
Մրջյուններն օգնեցին ինձ փախչել
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Անցած 18 տարիներին, ինչպես գիտեք, խցակցիս՝ Արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանի հետ երկու անգամ փախուստ ենք կատարել երկու բանտերից: Առաջին անգամ՝ 2004 թ-ին (ազատության մեջ մնացի 11 օր, Սողոմոնը մոտ մեկ ամիս), իսկ երկրորդ անգամ՝ 2009 թ-ին (ազատության մեջ մնացի 21 օր, մեկ օր անց բռնեցին նաև Սողոմոնին): Ազատության մեջ մեր կողմից չի կատարվել ոչ մի զանցանք կամ օրինախախտում: Ինչո՞ւ ենք դիմում փախուստի: Հարց, որի պատասխանը գտնելու փոխարեն, մեր ցմահ ազատազրկման մեջ կլանվեց ևս 15 տարվա պատժաչափ: Այս ամենի մասին գրել եմ իմ երկու գրքերում: Փախչում եմ Սողոմոնի հետ, որովհետև նա էությամբ հանցագործ չէ: Մենք փախչում էինք, քանի որ մեր ձայնը այս պատերից դուրս չէր գալիս: Իսկ մահապատժից անցումը ցմահ դատապարտման (արագ մահը փոխեցին դանդաղ մահով) լցրեց համբերության բաժակը:
Երկաթե ծանր, մեծ դռները բացվեցին, և ցմահ դատապարտյալներով լցված «վոռանոկը» (դատապարտյալներին տեղափոխող մեքենան է) մտավ Գորիսի բանտ: Երբ կալանավորներին կամ դատապարտյալներին, անցկացնելով զինված հսկիչների շարքի միջով, նստեցնում են այդ բեռնատարների մեջ, որ տեղափոխեն այլ կալանավայր կամ էլ դատարան տանեն, հաճախ կարող ենք լսել հետևյալ արտահայտությունը՝ «վե՛րջ, բարձեցինք»: Կարծես մարդիկ կարտոֆիլ կամ ինչ-որ ապրանք լինեն: Իրար կպած կռացած (առաստաղը թույլ չի տալիս ուղիղ կանգնել) մի կերպ հասանք Գորիս, հենց ճանապարհին էլ ծանոթացա Սողոմոնի հետ: Չնայած ի՞նչ կա զարմանալու՝ մեզ մոտ նույնիսկ ազատության մեջ ապրող քաղաքացիներն են երթևեկում կռացած, մարդու արժանապատվությունը նվաստացնող վիճակով:
Հայտնվեցի 2-րդ հարկի համար 23 խցում, որտեղ արդեն տեղավորել էին 3 ցմահ դատապարտյալի: Առաջինին ճանաչում էի. մոտ 2 տարի նստել էի նրա հետ, երկրորդը Սողոմոնն էր, երրորդին չէի ճանաչում: Մի քանի ամիս առաջ մահապատժի դատապարտվածներ էին, այժմ՝ ցմահ: Ըստ էության, ոչինչ չէր փոխվել: Գորիսի բանտում բաժանեցին ամառային բարակ սև սպեցովկաներ, և բոլորիս տվեցին նույն չափի մեծ կոշիկներ՝ առանց կապիչների: Ձմեռը նոր էր վերջացել, դեռ շատ ցուրտ էր: Զբոսանքի համար նախատեսված խցերում ձյունն առատորեն նստած էր ճաղապատ տանիքից: Մեր քաղաքացիական հագուստը վերցրել էին, նույնիսկ սվիտեր չունեինք: Երբ տարան զբոսանքի, ցրտից դողում էինք, վազելը չէր օգնում: Աշխատակիցները ծայրահեղ զգուշությամբ էին մեզ վերաբերվում, քանի որ բոլորիս ներկայացրել էին իբրև «մարդակեր գազանների»: Սակայն մեկ-երկու ամիս անց բանտապահները հասացան, որ այդ ամենը իրականության հետ ոչ մի կապ չունի: Քիչ թե շատ ծանոթանալով դատապարտյալների գործերին՝ նրանք ևս համոզվում էին, որ ցմահ բանտարկյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև չափազանցված պատիժ ստացած կամ բացառապես անմեղ մարդիկ:
Ես 18 տարի է՝ բարձրաձայնում եմ, որ չեմ կատարել սպանություն ու, անարդար դատապարտված լինելով, բանտի 4 պատերի մեջ բնականաբար փնտրել ու փնտրում եմ ելք՝ ազատություն վերադառնալու համար:
Գորիս ժամանելուց հետո, մի քանի օր անց սկսեցի նստել լուսամուտագոգին և աննկատ փորփրում էի պատը երկու ճաղերի արանքում, շաքարաջուր էի լցնում այնտեղ, զբոսահրապարակից մրջյուններ էի հավաքում ու լուցկու տուփի մեջ լցրած բերում էի խուց, բնակեցնում փորածս տեղում, որտեղ նրանք մանր անցքեր-ճանապարհներ էին ստեղծում, ինչը ամիսների ընթացքում թուլացնում էր պատի ամրությունը այդ հատվածում:
Անցավ մի քանի ամիս, և օրերից մի օր Սողոմոնին պետական ինչ-որ կառույցից մի բարձրաստիճան պաշտոնյա այցելեց: Երբ Սողոմոնը վերադարձավ խուց, լուռ էր: Հաջորդ օրը հասկացրեց, որ զբոսանքի չգնամ, որպեսզի երկուսով մնանք խցում: Ասելու բան ուներ: Նրա խոսքերով՝ իրեն այցելած պաշտոնյան զրույցի ժամանակ հետաքրքրվել էր նաև իմ գործով, ասել, որ լավ գիտի 1996 թ-ին ինձ ներկայացված մեղադրանքի կեղծ լինելու մասին: Իմացա նաև, որ այդ նույն պաշտոնյան Սողոմոնի մահվան դատավճռից առաջ խոստացել էր որոշ ժամանակ անց լուծել նրան ներում շնորհելու հարցը: Բայց անցել էր 9 տարի, ոչ մի ներում չկար: Դրանից հետո Սողոմոնն ասաց, որ այլևս ոչ մի բանի չի հավատում, որ պետք է փախչել:
Փախուստի պատմությունը կշարունակեմ իմ հետագա հրապարակումներով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել