Քասախը նոր մշակույթի տուն կունենա, հաջորդ տարի` նաեւ նոր դպրոց
«Մեր գյուղը այն բարեկեցիկ բնակավայրերից է, որտեղ ոչ միայն փոսեր չկան, այլեւ ամեն առավոտյան գյուղի փողոցներն ավլում են»,- ասում է Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը: Այս հանգամանքը գուցե պայմանավորված է նրանով, որ 5500 բնակչություն ունեցող Քասախը ավելի մոտ է Երեւանին, եւ բնակչության կապը ավելի սերտ է մայրաքաղաքի, քան Կոտայքի մարզի հետ, որի տարածքում է գտնվում գյուղը:
Համայնքապետ Ա. Մկրտչյանը հպարտորեն խոստովանում է, որ իրենք կարողանում են կյանքի կոչել համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագիրը, որը գյուղի առաջնահերթ խնդիրները ներկայացնող եւ դրանց լուծման ուղիները մատնանշող փաստաթուղթն է: Բոլոր ոլորտներում աշխատանքներ են կատարվել: Համայնքապետարանից ոչ հեռու նորակառույց շինությունն է անմիջապես աչքի ընկնում:
Համայնքի եւ Հայաստանի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված մշակույթի տունն է, որն արդեն ավարտման փուլում է: Այնտեղ կտեղավորվի նաեւ արվեստի դպրոցը: Դպրոցաշինության ոլորտում նույնպես դրական տեղաշարժ կա համայնքում. արդեն իսկ մեկնարկել են դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները: Գյուղի միջնակարգ դպրոցներից մեկը, որ հարմարեցված էր նախկին մանկապարտեզի վթարային շենքում, 2012 թ. ուսուցումը կկազմակերպի նորակառույց շենքում:
Գյուղատնտեսության ոլորտում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի աջակցությամբ միաժամանակ 4 ջրագիծ են կառուցել, որոնց շնորհիվ համայնքում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարման մակարդակը: Այս աշխատանքները նույնպես ավարտական փուլում են: Քասախը ջուր ունի, բայց ամեն տարի կամ երկու տարին մեկ ցանցերը նորոգում են եւ ոռոգման համակարգ տեղադրում: Համայնքում ջրագծերը նորմալ են գործում, որը Արա Մկրտչյանը բացատրում է 2-3 տարին մեկ կատարվող վերանորոգման աշխատանքներով:
Խնդիրն այստեղ ոռոգման ընթացքի կազմակերպումն է, որում, համայնքապետի կարծիքով, թերանում են այն ընկերությունները, որոնք կոչված են իրականացնելու այդ աշխատանքները: ՋՕ-ները չեն կարողանում ջրամատակարարման աշխատանքները կազմակերպել, որի պատճառը, ըստ համայքնապետի, թե մեթոդների բացակայությունն է, թե աշխատողների անբավարար թիվը, եւ թե ոռոգման կանոնները չպահպանելը:
«Այստեղ ես կառաջարկեի աշխատանքներին ներգրավել լավատեղյակ մասնագետների, որպեսզի նրանք զարգացման նորմալ ծրագիր կազմեին: Սա բոլոր համայնքների ցավոտ խնդիրն է, որովհետեւ ժամանակին ամբողջ հողատարածքների վրա եղել է 5-10 ջրվոր, իսկ այսօր՝ 1000-2000 ջրվոր: Իսկ այդ 1000-2000 ջրվորին որպեսզի ջուր մատակարարվի, անհրաժեշտ է չափազանց մեծ գրաֆիկական աշխատանք եւ նորմալ գիտելիքներ, նորմալ մեթոդիկա»,- ասում է համայնքապետը:
Քասախում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած փախստականները, որոնք տեղավորվել են նախկին ուղղիչ աշխատանքային հիմնարկության տարածքի շենքերում: Նրանք ունեն բնակարանային խնդիր: Անցյալ տարի 20 բնակարան կառուցվել է ՄԱԿ-ի ծրագրով` Ճապոնիայի կառավարության նվիրաբերած գումարներով (փախստականների համար նախատեսված այս սոցիալական տանը «Հետքն» արդեն անդրադարձել է): 22 բնակարան էլ այս տարի են կառուցել` «Փրկեք երեխաներին» կազմակերպության միջոցներով:
«Կարիքավոր ընտանիքները, որոնք գաղութի տարածքում էին ապրում, մոտ օրերս կտեղափոխվեն նորմալ, լավ հարմարեցված, ժամանակակից բնակարան»,- վստահեցնում է Քասախի համայնքապետը եւ հավելում, որ մինչեւ հոկտեմբերի 15-ը բնակարանամուտը կկայանա կառուցված առաջին շենքում, ավելի ուշ` մյուսում:
Արա Մկրտչյանն ասում է, որ դեռեւս չլուծված խնդիրներից է համայնքի տարեցների համար ժամանցի վայրի կառուցումը: Եվս մեկ բազմաբնակարան շենք վթարային է 1988 թ.-ից, որի մի մուտքի բնակիչներն ապրում են համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքում: «Համապատասխան գերատեսչություններին տեղեկացրել ենք եւ վերջերս քաղաքաշինության նախարարությունից պատասխան ստացանք, որ 2012 թ., բավարար միջոցներ լինելու դեպքում, շենքի ամրացման աշխատանքներ կկատարեն»,- տեղեկացնում է համայնքի ղեկավարը:
Համայնքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված եւ վերը թվարկված բոլոր նախագծերը համաֆինանսավորմամբ են իրականացվում, համայնքապետարանը ներդրումներ կատարում է՝ ինչքան կարողանում է, մի ծրագրում` 10, մյուսում` 50%: Մսուր-մանկապարտեզում ջեռուցման համակարգի անցկացմանն, օրինակ, 50% ներդրումով են մասնակցել: Անցյալ տարի 15%-ով ֆինանսավորել են պոլիկլինիկայի բարեկարգման աշխատանքները:
Այն այժմ արդիականացված եւ նորմալ վիճակում է: Մանկապարտեզ հաճախող այն երեխաների համար, որոնք նախադպրոցական տարիքում են, եւ որոնց ընտանիքներն ի վիճակի չեն վճարումներ կատարելու, համայնքապետարանը նոր խումբ է բացել, որպեսզի այդ երեխաներին 2-3 ամիս նախապատրաստեն դպրոց հաճախելուն: Ունեն նաեւ համակարգչային դասընթացների գործող խումբ. գյուղի բոլոր բնակիչները, առանց տարիքային սահմանափակման, եթե ցանկություն ունեն, անցնում են համակարգչային դասընթացներ:
Գյուղի հրապարակը` նոր մայթերով ու ծաղկանոցներով, նույնպես համայնքապետարանի աշխատանքն է: Քասախի փողոցները հիմնականում լուսավորված են, համայնքի ղեկավարը հայտնեց, որ հեռավոր թաղամասերի փողոցների լուսավորության աշխատանքներն ընթացքի մեջ են:
Արա Մկրտչյանը վստահեցնում է, որ համայնքապետարանի կապը համայնքի հետ պահպանվում է: Համայնքապետարանի հայտարարությունների ցուցատախտակը դատարկ չէ: Համայնքապետն ասում է, որ քաղաքացիները եւ համայնքի ղեկավարին, եւ ավագանու անդամներին դիմում են ցանկացած պահի:
Ա. Մկրտչյանի ասելով՝ նույնիսկ դեպք է լինում, երբ թաղամասի կամ մուտքի բնակիչը իր ավագանուն է տալիս նամակը, որն իրենք քննարկում են համայնքապետարանում: Քասախի համայնքապետարանը նոր կայք է գործարկել, միացել են նաեւ էլեկտրոնային կառավարմանը: Համայնքապետը նշում է, որ էլեկտրոնային կառավարման եղանակը շատ օգտակար է իրենց համար, քանի որ մարզպետարանը շուրջ 60 կմ հեռու է Քասախից, մայրաքաղաքի հետ նույնպես աշխատում են էլեկտրոնային տարբերակով:
«Աշխատում ենք հետ չմնալ, որովհետեւ եւ արագության, եւ որակի տեսակետից շատ հարմար է, ժամանակի վատնում չի լինում»,- ասում է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել