HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Հեշտ է կյանքը ոստիկանության պաշտոնյայի

«Հետքը» բազմիցս է հրապարակել տեսանյութեր, որոնցում ոստիկանության և այլ ուժային կառույցների աշխատակիցների վարած մեքենաները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:

Մենք փորձեցինք պարզել, թե որքանո՞վ են ուժային կառույցների աշխատակիցները կանչվում պատասխանատվության իրենց կատարած խախտումների համար:

Օրենքի պաշտպանին կարելի է օրենքը չհարգել

Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես են ճանապարհային ոստիկանության տեսուչները վերաբերվում օրինախախտ ոստիկաններին, կարող եք ցանկացած աշխատանքային օր մոտենալ ոստիկանության շենքին (Նալբանդյան 130) և տեղում կանգնած տեսուչների առաջարկել տուգանել արգելող վայրում կայանված «ՈՍ» պետհամարանիշներով մեքենաներին (իսկ խախտմամբ կայանված այդպիսի մեքենաներ ոստիկանության շենքի մոտ միշտ կան):

Հարկ է նշել, որ մեր հրապարակումներում խախտում կատարող ոստիկաններից և ոչ մեկը լուրջ պատասխանատվության չի ենթարկվել, չի տուգանվել… Իսկ, որպես կանոն, Ճանապարհային ոստիկանությունը հերքել է խախտման փաստը:

Սակայն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն, թե ինչպիսի պատասխանատվության են ենթարկվում տեսախցիկների տակ խախտումներ կատարած ոստիկանները:

Օրինախախտ ոստիկանների հետքերով

Այսպիսով, դեռևս աշնանը մենք հրապարակեցինք տեսանյութ, որում խախտում կատարող 4 ոստիկաններից 2-ը խախտումը կատարել են Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում: Այս խաչմերուկում տեղադրված են երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ:

Այսպիսով, 022 ՈՍ 01 համարանիշով մեքենան հատեց հոծ գիծը, խախտեց հետընթացի կանոնները, դուրս եկավ հանդիպակաց՝ առաջ անցնելով այլ մեքենաներից, խաչմերուկը հատեց կարմիր լույսի տակ և խախտեց խաչմերուկի հատման կանոնները: Իսկ 501 ՈՍ 01 մեքենան դուրս եկավ հանդիպակած և խախտեց խաչմերուկի հատման կաննոները: Եթե մեքենաները չլինեին ոստիկանական, ապա դրանց վարորդները կտուգանվեին համապատասխանաբար 95.000 և 35.000 դրամով:

Բազմաթիվ դիմումներին և հարցումներին ի պատասխան՝ ոստիկանությունը հաստատում է խախտման փաստը և հավաստիացնում, որ այն տեսանկարահանվել է: Սակայն ՃՈ-ն ամեն կերպ հրաժարվում է ներկայացնելու որևէ ապացույց, ինչպես նաև հրաժարվում էր հայտնել, թե ովքե՞ր են եղել այդ երկու մեքենաների ղեկին նստած «օրենքի պաշտպանները»: Ի վերջո, ոստիկանությունը գոնե հայտնեց, որ նրանց տրվել է «նախազգուշացում»:

Այսինքն, մեկ րոպեում ճանապարհային երթևեկության թվով 5 խախտում կատարած վարորդը (ով արժանի է վարորդական իրավունքից զրկվելուն) Հայաստանում գործող միջին աշխատավարձի չափով տուգանվելու փոխարեն ընդամենը ստացել է նախազգուշացում… Եւ միայն այն պատճառով, որ նա ոստիկան է:

ԱԱԾ-ն «մաքուր է»

Իսկ ահա Ազգային անվտանգության ծառայությունը, տեսախցիկները գործելու առաջին երկու տարիների ընթացքում, ընդհանրապես Ճանապարհային ոստիկանությունից որևէ գրություն չի ստացել: Այսինքն, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ԱԱԾ ծառայողական մեքենաներից որևէ մեկը տեսախցիկների տակ իրավախախտում չի կատարել:

Հայաստանի Հանրապետությունում տարեկան տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում է համարյա մեկ միլիոն իրավախախտում: Երևան քաղաքում բնակվող մեքենաների սեփականատերերը տարեկան ստանում են միջինում մոտ 4 տուգանք:

Իսկ ԱԱԾ-ի հարյուրավոր մեքենաներից և ոչ մեկը, ստացվում է, որևէ խախտում չի կատարել: Ավելի ճիշտ` Ճանապարհային ոստիկանությունը ԱԱԾ-ի աշխատակիցների արված որևէ խախտում չի արձանագրել:

Խախտումների մասին գրություններ ստացել են անգամ այնպիսի կառույցներ, ինչպիսիք է ՀՀ նախագահի աշխատակազմը (2012-2013թթ.՝ 19 հատ), ՊՆ-ն (88 հատ) և ՀՀ դատախազությունը (433 հատ), իսկ ԱԱԾ-ն` 0 հատ:

Իսկ թե ի՞նչ պատասխանատվության են կանչվել պետական մարմինների և ուժային կառույցների վարորդները (կապված տեսախցիկներով արձանագրված խախտումների հետ),  կփորձենք պարզել առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

Բագրատ Խարատրյան
Տիրովին տերն ա տարել, անտերին` գելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter