HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Էնթոնի Գոդֆրի. «Հայաստանում շատ անելիք կա, հույս ունենք շուտով դեսպան ունենալ»

Ամերիկյան վարչակազմն ուզում է Ռիչարդ Հոգլանդին, ամերիկահայերը դեմ են

Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ուրբաթ` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում շատ անելիքներ կան, իսկ դրանք իրականացնելու համար դեսպանի ներկայությունն անհրաժեշտություն է:

«Հայաստանում մենք շատ անելիքներ ունենք, դրանց իրականացման համար դեսպան ունենալը մեզ համար շատ կարեւոր է: Հուսով եմ` այդ հարցը շուտով կլուծվի, եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նոր դեսպան կունենանք: Այստեղ աշխատանքային մեծ թիմ ունենք ու լավատես ենք, որ կառավարության եւ հասարակության հետ տարբեր ծրագրեր իրականացնելով` հնարավոր կլինի հասնել արդար ու թափանցիկ ընտրությունների»,-ասաց հավատարմատարը:

Նախագահ æորջ Բուշը երկրորդ անգամ է առաջադրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ամերիկյան դեսպանի պաշտոնում: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուլիսին Հոգլանդի անդրանիկ առաջադրման ժամանակ արգելափակեց նրա հաստատումը դեսպանի պաշտոնում, իսկ դեկտեմբերին Սենատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռեյդի հետ համատեղ նամակով դիմեց պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին՝ հորդորելով հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը: Սենատոր, հանրապետական Նորմ Քոլեմանն էլ ասել էր, որ «ոչ մի կերպ չի կարող պատկերացնել, թե ինչպես, օրինակ, կարելի է Իսրայել ուղարկել մի դեսպանի, ով չի ճանաչում Հոլոքոստը»:

Սակայն, Բուշը տեղի չի տվել եւ երկրորդ անգամ է առաջադրել: Բայց տեղի չի տալիս նաեւ Մենենդեզը, ով հունվարի 10-ին, օգտվելով վետոյի իր իրավունքից, երկրորդ անգամ արգելափակեց եւ հորդորեց Բուշին Հոգլանդի փոխարեն նոր թեկնածու առաջադրել: Մենենդեզին են միացել նաեւ ամերիկյան Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ, դեմոկրատ Ֆրենք Փալոունը եւ Նյու Յորքից կոնգրեսական, դեմոկրատ Էնթոնի Ուեյները, ովքեր խստիվ քննադատել են Սպիտակ տանը` Հոգլանդի թեկնածությունը վերաառաջադրոլու համար:

«Պետքարտուղարությունը եւ Սպիտակ տունը անարդարացի են Հայոց ցեղասպանության ժխտման իրենց դիրքորոշման մեջ»,- ասվում է սենատոր Մենենդեզի հայտարարության մեջ:- Հոգլանդը վաստակա վոր դիվանագետ է, որը հավատարմորեն ծառայել է Միացյալ Նահանգների շահերին: Սակայն, հաշվի առնելով հավակնորդի անվան շուրջ առկա հակասությունները, իրավիճակից լավագույն ելքը կլինի դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածու նշանակելը»:

Երբ որեւէ դեսպանի առաջադրումը որեւէ երկրում արգելափակում են սենատորները, ինչպես այսօր տեղի է ունենում Հոգլանդի դեպքում, ապա ամերիկյան օրենքները Սպիտակ տանը թույլ են տալիս, օգտագործելով Սենատի արձակուրդում լինելու առիթը, շրջանցել Սենատին եւ առանց վերջինիս հավանության նշանակել դեսպանին, բայց միայն մեկ տարի ժամկետով: Ընդ որում` եթե Սենատն այդ մեկ տարվա ընթացքում չի հաստատում, ապա դեսպանը ետ է կանչվում: Արձակուրդային պահ էր ստեղծվել Հոգլանդի համար, բայց, ինչպես նկատում ենք, Բուշը կամ չի ուզում շրջանցել Սենատին, որտեղ մեծամասնություն են կազմում նրա քաղաքական հակառակորդ դեմոկրատները (վերջիններս մեծամասնություն են կազմում նաեւ Ներկայացուցիչների պալատում), կամ հետեւողականորեն պնդում է մի դեսպանի հաստատմանը, որը, Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից բացի, արվամոլի համարում ունի: Հայաստանում հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ հենց այս վերջին հանգամանքը շեշտելով են հիշեցնում, որ ավանդապաշտ Հայաստանում չպետք է լինի նման վարքի տեր դեսպան:

Եթե ամերիկյան վարչակազմը պնդում է Հոգլանդի թեկնածության վրա, ապա ամերիկահայերը, առաջին հերթին` Հայ դատի հանձնախումբ ը, խիստ դժգոհ է Հոգլանդի թեկնածության վերաառաջադրման կապակցությամբ: Հ անձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը սենատորներին հորդորել է կանխել Հայաստանի համար անցանկալի թեկնածուի հաստատումը: «Հայոց ցեղասպանությունն ուրացողը երբեք չպետք է ներկայացնի Մ. Նահանգները Հայաստանում, մի երկրում, որը ցեղասպանության մոխիրներից է հառել »,- նամակում գրել է Խաչիկյանը: Նա ավելացրել է, որ մտահոգիչ է նաեւ, որ Սպիտակ տունն անընդհատ խուսափում է բացատրություն տալ, թե ինչո՞ւ պաշտոնաթող արեց նախկին դեսպան æոն Էվանսին:

Ռիչարդ Հոգլանդը դեռ ամռանը, սենատորների հարցերին պատասխանելիս ասել էր, որ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում կհետեւի Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը, այսինքն` ոչ ժխտել, եւ ոչ էլ պատշաճ կերպով ճանաչել 1915-ի իրադարձությունները: Ինչպես հայտնի է, ապրիլի 24-ի ամենամյա ուղերձներում Միացյալ Նահանգների նախագահները 1915թ. իրադարձությունները բնորոշում են «զանգվածային ջարդեր», «կոտորածներ», «բնաջնջում» եւ այլ ձեւակերպումներով, բայց ոչ «ցեղասպանություն» եզրով: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Բարբարա Բոքսերը, Լինքոլն Չաֆին, Ռասել Ֆեյնգոլդը, æոն Քերին եւ Փոլ Սարբանեսը դեռ հունիսի 28-ին Հոգլանդի հաստատմանը նվիրված լսումների շրջանակում հարցեր էին ուղղել նրան: Սենատորները դեսպանին խնդրել էին պարզաբանել Հայոց ցեղասպանության առնչությամբ Մ. Նահանգների քաղաքականությունը, եւ թե ինչ է հրահանգել իրեն պետքարտուղարությունը: 

«Պետքարտուղարությունն ինձ չի հրահանգել հատուկ հայտարարություններ անել կամ խուսափել նման հայտարարություններից Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, սակայն ինձ բավականաչափ տեղեկատվություն է տրամադրել նախագահի քաղաքականության մասին, որը ես, հաստատվելու դեպքում, ճշգրտորեն կներկայացնեմ»,- գրել է Հոգլանդը æոն Քերիին ուղղված պատասխան նամակում: Ի պատասխան Քերիի մեկ այլ հարցի, թե ինչու է ամերիկյան վարչակազմը խուսափում ճանաչել այդ հանցագործությունները որպես ցեղասպանություն, Հոգլանդը հայտարարել էր. «Մ. Նահանգները գտնում է, որ այդ սարսափելի իրադարձությունների սահմանումն այնքան վիթխարի նշանակություն ունի մարդկության համար, որ դա պետք է որոշվի ոչ թե քաղաքականության հիման վրա, այլ գիտնականների, քաղաքացիական առաջնորդների եւ հասարակությունների անկեղծ վերլուծության միջոցով»:

Հայաստանում ամերիկյան նոր դեսպանի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ չի գնահատվում հասարակական-քաղաքական ուժերի կողմից: Օրինակ` կա տեսակետ, որ ամերիկահայերը զուր են ընդդիմանում Հոգլանդի նշանակմանը, քանի որ, միեւնույն է, հենց նա է լինելու նոր դեսպանը, հետեւաբար արժե՞ այնպես անել, որ Հոգլանդը Երեւան գա հայերի հանդեպ ոչ այնքան լավ տրամադրություններով: Այդ նույն քաղաքական շրջանակները հարց են տալիս` իսկ եթե Հայաստանում Մեծ Բրիտանիայի կամ Իսրայելի դեսպաններն էլ չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը, ապա նրանց նշանակման դեմ նույնպե՞ս պետք է պայքարել:

Անցած տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, Էվանսին ետ կանչելու խոսակցություններին ի պատասխան , «ֆանտաստիկ դեսպան» որակումն էր տվել Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարին: Մարտի 7-ին Երեւանում հրավիրած ասուլիսում Բրայզան ասել էր, որ Էվանսին ետ կանչելու մասին տեղեկություններ չունի: «Նա ֆանտաստիկ դեսպան է: Նա, ինչպես մենք բոլորս, ծառայում ենք Մ. Նահանգների նախագահին: Որոշում կայացնելը նախագահի գործն է: Բայց ես ուզում եմ ասել, որ դեսպան Էվանսն այստեղ հիանալի թիմ է հավաքել»,- ասել էր Բրայզան:

Դեսպան Էվանսին ետ կանչելու մասին տեղեկությունները շրջանառվում էին 2005 թվականից: Ամերիկահայերի հետ Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպման ընթացքում` 2005թ. փետրվարի 19-ին, Էվանսը «ցեղասպանություն» էր որակել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Մեծ եղեռնը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-ասել էր նա՝ հավելելով, որ խորհրդակցել է Մ. Նահանգների պետքարտուղարության իրավաբանի հետ, որը հաստատել է, որ 1915թ. իրադարձությունները «ձեւակերպմամբ ցեղասպանություն էին»: Էվանսը նշել էր, որ չնայած ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները խուսափում են «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց, նրանցից ոչ ոք չի ժխտել այն»: Մյուս կողմից, դեսպանը նկատել էր, որ ամերիկացիներին հարիր չէ բառախաղով զբաղվել: «Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում... Մենք շատ սխալներ գործեցինք Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,- ասել էր Էվանսը:

Ընդամենը մի քանի օր անց, արդեն Երեւանում, Էվանսը սրբագրեց իր խոսքերը՝ ասելով. «Չնայած ես նշել եմ, որ Մ. Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ անձնական տեսակետը: Սա, թերեւս, տեղին չէր»: Հայտարարության վերջում դեսպան Էվանսը «խոր ափսոսանք էր հայտնել իր մեկնաբանությունների արդյունքում ձեւավորված թյուրըմբռնումների համար»:

Էվանսի հայտարարություններից հետո Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան որոշեց Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի խիզախությունը գնահատել եւ նրան շնորհել «Քրիսթիան Ա. Հերթեր» կամ «Կառուցողական այլախոհ» մրցանակը: Սակայն կարճ ժամանակ անց ասոցիացիան վերանայեց իր որոշումը եւ Էվանսին զրկեց մրցանակից, որը շնորհվում է ամերիկացի այն պաշտոնյաներին, ովքեր արտահայտում են ամերիկյան քաղաքականությունից տարբերվող տեսակետ: 2005թ. հունիսի 9-ին հեղինակավոր «Washington Post»-ը բացահայտեց, որ Էվանսը մրցանակից զրկվել է «Պետքարտուղարության շատ լուրջ անձանց ճնշման տակ»:

Մի քանի օր առաջ «Լոս Անջելես Թայմս» թերթին տված հարցազրույցում æոն Էվանսը հայտնել է, որ իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «լեզվի սայթաքում չէր»: «Գալիս է ժամանակը, երբ պետք է իրերն իրենց անունով կոչել»,- ասել է Էվանսը: Նրա խոսքերով` արդեն 2005 թվականի հուլիսին միանգամայն պարզ էր, որ իրեն դուրս են մղելու: «Լոս Անջելես Թայմս»֊-ը հունվարի 7-ի իր համարում հաստատել է, որ Էվանսը պաշտոնապես հեռացվել է Մ. Ն֊ահանգների պետքարտուղարությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter