HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երեւանի փողոցներում նորից անօթեւաններ են մահանում

Արարատ Դավթյան
Վահե Սարուխանյան

Դեկտեմբերի 26-ին Երեւանի Կամերային երաժշտության տան մերձակայքի աղբարկղերի մոտ նորից կրակ էին վառել մեզ արդեն ծանոթ երկու թափառաշրջիկները` Տոնին ու Մյասնիկը:

Նախապես պայմանավորվել էինք, որ այդտեղ պետք է հավաքեին իրենց ծանոթ անտուններին՝ մեզ հետ ծանոթացնելու համար: Բայց նրանք երկուսով էին. հետները միայն Զինան էր` հղի շունը:

«Օգնե՛ք մեզ, Իգորը մեռնում է,- արցունքոտ աչքերով ասաց Տոնին ու ավելացրեց,- ես գիտեմ` մենք բոլորս էլ շուտով կմեռնենք: Էս ձմեռ ութ մարդ է մահացել. Գայանեն, շամշադինեցի Աշոտը, Մամիկոնը... Դավիթը զիբիլի մոտ մեռավ, ես եմ շտապօգնություն զանգել»:

Բաղրամյան պողոտայի վրա` Չինաստանի դեսպանատան դիմացի մայթին, կիսակառույց շինության մեջ ապաստանել էին չորս թափառաշրջիկներ: Իգորը «սենյակի» ձախ անկյունում պառկած էր՝ հնամաշ վերարկուով փաթաթված:

«Նոր տարուց հետո ինձ մի քիչ կարգի կբերեմ, կգնամ հիվանդանոց, մի 10 օր կպառկեմ, կդզվեմ ու տանս հարցերով կզբաղվեմ,- բառերը դժվարությամբ արտաբերելով` ասաց 52-ամյա Իգորը,- կոկորդս բռնված է, մրսած եմ. բետոնի վրա եմ պառկում. ա՛յ, կրակը վառվում է, բայց ես չեմ զգում, չեմ տաքանում»:

Իգոր Բրուտկարոյանի խոսքերով՝ ինքը Էրեբունի համայնքի Արեշ թաղամասում 2 սենյականոց բնակարան ունի, որտեղ հիմա ապրում է կինը: Վերջինիս հորդորով էլ, Իգորի պատմելով, Ռուսաստանում գտնվող 2 չափահաս որդիներն իրեն չեն օգնում: 2006թ. փետրվարին մահացել է նրա մայրը, որից հետո կինը տունը կռիվ է գցել անվանափոխության համար: «Գլուխս հարդուկում էր, թե դակումենտները տուր. ուզում էր տունը սարքեր իրա անունով ու ինձ գցեր քուչեքը»,- ասաց Իգորը եւ նշեց, որ վեճ ու կռվից հոգնած` 9 ամիս առաջ ինքնակամ է հեռացել տնից: Սկզբում ինչ-որ շինհրապարակում պահակություն է արել ու քնել տնակում, բայց 3 ամիս առաջ շինարարությունը ավարտվել է, ու նա հայտնվել է փողոցում:

«Թարսի պես տան բանալիները կորցրել եմ, բայց դակումենտները մոտս են, պահել եմ»,- ասաց նա եւ հավելեց, որ նոտարն իրենից 100 ԱՄՆ դոլար է պահանջել անվանափոխության համար. «Նոր տարուց հետո մի ձեւ փող կճարեմ, տունը մորս անունից կգցեմ իմ անունով. վերջը պտի արվի, չէ՞»:

Իգորի ատամները ցրտից կափկափում էին, բայց նա անընդհատ ջուր էր խնդրում: Ընկերները պատմեցին, որ արդեն 2 օր էր՝ հրաժարվել էր ուտելուց, բողոքել սրտի ծակոցներից. «Շտապօգնություն ենք կանչում, որ իմանում են բոմժ ա, չեն գալիս»,- պատմում էին նրանք:

Մենք շտապօգնություն զանգեցինք, ներկայացանք որպես լրագրողներ, եւ մոտ 20 րոպե անց շտապօգնության մեքենան Իգորին տեղափոխեց Հանրապետական հիվանդանոց: Սակայն 3 օր անց՝ դեկտեմբերի 29-ին, Իգորը դարձյալ նույն տեղում` բետոնին պառկած, քնած էր: Ընկերները տեղեկացրին, որ հիվանդանոց գնալու հաջորդ օրն իսկ Իգորը վերադարձել է ու պատմել, որ հիվանդանոցում բժիշկն իրեն ասել է, թե ցուլի պես առողջ է, իսկ առավոտյան ստիպել են հեռանալ հիվանդանոցից:

Հանրապետական հիվանդանոցում դեկտեմբերի 26-ին Իգոր Բրուտկարոյանին ընդունել է հերթապահ բժիշկ Լարիսա Բաբայանը: Նրա հավաստմամբ` ինքն անմիջապես կանչել է նյարդաբանին, սրտաբանին եւ սուր թունավորումների բաժանմունքի բժշկին: Հիվանդը թույլ չի տվել, որ սրտաբանը էլեկտրոսրտագրություն անի, բայց եւ սրտի հետ կապված որեւէ գանգատ չի հայտնել:

«Մասնագետների եզրակացության հիման վրա այդ մարդը հիվանդանոցում պառկելու կարիք չուներ»,- ասաց Լ. Բաբայանը եւ վստահեցրեց, որ հիվանդը բողոքել է միայն գլխապտույտից, սրտխառնոցից ու քաղցից. «Մենք նրան թեյ, հաց ու պանիր հյուրասիրեցինք: Նա պառկեց միջանցքում` ջեռուցիչի կողքին, իսկ առավոտյան ինքնակամ հեռացավ»:

Իգոր Բրուտկարոյանը դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է: Բժիշկ Լ. Բաբայանը նշեց, որ նրա մոտ առկա է եղել նաեւ մաշկային հիվանդություն, բայց քանի որ իրենք մաշկաբան չունեն, ու հիվանդը կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել, նրան խորհուրդ են տվել դիմել մաշկաբանի օգնությանը: Հիվանդանոց «ընդունվելուց» եւ «դուրս գրվելուց» երեք օր անց հիվանդի մահանալու պատճառը բժիշկն այդպես էլ չնշեց. «Ես չեմ կարող ասել, թե հիվանդն ինչից է մահացել, բայց եւ չեմ կարող որեւէ բան բացառել: Գուցե ինչ-որ տեղ ընկել ու գլուխը խփե՞լ է: Չգիտեմ...»,- ասաց Լ. Բաբայանը:

Մենք զանգեցինք ոստիկանություն` տեղեկացնելով Իգորի մահվան մասին: Մոտ մեկ ժամ անց ոստիկանները եկան, որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենա եկավ եւ դիակը տեղափոխեց դիահերձարան: Իգոր Բրուտկարոյանի դին կամփոփվի Նուբարաշենի գերեզմանոցի` անօթեւանների համար նախատեսված հատվածում:

Հ.Գ. Իգորի մահվանից չորս օր անց` հունվարի 3-ին Բաղրամյան 7 հասցեում գտնվող կիսակառույցում մահացել է նաեւ թափառաշրջիկ Ալիկը` 57-ամյա Ալեքսանդր Բուչախչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter