
ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը՝ վճարիր, որ ստուգեմ
Հայաստանում հարկային ստուգումները կդառնան վճարովի ծաառայություն: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն նախաձեռնել է այլընտրանքային ստուգումների մասին օրենքի նախագիծ, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստում:
Ըստ այդմ՝ տնտեսվարողները կարող են արտահերթ ստուգման կամ վերստուգման հայտ ներկայացնել հարկային մարմիններին, սակայն դա կդիտարկվի որպես ծառայություն ու կիրականացվի վճարովի հիմունքներով: Առաջարկվում է վճարը սահմանել 10 մլն դրամ, հետևաբար՝ սա մի ծառայություն է, որ հասու կլինի միայն խոշոր տնտեսվարողներին: Գումարները պետք է փոխանցվեն ՊԵԿ-ի արտաբյուջետային հաշիվներին (զարգացման ֆոնդին):
Հատկանշական է, որ Էկոնոմիկայի և Արդարադատության նախարարությունները բացասական կարծիք են տվել այս նախաձեռնությանը: Իսկ Ֆինանսների նախարարության եզրակացության մեջ նշվել է, որ սա բացասական ազդեցություն կթողնի պետական բյուջեի եկամուտների վրա:
Ու թեև երեք առանցքային նախարարությունների նման բացասական կարծիքին՝ կառավարությունը որոշել է ընդառաջ գնալ ՊԵԿ-ին: Ավելին՝ Էկոնոմիկայի նախարարության եզրակացության մեջ նշվել է, որ պետական մարմնի կողմից այլընտրանքային ստուգումների անցկացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ հարկ վճարողներն կազատվեն օրենքով նախատեսված տույժերից ու տուգանքներից : Իսկ 10 մլն դրամ շեմի սահմանումը պարզապես անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում փոքր ու խոշոր բիզնեսի միջև:
Աարդարադատության նախարարությունը ևս մատնանշել է, որ ներկայացվող նախագիծն անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը կարող է հանգեցնել որոշ չարաշահումների: Ընդհանուր առմամբ՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություներն այն կարծիքին են, որ այլընտրանքային ստուգումները պետք է թողնվեն աուդիտորական կազմակերպություններին, ինչպես Վրաստանում են անում:
Վրաստանում այլընտրանքային հարկային ստուգումներ իրականացնելու իրավասությունը տրամադրված է աուդիտորական կազմակերպություններին, որոնք դասակարգված են «A», «B» և «C» խմբերում: «C» խմբի աուդիտորական կազմակերպություններն իրավասու են իրականացնել այլընտրանքային հարկային ստուգումներ ավելի փոքր շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ, քան «B» խմբի աուդիտորական կազմակերպությունները: Իսկ «A» խմբի աուդիտորական կազմակերպությունները կարող են իրականացնել այլընտրանքային հարկային ստուգումներ ցանկացած շրջանառություն ունեցող հարկ վճարողի մոտ:
Այս կերպ հարկ վճարողը շարունակում է մնալ հարկային մարմնի հսկողության ներքո, սակայն հարկային մարմինների հետ աշխատելու իր պարտականությունը փոխանցում է այն աուդիտորական կազմակերպությանը, որն իր մոտ իրականացրել է այլընտրանքային հարկային ստուգում: Սա նաև միջազգային պրակտիկայում տարածված է՝ աուդիտորական կազմակերպությունը որոշակի վճարի դիմաց ամբողջովին իր վրա է վերցնում հարկային մարմնի հետ փոխհարաբերությունների կարգավորումը:
Մեր ՊԵԿ-ի կողմից առաջարկած տարբերակն ուղղակի աննախադեպ է՝ հարկային մարմինն իր վրա է վերցնում աուդիտորական կազմակերպության գործառույթ, ու դրա համար տնտեսվարողին առաջարկում որոշակի արտոնություններ (տնտեսվարողին ազատում են տույժից ու տուգանքից):
Սա ոչ այլ ինչ է, քան կաշառքի օրինականացման փորձ: ՊԵԿ-ի նախաձեռնությունը նաև այլ հեռահար նպատակ է հետապնդում: Եթե այս օրենքն ընդունվի, ապա աուդիտորական կազմակերպությունները դաշտից դուրս կմղվեն, հաջորդ քայլը կլինի պարտադիր աուդիտից հրաժարումը: Սա այն դեպքում, որ նախորդ կառավարությունը նպատակաուղղված ձգտում էր ուժեղացնել աուդիտորական ինստիտուտը Հայաստանում:
Կառավարության շտապողականությունն այս հարցում փոքր-ինչ տարօրինակ է: Եթե Ֆինանսների նախարարությունը զգուշացնում է պետեկամուտների վրա բացասական ազդեցության մասին, ապա ինչո՞ւ չսպասել նոր նախարարի նշանակմանն ու կարծիքին: Չէ՞ որ պետեկամուտների կատարողականը ողջ կառավարության պատասխանատվության հարց է, ոչ միայն 1-2 գերատեսչության:
Հարկերի հավաքագրման ներկայիս տարեկան պլանը բավական լարված գրաֆիկ ունի, ու ում էլ նշանակեն ֆինանսների նախարար՝ հազիվ թե ոգևորվի ՊԵԿ-ի նոր նախաձեռնությամբ: Հավանաբար հենց այս հանգաամանքն էլ հաշվի են առել՝ օրենքի նախագիծը առաջ մղել, քանի դեռ ֆինանսների նոր նախարարը այն բլոկադայի չի ենթարկել:
Նշենք սակայն, որ ֆինանսների նախարարի ներկայիս պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը կառավարության ապրիլի 23-ի նիստում համարձակություն ունեցավ և վարչապետից 2 օր ժամանակ վերցրեց՝ լրացուցիչ քննարկումների համար, ինչն ակնհայտ հարուցեց ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի դժգոհությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել