազմակայանի կոմունալ ծախսերը` էլեկտրականություն, ջուր, հեռախոս եւ այլն:

Հայաստանի իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ռուսական ռազմակայանի դիմաց չի կարելի գումար պահանջել, քանի որ Երեւանի խնդրանքով են ռուսական ուժերը տեղակայվել մեր երկրում:

2006թ. ողջ ընթացքում Ռուսաստանը «գազային կռիվներ» էր մղում ԱՊՀ իր գործընկերների դեմ: Մոսկվայում բացատրում են, որ ճգնաժամերը հարեւան երկրների հետ անխուսափելի էին, քանի որ համաշխարհային գերհսկաներից «Գազպրոմ» ընկերությունը որոշել է փոխել իր քաղաքականությունը, այսինքն՝ նախկին խորհրդային հանրապետություններին առաքվող գները հասցնել միջազգային շուկայում գործող սակագներին:

«Գազպրոմի», ասել է, թե` Ռուսաստանի առաջին «ճակատամարտը» Ուկրաինայի հետ էր: Քանի որ Եվրոպա առաքվող ռուսական «երկնագույն վառելիքի» մոտ 80 տոկոսն անցնում է Ուկրաինայի տարածքով, Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունեին Կիեւի հետ պայմանավորվածության ձեռք բերումը եւ նոր գների հաստատումը: Ռուսական կողմը, սակայն, չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակին՝ վերահսկողություն հաստատել ուկրաինական խողովակաշարի նկատմամբ, այսինքն՝ ի տարբերություն Հայաստանի եւ Մոլդովայի, Ռուսաստանը չի վերահսկում Ուկրաինայով անցնող խողովակաշարերը: Չնայած ռուսական կողմը նախկին 95 դոլարի փոխարեն (1000 խորանարդ մետրի դիմաց) Ուկրաինայից պահանջում էր 230 դոլար, սակայն բանակցությունների արդյունքում հաստատվեց 130 դոլար սակագինը, ինչը շատ լավ գին է, եթե հաշվի առնենք, որ եվրոպական երկրները ռուսական գազի դիմաց վճարում են երկու-երեք անգամ ավելի բարձր գին:

Ի տարբերություն նավթի, համաշխարհային շուկայում գազի հստակ գներ չկան, հիմնականում պայմանավորվածությունները ձեռք են բերվում երկկողմ մակարդակում: Այդպես է վարվում նաեւ Ռուսաստանը, որը, օրինակ, շարունակում է Թուրքիային գազ վաճառել շատ ավելի ցածր գնով, քան ցանկացած այլ երկրի: Ավելին, «Գազպրոմը» մի քանի օր առաջ անմիջապես ավելացրեց գազի մատակարարումը Թուրքիա այն բանից հետո, երբ Իրանի նավթի նախարար Քազեմ Վազիրի Համանեն հայտարարեց, որ «ներքին հարցերի» կապակցությամբ իսլամական հանրապետությունը ժամանակավորապես դադարեցրել է բնական գազի մատակարարումը Թուրքիա:

Ակնհայտ է, որ դեռ մի քանի տարի առաջ ԱՊՀ երկրները, այդ թվում եւ Հայաստանը, ռուսական գազ էին ստանում շատ ցածր գներով, եւ եթե այսօր «Գազպրոմը» բարձրացնում է սակագները, դա բնական է: Երբ Մ. Նահանգները, եվրոպական երկրները, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունները քննադատում են ռուսական «գազային» քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, ապա առաջին հերթին նկատի են առնում ոչ թե գները, այլ այն, որ Մոսկվան էներգակիրները որպես «քաղաքական լծակ» է օգտագործում:

Մի քանի շաբաթ առաջ բավականին ծանր բանակցություններից հետո նոր սակագներ հաստատվեցին «Գազպրոմի» եւ Վրաստանի միջեւ: Միխայիլ Սաակաշվիլին այլ երկրներում գազ չգտնելուց հետո ստիպված եղավ համաձայնել ռուսական պահանջներին եւ վճարել 235 դոլար, որը ամենաբարձր գինն է ԱՊՀ տարածքում:

Սաակաշվիլին նախապես հայտարարում էր, թե 235 դոլարը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գին է, եւ Թբիլիսին չի պատրաստվում դա վճարել Մոսկվային եւ պատրաստ է անգամ հրաժարվել ռուսական գազից: Սակայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Վրաստանը չի կարող գազ ակնկալել հարեւան երկրներից` Իրանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, ստիպված եղավ վճարել այն գինը, որը սահմանել էին ռուսները:

Սկզբունքորեն, Վրաստանը կարող էր այս ձմեռ գազ ստանալ Իրանից Ադրբեջանի տարածքով, ինչպես եղավ մեկ տարի առաջ, երբ Հյուսիսային Կովկասում վնասվել էր Վրաստան մտնող խողովակաշարը: Այս տարի, սակայն, Մ. Նահանգները Սաակաշվիլիին հրապարակավ հասկացնել տվեցին, որ չեն հանդուրժի Վրաստան-Իրան համագործակցությունը, քանի որ իսլամական հանրապետությունը խնդիրներ ունի միջազգային հանրության հետ:

Վրաստանի նախագահը անմիջապես ուղեւորվեց Թուրքիա` հուսալով, որ կարող է ստանալ Ադրբեջանից Թուրքիային առաքվելիք գազի որոշ մասը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից: Նմանօրինակ առաքելությամբ Ադրբեջան մեկնեց վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Թեեւ դժվարությամբ, բայց Թբիլիսիին հաջողվեց նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, եւ այս տարի Վրաստանը գազ կստանա Ադրբեջանից (800 մլն խորանարդ մետր) եւ Ռուսաստանից (1.1 մլրդ):

Սաակաշվիլին «իսկական բարեկամական եւ եղբայրական քայլ» էր որակել իր ներքին պաշարներից ընթացիկ ձմռանը Վրաստանին գազ տրամադրելու Ադրբեջանի որոշումը: Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների առջեւ ելույթում Վրաստանի նախագահը հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «հերոսական որոշում» է ընդունել Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման մասին, եւ «շատ չեն ղեկավարները, ովքեր կկայացնեին նման որոշում»: Սաակաշվիլին ասել էր, որ «Շահ Դենիզի» հանքավայրից Վրաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի որոշումը «շատ մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, որը 2006 թվականին ոչ միայն շրջափակման մեջ է հայտնվել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում, այլեւ գործնականում էներգետիկ մահապատժի է ենթարկվել ռուսական կողմից»:

Ադրբեջանը, որը մինչեւ «Շահ Դենիզի» լիիրավ գործարկումը եւս կախում ուներ ռուսական էներգակիրներից, հայտարարել է, որ չի պատրաստվում 235 դոլար վճարել ռուսական գազի դիմաց: «Ինչու՞ է Ռուսաստանը Ուկրաինային գազը վաճառում 130, Հայաստանին` 110 դոլարով, իսկ մենք պետք է վճարենք 235 դոլար»,- ասել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը: Անցնող տարեվերջին Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական գազից: Նշենք, որ ռուսական գազով են աշխատել ադրբեջանական ջերմաէլեկտրակայանները էլեկտրաէներգիա արտադրելու համար: Բայց, քանի որ Բաքուն հրաժարվել է ռուսական գազից, էլեկտրաէներգիա արտադրելու համար Ադրբեջանը պատրաստվում է օգտագործել իր երկրի նավթը եւ մազութը, իսկ սա, ինչպես ասել է Ալիեւը, նշանակում է, որ Ադրբեջանը կրճատելու է ռուսական տարածքով` Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով միջազգային շուկա արտահանվող նավթի չափաբաժինը:

Ըստ էության, ԱՊՀ երկրներից միայն Մոլդովան եւ Հայաստանը համաձայնվեցին գազ ստանալու բոլոր այն պայմաններին, որ առաջարկում էր Մոսկվան: Մոլդովայի իշխանությունները մասամբ ռուսական «Գազպրոմին» են փոխանցել երկրի տարածքի գազախողովակաշարերը եւ այսօր գազի դիմաց վճարում են 170 դոլար, իսկ Հայաստանի էներգետիկ օբյեկտների ավելի քան 80 տոկոսը Ռուսաստանի սեփականությունն է, եւ այդ «լավության» դիմաց ռուսները մեզ գազը վաճառում են 110 դոլարով:

2006թ. մարտի 31-ին «Գազպրոմը» եւ Հայաստանի կառավարությունը ստորագրել են 25 տարվա ժամկետով համաձայնագիր, որը որոշակիացնում է Հայաստանի տարածքում գազաէներգետիկ ծրագրերում համագործակցությունը: Ըստ այդ համաձայնագրի` Հայաստանի համար ռուսական գազի գինը 2006թ. ապրիլի 1-ից մինչեւ 2009թ. հունվարի 1-ը կլինի 110 դոլար: Այս փաստաթղթով հայ-ռուսական «Հայռուսգազարդը» Հայաստանի կառավարությունից գնում է Իրան-Հայաստան կառուցվող գազատարի 40 կմ հատվածը եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի կիսակառույց հինգերորդ բլոկը:

Հայաստանում քաղաքական եւ տնտեսական որոշ շրջանակներ պնդում են, որ մեր երկրի էներգետիկ անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում: Պատճառն այն չէ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների գնորդը, այլ որ էներգետիկ համակարգի ավելի քան 80 տոկոսը պատկանում է մեկ երկրի, տվյալ դեպքում` Ռուսաստանին, որն ընդգրկում է եւ՛ էներգիայի ստեղծման, եւ՛ բաշխման, մատակարարման համակարգերը: Այսինքն` Հայաստանը կախված է մեկ կենտրոնից, եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին խոսելն այլեւս անիմաստ է դառնում: Ըստ էության, որոշակիորեն արժեզրկվում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի գաղափարը, որովհետեւ այդ գազատարը կարող էր ինչ-որ չափով ապահովել ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունը եւ անվտանգությունը, այլեւ տարանցման դեր կատարել Վրաստանի համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այլեւս Մոսկվայի ձեռքում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, քանի որ այս կամ այն կերպ Ռուսաստանին է պատկանում մեր երկրի գրեթե ամբողջ էներգահամակարգը: Միակ օբյեկտը, որն ապահովում է Հայաստանի էներգիայի աղբյուրի մոտ 10 տոկոսը՝ Որոտանի ջրաէլեկտրակայանը, դեռեւս Հայաստանի սեփականությունն է, աշխատում է մեծ օգուտներով, սակայն չի բացառվում, որ ռուսները դա էլ գնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter